Մատչելիության հղումներ

«Աղքատությունը նրանց համար պետական մակարդակով դարձրել ենք մտածողություն». Փաշինյան


Կառավարության ծրագրի կատարողականի վերաբերյալ մեկ ժամ տևած այսօրվա ելույթում վարչապետ Փաշինյանը ոչ մի բառ չասաց մինչ այս պահը թղթի վրա մնացած իր թիմի տնտեսական նպատակների ու խոստումների մասին: Վարչապետը ոչ սահմանված շեմը գերազանցող գործազրկության մակարդակը հիշատակեց, ոչ 20 տոկոսից ավելի աղքատությունը, ոչ էլ այս պահին 75 հազար դրամ կազմող նվազագույն աշխատավարձից խոսեց, որը կառավարության ծրագրով մինչև 2026 թվականը պետք է 85 հազար դրամի հասնի: Փաշինյանը չանդրադարձավ նաև փաստին, որ տնտեսության համար անհրաժեշտ ներդրումների ծավալը չի ապահովվում:

Ելույթի հիմնական թեզը 2018-ից հետո պետբյուջեի մուտքերի ավելացումն էր, վարչապետը սա թալանածը վերադարձնելու պայքարի արդյունք ներկայացրեց՝ հակասելով վերլուծաբանների գնահատականներին, որ վերջին տարիներին հարկային մուտքերի զգալի ավելացումը ոչ թե պաշտոնյաների աշխատանքի արդյունքն է, այլ ռուս-ուկրաինական պատերազմի և Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցների անուղղակի ազդեցություն:

Ի՞նչպես են ծախսվել վերջին տարիներին պետական միջոցները. վարչապետն առաջին հերթին կենսաթոշակների ավելացումը մատնանշեց: Հայաստանի շուրջ կես միլիոն կենսաթոշակառուներն այժմ միջինը 49 հազար դրամ են ստանում: 2021-ին ընդունված հնգամյա ծրագրով գործադիրը մինչ 2026-ը միջին կենսաթոշակը սպառողական զամբյուղին հավասարեցնելու մասին է հայտարարել: Սպառողական զամբյուղի վերաբերյալ երկու վիճակագրություն է վարվում՝ դրամային արտահայտությամբ փոքրը Համաշխարհային բանկի մեթոդաբանությամբ հաշվարկն է, 2024-ի վերջին եռամսյակում այն 61 հազար դրամ է կազմել: Այս տարի կենսաթոշակների ավելացումներ չեն սպասվում, և եթե նույնիսկ զամբյուղի արժեքը չմեծանա, խոստումը կատարելու համար հաջորդ տարի կառավարությունը միջին կենսաթոշակը պետք է ավելացնի միանգամից 12 հազար դրամով, ինչը գործնականում գրեթե անհնար է:



«Պետք է հաշվի առնել, որ վերը նշված գումարը բաշխվել է անընդհատ ավելացող թոշակառուների միջև, իսկ 2018 թվականից մինչև այս պահը մեր սիրելի թոշակառուների թիվն ավելացել է 125 հազար դրամով», - նշեց նա:

Կա՞ն ընտանիքներ, որոնք այս պահին հացի խնդիր ունեն, հարցրեց Փաշինյանն, ու ինքն էլ տվեց պատասխանը՝ այո կան, ու դարձյալ, ըստ էության, կրկնեց այն թեզը, որ աղքատությունը հաղթահարելու համար պետք է աշխատել. «Մենք ընդամենը 10 տարի նվաստացրել ենք այդ մարդկանց, իրենց դարձրել ենք կախյալ և աղքատությունը նրանց համար պետական մակարդակով դարձրել ենք մտածողություն, ապրելակերպ, հոգեբանություն»:



Աշխատաշուկայի և առհասարակ տնտեսության գլխավոր ցուցանիշներից մեկը գործազրության մակարդակն է, հնագմյա ծրագրով կառավարությունը նպատակ է սահմանել այն 10 տոկոսից նվազեցնել: Այս կառավարության գործունեության ավարտին 1.5 տարի է մնացել, գործազրկության մակարդակը, սակայն, այս շեմից նվազեցնել չի հաջողվել: 2024-ի երրորդ եռամսյակում գործազրկության մակարդակը 13.3 տոկոս է կազմել, վերջին միտումներով գործազուրկների թիվը մեծանում է:

Աղքատությանն էլ անդրադարձ կար, բայց մի փոքր այլ կոնտեքստով՝ համեմված ուտելիքի շուրջ համեմատականներով:

Խոսք չեղավ այն մասին, որ կառավարության ծրագրում իր թիմը աղքատությունը կրկնակի կրճատելու մասին է գրել: Այս նպատակից իրագործումից գործադիրն առայժմ շատ հեռու է. 2021-ին աղքատության մակարդակը պաշտոնապես 26.5 տոկոս էր, հրապարկված վերջին տվյալները 2023-ն են ամփոփում՝ 23.7 տոկոս: Պաշտոնական թվերը վկայում են, որ 2023-ին շուրջ 700 հազար մարդ ամսական 53 հազար 590 դրամից պակաս ապրանք է սպառել:

«Պետական ու համայնքային բյուջեների մեծությունն ու չափն են արտահայտում յուրաքանչյուր քաղաքացու բարեկեցության աստիճանը: Բյուջեով է որոշվում, ասա՝ երկրիդ բյուջեն ինչքան է, ասեմ՝ ոնց ես ապրում դու», - նշեց Նիկոլ Փաշինյանը:

Արդյոք քաղաքացիները բավարար սնունդ են ստանում, որպեսզի բավարար էներգիա ունենան ու հիանան լավ ճանապարհներով ու պուրակներով: 2023-ն ամփոփող պաշտոնական վիճակագրությունը փաստում է՝ բնակչության ավելի քան 10 տոկոսի սննդակարգում գերակշռում են հացն ու կարտոֆիլը: Բնակչության ամենաաղքատ՝ 20 տոկոսը ամսական միջինը 1.33 կիլոգրամ միս կամ մսամթերք է սպառում, փոխարենը՝ մոտ 9 կիլոգրամ հաց:


XS
SM
MD
LG