Մատչելիության հղումներ

Խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակը շարունակում է նվազել. ֆերմերները դժգոհում են


Մինչ կառավարությունը տարբեր առիթներով գյուղատնտեսության զարգացման ու աջակցության ծրագրերի մասին է հայտարարում, խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակը շարունակում է նվազել: Վիճակագրական կոմիտեի նախօրեին հրապարակած տվյալներով՝ այս տարվա սկզբին Հայաստանում շուրջ 476 հազար անասուն է հաշվառվել, մեկ տարի առաջ կենդանիների թիվն անցնում էր 490 հազարը:

Վերջին հինգ տարիներին անասունների գլխաքանակը կրճատվել է ավելի քան 22 տոկոսով: 2021-ին 613 հազար խոշոր եղջերավոր էր հաշվառվել:

Թվերը նվազում են գրեթե բոլոր մարզերում: Գեղարքունիքում շուրջ 72 հազար խոշոր եղջերավոր է հաշվառվել, 2024-ին թիվը 4000-ով ավելի մեծ էր, հինգ տարի առաջ ցուցանիշն անցնում էր հարյուր հազարը: Արագածոտնում 53 հազարն են հաշվառվել, 2000-ով պակաս, քան մեկ տարի առաջ: Հինգ տարիների ընթացքում մարզում կենդանիների թիվը նվազել է մոտ 20 հազարով:

Սյունիքում 5 տարի առաջ ավելի քան 23 հազար կով կար, հիմա 15 հազար 500-ի էլ չի հասնում:

Վերջին տարիներին «Ազատության» հետ զրույցներում անասնապահները շարունակական անկման տարբեր պատճառներ են թվարկել՝ Ադրբեջանի հետ սահմանային խնդիրների հետևանքով արոտավայրերի անհասանելիությունից մինչև ներքին շուկայական հարցեր ու ցածր եկամտաբերություն:

2021-ին Արմավիրում կովերն ավելի քան 17 հազարն էին, այժմ 14 500-ի էլ չեն հասնում: Մարզի Բերքաշատ գյուղում ընդարձակ հողատարածքներ ունեցող Սամվել Մաթևոսյանն անասնապահությունից հրաժարվել է տարիներ առաջ. «Հիշում եմ՝ մեր մոտի գյուղերում ինչքան անասուն, կովեր կային տարիներ առաջ»:

Սամվել Մաթևոսյանը բացատրում է՝ գործը ձեռնտու չէ՝ մարզում կաթը ցածր գնով է մթերվում, անասնապահներին շատ փոքր եկամուտ է մնում. «Դու չես կարող, ասենք՝ կովը ծնվեց, 20 լիտր կաթ կթեցիր, 2800-ի օրը կաթ տվեց: Հաշվում ես իր կերի միավորումը, ամեն ինչը, մի կովից մնում է 500 դրամ: 6 ամիս հետո արդեն դա էլ չունես»:

Պաշտոնական վիճակագրությունն արձանագրում է նաև հենց կաթի արտադրության նվազումը: 2021-ին 670 հազար լիտր կաթ էր արտադրվել, անցած տարի՝ շուրջ 100 հազարով ավելի քիչ:

«Եթե եկամուտ չկա, մարդու տնտեսությունը ժամ առ ժամ հետ է կանգնում, մարդն ի վիճակի չէ, խնդիրը դա է», - հավելեց Բերքաշատի բնակիչը:

«Գյուղացու ներդրումը միշտ չէ, որ արդարացնում է սպասումները. բայց նրանց ներդրումներն անգնահատելի են և երբևէ աննկատ չեն մնում»,- էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ամիսներ առաջ այս խոսքերով էր շնորհավորել գյուղատնտեսության աշխատողի օրը: Ոլորտը համակարգող գերատեսչության ղեկավարը կառավարության անունից վստահեցրել էր՝ պետությունը միշտ գյուղացու կողքին է, աջակցության ծրագրերով շարունակաբար աշխատում են ոլորտի առաջմղման համար.

«Վերջը գյուղացին ի վիճակի չի էլի, կարողանա դիմագրավել: Հիմա ես ելույթները տեսնում եմ, մեր վարչապետն ասում է՝ ժողովուրդը որտեղ գիտեն՝ կարկուտ է գալիս, այնտեղ են ապահովագրում: Պարոն վարչապետ, տենց չի էլի: Ես շատ հիասթափված եմ, ես աշխատելու, ապրելու խնդիր չունեմ, ես հիասթափված եմ այս անլրջությունից», - հավելեց Սամվել Մաթևոսյանը:

Կառավարության հավաստիացումները խոշոր ֆերմերին առանձնապես չեն ոգևորել: Անասնապահությունից դուրս գալուց հետո էլ հրաժարվել է նաև ընդարձակ խաղողի այգիներից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG