Ազգային ժողովը սկսել է քննարկել խաղային ոլորտի հարկերը բարձրացնող օրինագիծը: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի նախաձեռնությունն է, ի սկզբանե նա առաջարկում էր խաղային ոլորտի արդեն գործող հարկերին և տուրքերին ավելացնել նաև շրջանառության 10 տոկոսի չափով հարկ, սակայն վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի ունեցած քննարկումից հետո որոշվել է կրկնապատկել արդեն գործող տուրքը:
Խաղային բիզնեսն այժմ վճարում է շահութահարկ և երկու տիպի տուրք: Տուրքերից մեկը գործունեության լիցենզիայի համար է՝ տարեկան անփոփոխ 600 միլիոն դրամ է, իսկ մյուս տուրքը հաստատուն գումար չէ, կապված է խաղադրույքների ծավալի հետ՝ որքան շատ են խաղադրույքները, այնքան մեծ է ստացվում նաև տուրքը: Ահա օրինագծով առաջարկվում է կրկնապատկել խաղադրույքների ծավալի հետ կապված տուրքը և լրացուցիչ մոտ 13 միլիարդ դրամ մուտքագրել պետական բյուջե:
Օրինագծի հեղինակը վիճակագրություն է բերում՝ վերջին տարիներին ոլորտի շրջանառությունն աճել է անգամներով, իսկ դրա համեմատությամբ հարկերի համամասնությունը նվազել է:
«Այսինքն, երբ նայում ենք հարկերի տեսակարար կշիռը ծավալում, տեսնում ենք, որ 2010 թվականին տեսակարար կշիռը հարկերի 7.2 տոկոս էր, մինչդեռ 2023 թվականին տեսակարար կշիռը իջել է և հասել 0.4 տոկոսի», - հայտարարեց Հայկ Սարգսյանը:
Տնտեսական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը, սակայն, այլ գրաֆիկներ է ներկայացնում: Նրա խոսքով՝ խաղային ոլորտի հարկերն ու տուրքերը վերջին տարիներին համամասնորեն աճել են, այլ ոչ նվազել. եթե հաշվարկը կատարվի ոչ թե ոլորտում պտտվող գումարների ծավալի համեմատությամբ, այլ խաղադրույքի և վճարված շահումի տարբերությամբ, որը հենց ընկերությունների հասույթն է, ապա պատկերն այլ կլինի: Իսկ խաղային ընկերությունների հասույթը 2024 թվականին կազմել է ոչ թե 7 տրիլիոն կամ 700 միլիարդ դրամ, ինչպես երևում է օրինագիծը ներկայացրած Հայկ Սարգսյանի հաշվարկներում, այլ մոտ 134 միլիարդ դրամ:
Բայց այստեղ մի մեծ խնդիր կա. պետությունը փաստացի չունի անկախ տեղեկություն, թե որքան է կազմում խաղային ոլորտի հասույթը, այսինքն՝ ստացված խաղադրույքների և դրանցից որպես շահում վերադարձված գումարի տարբերությունը: Այս հարցում պետությունը հիմնվում է խաղային ընկերությունների տրամադրած տվյալների վրա, ինչը, սակայն, ըստ իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանի, կարող է չարտահայտել օբյեկտիվ իրականությունը: Այս հարցը լուծելու համար մեկ այլ՝ արդեն ուժի մեջ մտած օրենքով նախատեսվում է ստեղծել խաղային օպերատոր, որը պետք է տեսնի խաղային ընկերությունների ֆինանսական մուտքերն ու ելքերը, սակայն այդ օպերատորը դեռ չի էլ ստեղծվել:
«Պետական եկամուտների կոմիտեն ի գիտություն է ընդունում ընկերությունների կողմից ներկայացված թվերը և իր հարկումը և տուրքերի կիրառումը կատարում է ըստ դրա, ինչը ընդհանրապես անտրամաբանական է, դա չենք անում մենք մյուս ոլորտների համար», - ընդգծեց Սարգսյանը՝ հավելելով. - «Մենք դա չենք անում գործունեության մյուս տեսակների վրա, որոնք բարիք են ստեղծում, սակայն չգիտես ինչու այդպես ենք վարվում այս գործունեության հետ, որը չարիք է մեր երկրում»:
Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունից Թադևոս Ավետիսյանը մեղադրեց տնտեսական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանին խաղային ընկերություններին պաշտպանելու համար, նաև տարակուսեց՝ բարիք ստեղծող բիզնեսի շրջանառության հարկն են ավելացնում և ստիպում ամեն ասեղը գույքագրել, իսկ խաղային բիզնեսի ներկայացրած թվերին անվերապահ հավատում են:
«Փոքր բիզնեսը վճարում է շրջանառության հարկ մեր երկրում 10 տոկոս, խաղամոլության ոլորտը՝ 7.2 տոկոսից իր շրջանառության հարկը նվազեցրել է և հասցրել 0.4 տոկոսի, այսինքն՝ 25 անգամ ավելի պակաս: Պետությունը ընդհանրապես ասում ենք չի կարողանում և չի վերահսկում խաղամոլության ոլորտը, չգիտի դրա շրջանառության մասին, որովհետև չունի անհրաժեշտ գործիքակազմ, իրենք էլ ինչ ուզում նկարում են, ոնց ուզում հարկվում են, որքան ուզում հարկվում են: Մի քիչ դժվար է պատկերացնել, որ այստեղ ուզում ենք՝ որպես պետություն, որովհետև գերբ ու դրոշ ունենք, բայց չենք կարողանում: Իրական պատճառը որն է, չգիտեմ», - հայտարարեց Ավետիսյանը:
Իշխանական պատգամավոր Թունյանն արձագանքեց՝ որևէ ընկերության շահ չի պաշտպանում, այլ տրամաբանական հարցեր է բարձրացնում, իսկ ոլորոտում անզգույշ քայլերը կարող են ոչ թե խաղամոլությունը պակասեցնել կամ պետական բյուջեն ավելացնել, այլ մեծացնել ստվերն ու խթանել ապօրինի ընկերությունների գործունեությունը:
Հայաստանում 2024 թվականին մոտավորապես 700 միլիարդ դրամի կամ 1.8 միլարդ դոլարի խաղադրույք է կատարվել: Սա ավելին է, քան պետությունը բյուջով հատկացրել է Հայաստանի պաշտպանության ոլորտին կամ ծախսել է կրթության և առողջապահության վրա միասին վերցրած: