Մատչելիության հղումներ

Կառավարությունը 150 մլն դոլարի վարկային երաշխիք է տրամադրում Ամուլսարի հանքի շահագործման համար


Ամուլսար, արխիվ
Ամուլսար, արխիվ

Կառավարությունը մինչև 150 միլիոն դոլարի բյուջետային երաշխիք է տրամադրում Հայաստանի բանկերից` Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման համար վարկեր ներգրավելու նպատակով։ Որոշումն ընդունվեց Կառավարության այսօրվա նիստում։

Ամուլսարի ոսկու հանքավայրը շահագործել պատրաստվող «Լիդիան Արմենիա»-ն աշխատանքները վերսկսելու համար կարիք ուներ նոր ֆինանսական միջոցների։ 2023-ի փետրվարին Էկոնոմիկայի նախարարության, «Լիդիան Արմենիա»-ի և Եվրասիական զարգացման բանկի միջև ստորագրվեց հուշագիր։ Դրանով նախատեսվում էր «Լիդիան Արմենիա»-ի բաժնետոմսերի 12.5 տոկոսը նվիրատվությամբ փոխանցել Կառավարությանը, ինչպես նաև Եվրասիական զարգացման բանկից 100 միլիոն դոլարի վարկ ներգրավել։ Անցած տարվա նոյեմբերի 28-ին «Սիվիլնեթ»-ը հայտնել էր, որ ԵԶԲ-ի կողմից վարկավորումը տապալվել է։ Ըստ բանկի՝ պատճառն այն էր, որ «Լիդիան Արմենիա»-ն հետ էր կանչել իր վարկային հայտը, իրենք էլ դադարեցրել էին ներքին բոլոր ընթացակարգերը, թեպետ մինչ այդ արդեն բնապահպանական ստուգում էին սկսել Ամուլսարի հանքավայրում։ ԵԶԲ-ի կողմից հանքավայրի ֆինանսավորման ձախողումից հետո «Լիդիան Արմենիա»-ն ու Կառավարությունը սկսեցին Հայաստանի բանկերից վարկ ներգրավելու գործընթաց։

Կառավարության որոշման հիմնավորման համաձայն՝ Հայաստանի բանկային համակարգից այս գումարն ընկերությունը պետք է ներգրավի 6 ամսվա ընթացքում, վարկի մարման ժամկետը 5 տարի է։ 150 միլիոն դոլարը «Լիդիան Արմենիա»-ին տրամադրելու են «Արդշինբանկ»-ը, «Ակբա բանկ»-ը, «Այդի բանկ»-ը, «Ինեկոբանկ»-ը և «Էվոկաբանկ»-ը։ Կառավարությունը հանդես է գալիս որպես վարկի երաշխավոր։

Մինչ բյուջետային երաշխիքի տրամադրումը Կառավարությունը հաշվապահական-աուդիտորական BDO ընկերության միջոցով ուսումնասիրել է «Լիդիան Արմենիա»-ի ֆինանսական կենսունակությունը, ու դրա հիման վրա Էկոնոմիկայի նախարարությունը նշել է՝ միջազգային շուկաներում ոսկու գները, ինչպես նաև երաշխիքի տրամադրումը դրական ազդեցություն կունենան Հայաստանի տնտեսության վրա, նպաստելով ՀՆԱ-ի 1-1.5 տոկոսով աճին։ «Ծրագրի արդյունահանման կամ շահագործման ամբողջ տևողության ընթացում մշակման հանգույցներում, լաբորատորիաներում և վարչակազմում կստեղծվի շուրջ 700 աշխատատեղ։ Հանքի շահագործումը կենսական նշանակություն ունի Հայաստանի տնտեսության զարգացման համար, իր մասշտաբի շնորհիվ կձևավորի առաջարկի և պահանջարկի կայուն արժեշղթաներ», - նշված է Կառավարության որոշման հիմնավորումներում։

Հայաստանում պետական պարտքի մասին օրենքը սահմանում է, որ տրամադրվող երաշխիքի գումարը չպետք է գերազանցի երաշխիք ստացողի՝ տվյալ դեպքում «Լիդիան Արմենիա»-ի ակտիվների 20 տոկոսը։ Ընկերությունում ակտիվների վերջին գնահատումը կատարվել է 2023-ի դեկտեմբերի 31-ին, ու գնահատված ակտիվների արժեքը կազմել է 383.6 մլն դոլար։ Էկոնոմիկայի նախարարությունը «Լիդիան Արմենիա»-ից պահանջել է մինչ վարկի ստացումը՝ 6 ամսվա ընթացքում իրականացնել ակտիվների նոր գնահատում։

Ամուլսարի ոսկու հանքավայրը կարող է շահագործվել 25 տարի, Կառավարությունն ակնկալում է տարեկան մինչև 100 միլիոն դոլարի հարկային եկամուտներ ստանալ։ Ամուլսարում ոսկու պաշարները գնահատվում են մոտ 73 տոննա։ Հանքավայրի շահագործման դեմ բողոքի ցույցեր էին մինչև 2018-ի հեղափոխությունը։ 2018-ից հեղափոխությունից հետո բնապահպան ակտիվիստները և տեղի բնակիչները երկար ժամանակ փակել էին դեպի հանքավայր տանող ճանապարհները՝ պահանջելով դադարեցնել հանքարդյունաբերական ծրագիրը, մտահոգություն հայտնելով դրա բնապահպանական վտանգների մասին։ Ոսկու հանքավայրի շահագործման գործընթացում հնարավոր խախտումների մասով հարուցվեց քրեական վարույթ, անցկացվեցին փորձաքննություններ, իսկ վարույթը 2021-ի դեկտեմբերին կարճվեց։



Մկրտիչ Կարապետյան

XS
SM
MD
LG