«Քիթդ միշտ բարձր, Հայաստան ջան», - այս կոչով էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն օրերս Ֆեյսբուքում կիսվեց 2024 թվականի համախառն ներքին արդյունքի նախնական տվյալների գծապատկերով ու գրեց.
«5.9 տոկոս տնտեսական աճ 2024-ին: 10 տրիլիոնի շեմն անցանք: Ուշադրություն դարձրեք, թե որտեղ էինք 2017-ին ու ինչպես տնտեսությունը չէր աճում 2013-2017 հատվածում»:
Բայց թե ինչ կա ու ինչ չկա դեպի վեր սլացող այս գծապատկերի հետևում, ինչ արդյունքներ են գրանցել տնտեսության տարբեր ճյուղերը ըստ վիճակագրական կոմիտեի, նախարարը չի անդրադարձել: Նույն զեկույցի ավելի մանրամասն տվյալները փաստում են՝ գիծը շատ այլ դեպքերում այդքան էլ սլացիկ չէ:
Ներկայիս փոխարժեքով անցած տարի համախառն ներքին արդյունքը մոտ 26 միլիարդ դոլար է կազմել: ՀՆԱ-ի տարեկան տվյալները ներկայացնում են ամբողջ տարվա ընթացքում արտադրված պատրաստի ապրանքների ու ծառայությունների ընդհանուր շուկայական արժեքը:
Ի՞նչ կա 5.9 տոկոսանոց աճի հետևում: Թվերի շատ պարզ համեմատությունը փաստում է՝ առևտուրը, ծառայություններն ու իրենց մասնաբաժինն ավելացնող այլ ճյուղերը գերակշիռ են դառնում Հայաստանի տնտեսությունում, իսկ բուն արտադրանք տվող ուղղությունների դերը տարեցտարի նվազում է:
Այսպես.
Գյուղատնտեսության, անտառային տնտեսության և ձկնորսության խմբում ընդհանուր ծավալը նախնական տվյալներով 2 միլիարդ դոլար է կազմել, ցուցանիշը 2023-ի համեմատ գրեթե անփոփոխ է: Ավելին՝ այս ոլորտների մասնաբաժինը տնտեսությունում շարունակում է նվազել . 2023-ին այս ճյուղերը միասին ՀՆԱ-ի 8.5 տոկոսն էին կազմում, 2024-ին՝ 7.9 տոկոսը: Վերջին տարիների տվյալները հենց վիճկոմի կայքում գծապատկերի ենք վերածում ու վեր խոյացող գծի փոխարեն շարունակվող անկում ենք տեսնում:
Հանքարդյունաբերության ոլորտի ցուցանիշը մոտ 740 միլիոն դոլար է, 2023-ի համեմատ տարբերությունը դարձյալ մեծ չէ: Ոլորտի մասնաբաժինը տնտեսությունում 2023-ի համեմատ անփոփոխ է՝ 2.9 տոկոս: Վիճկոմի կայքում վերածում ենք գծապատկերի ու տեսնում՝ 2021-ից հետո գիծը ցածրացել է:
Մշակող արդյունաբերություն. տնտեսության այս հիմնարար ուղղությունը՝ սննդից ու խմիչքից մինչև մետաղամշակում, 2024-ի ընթացքում նախնական տվյալներով մոտ 2.7 միլիարդ դոլարի արտադրանք է տվել, 2023-ին այդ ցուցանիշը 2.5 միլիարդ էր: Բացարձակ թվերը թեև աճում են, բայց անկյունաքարային ուղղության կշիռն ու դերը տնտեսությունում նվազում է: Անցած տարի մշակող արդյունաբերությունը համախառն ներքին արդյունքի 10.5 տոկոսն է ապահովել: Նույն եղանակով վիզուալ պատկերի ենք վերածում, 2020 թվականից հետո գիծն իջնում ու իջնում է:
Առողջապահության և բնակչության սոցիալական սպասարկման ծառայությունների ընդհանուր ծավալն անցած տարի մոտ 1.4 միլիարդ դոլար է կազմել՝ 2023-ի 1.3 միլիարդի դիմաց: Դարձյալ նույն պատկերը՝ թիվն աճել է, բայց տնտեսության մեջ ոլորտի մասնաբաժինը կրճատվել է՝ 2023-ի 5.6 տոկոսի դիմաց 5.2 տոկոս:
Նույնը կարելի է ասել նաև կրթության մասին: 2024-ին ընդհանուր մոտ 630 միլիոն դոլարի ծառայություն է մատուցվել : Կրթական ծախսերը թեև տարեցտարի ընդլայնվում են, բայց տնտեսությունում դրա դերը նույնպես նվազում է:
Իսկ ինչի՞ հաշվին է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հրապարակման մեջ գիծն այդպես վեր խոյանում.
Միանձնյա առաջատարը առևտրի ու ավտոմեքենաների նորոգման ճյուղն է, 2024-ին ընդհանուր ծավալը մոտ 3.5 միլիարդ դոլար է կազմել: Առևտուրը նորանոր ռեկորդներ է գրանցում: Անցած տարի այն ապահովել է ՀՆԱ-ի 13.6 տոկոսը:
Շարունակում է բարգավաճել նաև անշարժ գույքի ոլորտը՝ շրջանցելով գյուղատնտեսությանը այս արդեն երրորդ խոշոր բնագավառն է՝ 2.4 միլիարդ դոլար ցուցանիշով: Այս շուկան ապահովել է ՀՆԱ-ի 9.5 տոկոսը:
Գյուղատնտեսությունը թիկունքում են թողել նաև ֆինանսական ու ապահովագրական գործունեություն ծավալողները: Ընկերությունների բիզնես հաջողությունները շարունակվում են . նրանց ցուցանիշը 2.2 միլիարդ դոլար է կազմել կամ ՀՆԱ-ի 8.6 տոկոսը: Այսինքն՝ այս ոլորտներում ավելի շատ գումար է պտտվում, քան գոյանում է մի ամբողջ երկրի գյուղատնտեսությունում: Մեծ մասնաբաժին ունի նաև շինարարությունը, ոլորտի մասնաբաժինը ՀՆԱ-ում նույնպես մեծացել է:
Այս պատկերը հեռու է Կառավարության 2021-ին ընդունած հնագմյա ծրագրից: Թիրախ էին սահմանել՝ մշակող արյդունաբերության դերը ՀՆԱ-ում հասցնել առնվազն 15 տոկոսի: Ճյուղի մասնաբաժինն այնինչ տարեց տարի նվազում է՝ 2024-ին 10.5 տոկոս:
Գործող Կառավարությունը ևս մեկուկես տարի ժամանակ ունի: Դատելով իշխանությունների այս տարվա համար կանխատեսված 5.1 տոկոս տնտեսական աճից՝ հեռանկարին այլևս չեն հավատում: