Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս տարբեր հարթակներով ազդարարեց 2021-ին իրենց սահմանած տնտեսական նպատակներից մեկի իրագործման մասին, բայց ոչ մի բառ չհնչեց նույն 2021-ին ամրագրված, սակայն մինչ այս պահը կյանքի չկոչված սոցիալական ու տնտեսական առանցքային այլ նպատակների ու խոստումների վերաբերյալ:
«Դուք հիշում եք, իհարկե, որ 2021 թվականի խորհրդարանական ընտրություններում մենք մեր սահմանած նպատակադրումը եղել է տարեկան միջինում 7 տոկոս տնտեսական աճ ապահովելը, նպատակային ցուցանիշը՝ տարեկան միջին 7 տոկոս տնտեսական աճ ապահովված է», - ասել է վարչապետը:
Ի՞նչ կա կառավարություն հնգամյա ծրագրում, և ինչի՞ մասին չեն խոսում գործադիրի նիստերին:
Գործազրկություն
Ազգային ժողովի ամբիոնից կառավարության ծրագրի ներկայացումից արդեն ավելի քան 3.5 տարի է անցել, ու չնայած իշխանությունները պարբերաբար աշխատատեղերի թվի մասին հայտարարություններ են անում, բայց գործազրկության մակարդակը սահմանված 10 տոկոս շեմից նվազեցնել առայժմ չի ստացվել: Երկրի տնտեսական կյանքը բնութագրող այս կարևոր ցուցանիշը 2021-ին 15.5 տոկոս էր կազմել, այս պահին առկա ամենաթարմ տվյալները 2024-ի 3-րդ եռամսյակն են ամփոփում, գործազրկության մակարդակը 13.3 տոկոս է: Կառավարությունն իր սահմանած նպատակն ու խոստումը կատարելու համար ևս 1.5 տարի ժամանակ ունի, բայց վերջին միտումներով գործազուրկների թիվն, ընդհակառակը, մեծանում է՝ 2023-ի երրորդ եռամսյակում Հայաստանում գործազուրկ էր 167 հազար մարդ, անցած տարվա նույն ժամանակահատվածում՝ շուրջ 186 հազար:
Պաշտոնապես գործազուրկ են համարվում այն մարդիկ, որոնք հետազոտություններին նախորդող ամսվա ընթացքում ակտիվորեն աշխատանք են փնտրել ու պատրաստակամ են եղել անմիջապես գործի անցնել:
Աղքատություն
Հնգամյա ծրագրում կառավարությունը աղքատությունը կրկնակի կրճատելու մասին է նշել: 2021-ին աղքատության մակարդակը պաշտոնապես 26.5 տոկոս էր: Քաղաքացիների սոցիալական վիճակը բնութագրող տվյալը համեմատաբար ուշ են ամփոփում: Վիճակագրական կոմիտեն ներկայացրել է 2023 թվականի թվերը, աղքատության մակարդակը 23.7 տոկոս է, այսինքն՝ շուրջ 700 հազար մարդ այդ տարի 53 հազար 590 դրամից պակաս ապրանք է սպառել:
Աղքատությունը կրկնակի նվազեցնելու դեպքում 2026-ին այս ցուցանիշը 13.5 տոկոսից էլ ցածր պետք է լինի: Նույն տեմպերով սա իրագործելը գործնականում անհնար է:
2021-ին գործադիրը հայտարարել է հինգ տարվա ընթացում այն ժամանակ 1.5 տոկոս կազմող ծայրահեղ աղքատությունը վերացնելու մասին: Հրապարակված վերջին թվերով այն 1.1 տոկոս է կազմում, ավելի քան 30 հազար մարդ բավարար մթերք ձեռք բերել չի կարողանում՝ թերսնված է, ամսական 29 հազար 786 դրամից էլ քիչ է ծախսում:
Նվազագույն աշխատավարձ
Հնգամյա ծրագրի թիրախներից մեկ ուրիշը նվազագույն աշխատավարձի մասին է՝ մինչ 2026-ը այն սահմանել 85 հազար դրամ: Անցնող տարիներին այն մեկ անգամ ավելացել է և այժմ 75 հազար դրամ է կազմում: Խոստումը կատարելու համար մինչ հաջորդ խորհրդարանական ընտրությունները՝ առաջիկա 1.5 տարում, կառավարությունը նվազագույն աշխատավարձը պետք է ևս 10 հազար դրամով ավելացնի:
Կենսաթոշակներ
Հնգամյա ծրագրում խոսք կա նաև կենսաթոշակների մասին: 2021-ին կառավարությունը հայտարարել է մինչ 2026 թվականը միջին կենսաթոշակը սպառողական զամբյուղին հավասարեցնելու մասին: Հայաստանի շուրջ կես միլիոն կենսաթոշակառուները այժմ միջինը 49 հազար դրամ են ստանում:
Նվազագույն սպառողական զամբյուղի վերաբերյալ երկու վիճակագրություն է վարվում՝ մեկն՝ ըստ Համաշխարհային բանկի մեթոդաբանության, մյուսն՝ ըստ Առողջապահության նախարարության տվյալների: Առաջին հաշվարկով 2024-ի վերջին եռամսյակում այն 61 հազար դրամ է կազմել: Այս տարի ավելացումներ չեն սպասվում: Եթե նույնիսկ զամբյուղի արժեքը չմեծանա, խոստումը կատարելու համար 2026-ին կառավարությունը միջին կենսաթոշակը պետք է ավելացնի միանգամից 12 հազար դրամով:
Մյուս վիճակագրությամբ նվազագույն սպառողական զամբյուղը շուրջ 76 հազար դրամ է կազմել, այս տարբերակով հաշվելու դեպքում միանգամից մոտ 25 հազար դրամի ավելացում է պետք:
Այս պահի դրությամբ չի ապահովվում նաև տնտեսության համար անհրաժեշտ ներդրումների ծավալը: 2021-ին կառավարությունը հայտարարել է ներդրում/ՀՆԱ հարաբերակցությունն առվազն 25 տոկոսի հասցնելու մասին: ՀՆԱ-ի զեկույցում ներդրումների ծավալը ցույց է տալիս համախառն կուտակման տվյալը: Տնտեսական այս առանցքային ցուցանիշը ներկայացնում է, թե ծախսերին զուգահեռ ամբողջ երկրի մասշտաբով եկամուտների որ մասն է կուտակվում, ուղղվում ներդրումներին: 2024-ին, նախնական տվյալներով, այս ցուցանիշը 22.2 տոկոս է կազմել: Ներկայիս փոխարժեքով անցած տարի Հայաստանում կուտակվել է 5.6 միլիարդ դոլար, ՀՆԱ-ի առյուծի բաժինը՝ ավելի քան 19 միլիարդ դոլար, պարզապես ծախսվել է: