Մեջբերումներ Լեոյից ու Սողոմոն Թեհլերյանից, անդրադարձ պատմությանը, Գյումրիի ընտրություններին, հղումներ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոստումներին ու Դաշնակցության շրջաբերականին. Ազգային ժողովում այսօր Կառավարության 2024 թվականի ծրագրի կատարումն էր քննարկվում, բայց փոխադարձ մեղադրանքների ու խայթոցների տեղատարափում այն երկրորդ պլան մղվեց:
«Մեջբերում Սոողոմոն Թեհլերյանից. - «Երբ վախկոտները դառնում են հերոսներ, իսկ հերոսները մոռացվում են, այդ ժամանակ աշխարհում տիրում է անբարոյականությունը: Մի հերոսացրեք նրան, ով անգամ չգիտի, թե ինչ է հայրենիքը», - հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը:
«Լավ է 004 շրջաբերականից մեջբերում չարեցիք», - հակադարձեց Ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը:
«Հայաստան» խմբակցության պատգամավորները մեղադրում էին Փաշինյանի իշխանությանը պարտության, 7 տարվա ընթացքում բոլոր ծրագրերը տապալելու, խոստումները չկատարելու, աղքատությունն ու պետական պարտքն ավելացնելու, տնտեսությունը թուլացնելու ու ընտրովի արդարադատության համար: Դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանն ու ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը, ով նաև Թուրքիայի հետ բանակցություններում Հայաստանի ներկայացուցիչն է, վեճի բռնվեցին:
«Հենց տեսնում եք, որ որևէ այլ բացատրություն չկա, էլի հիշում եք թալանները նախկինների: Բա ձեր թալանների մասի՞ն ով պիտի խոսի», - ասաց Մինասյանը:
«Այսինքն ընդունում եք, որ նախկինները թալանել են», - արձագանքեց Ռուբինյանը:
«Իհարկե նախկինում թալան է եղել, հիմա էլ է շարունակվում, հիմա էլ է շարունակվում», - պատասխանեց ընդդիմադիր պատգամավորը:
«Ա-հա՜, ա-հա՜», - ասաց ԱԺ փոխխոսնակը:
«Իսկ պարոն Ռուբինյան, դուք ավելի լավ է՝ 004 շրջաբերականի տալուց առաջ նախ ասեք՝ քանի՞ շրջաբերական ունենք, և դրանցից առաջ լավ կլինի ընդհանրապես ասեք՝ Քըլըչը ո՞նց է, ի՞նչ է ասում ձեզ, ձեր ականջին», - հայտարարեց Մինասյանը:
«Կասեմ», - պատասխանեց խորհրդարանի փոխխոսնակը: Ռուբինյանը իշխանության նկատմամբ քննադատությանն ի պատասխան մի քանի անգամ հիշեցրեց Դաշնակցության 004 շրջաբերականը, որում կետերից մեկը նշում էր, որ եթե Ռուսաստանի գլխավորությամբ նոր միություն ձևավորվի, ապա պետք է աշխատանք տանել, որպեսզի հավանական այդ միության ձևավորման դեպքում Արցախի ու Հայաստանի ճակատագրերը լուծվեն որպես մեկ ամբողջություն, և մեղադրեց Դաշնակցությանը Հայաստանի անկախության դեմ աշխատելու համար: Որպես օրինակ էլ բերեց Գյումրում այսօր ընդդիմության աջակցությամբ քաղաքապետ դարձած Վարդան Ղուկասյանին.- «Կոմունիստ հավատացյալ Վարդանիկը, և ես կարծում եմ, որ սա նոր խոսք է համաշխարհային քաղաքագիտության մեջ, հայտարարեց, որ ինքը կողմ է, որ Հայաստանը Բելառուսի օրինակով դառնա միութենական պետության մաս, ինչը, ի դեպ, Դաշնակցության 004 շրջաբերականի ուղիղ իրագործումն է: Ձեր ցավը տանեմ, ախր դուք կոալիցիայի մեջ եք եղել երիտթուրքերի հետ, դուք համագործակցել եք սուլթանի հետ, դուք համագործակցել եք հնչակների հետ, դուք համագործակցել եք կոմունիստների հետ, հանրապետականների հետ»:
Ընդդիմության մեղադրանքները վերաբերում էին ներկա վիճակին՝ թե՛ տնտեսական, թե՛ արտաքին քաղաքական դաշտում: «Հայաստան» խմբակցության դաշնակցական անդամները մեղադրում էին Փաշինյանին Ադրբեջանի շահերից բխող փաստաթուղթ բանակցելու համար:
«Դուք պարտվել եք և՛ դրսում, և՛ ներսում. ոստիկանական բռնապետությունը, համատարած ձախողումները, մեղավորներ նշանակելն ու հանրությանը համոզելը, թե պարտությունն ու կապիտուլյացիան են մեր գոյության գրավականը, այլևս չեն աշխատում», - պնդեց դաշնակցական Լիլիթ Գալստյանը:
Իշխանությունը հիմնականում պատասխանում էր անցյալին հղումներով ու նախկիններին հիշելով, ընդ որում՝ նախկինների փնտրտուքը չէր սահմանափակվում նախորդ տասնամյակներով և հաճախ հասնում էր մինչև 20-րդ դարի սկիզբ՝ Առաջին Հանրապետություն:
Հայկ Կոնջորյանը մեջբերեց պատմաբան Լեոյի՝ Դաշնակցության մասին հատվածը. - «Ստանալով երիտթուրքերից խոստում, թե առաջիկա պառլամենտական ընտրություններին դաշնակցականներին կտրվի 20 տեղ, այդ հայ հեղափոխական կուսակցությունը ստորագրում է դաշնակցային պայմանագրի այն հոդվածն էլ, որում ասում էր, թե Ադանայի արյունահեղությունը պիտի մոռացության մատնվի»:
«Հիմա, հարգելի գործընկերներ, եկել եք և ասում եք էստեղ, որ, մեզ մեղադրում եք տարատեսակ դժբախտությունների մեջ, ձեզ ներկայացնում եք որպես հայ ժողովրդի փրկիչներ: Սա է ձեր պատմությունը», - շարունակեց իշխանական պատգամավորը:
Չշրջանցվեցին նաև նույն դասարանում մնալու ու կրթվելու մասին վարչապետ Փաշինյանի հայտարարությունները:
«Վերջերս Կառավարության նիստում հայտարարեցիք, թե դուք և ողջ պետական համակարգը տգետ է և 7 տարի մնացել եք նույն դասարանում: Սա խիզախ խոստովանություն է, բայց ոչ ամբողջը: Դուք ոչ թե 7, այլ 110 տարով եք հետ գնացել», - ասաց Լիլիթ Գալստյանը:
Կոնջորյանը հակադարձեց, թե իշխանությունն ունի ինքնաքննադատություն, ինչը իրական խելքի նշան է, մինչդեռ ընդդիմությունն իր խնդիրները չի տեսնում. - «Այո, մենք կարող ենք կանգնել և ասել, որ մենք ինչ-որ բան չգիտենք, որովհետև մենք մեր չիմացությունը իմանալու համար անհրաժեշտ խելք ունեք: Իսկ դուք, այո, դուք կրթվելու էլ տեղ չունեք, որովհետև դուք ի սկզբանե կատարյալ «Ժիգուլի» եք, քաղաքական դինոզավր»:
Կառավարության ծրագրի կատարողականի քննարկումն այսօր չավարտվեց: