Մատչելիության հղումներ

Որքա՞ն է Հայաստանի պետական պարտքը


Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյան, արխիվ
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյան, արխիվ

«Ի վերջո, որքա՞ն է Հայաստանի Հանրապետության արտաքին պարտքը». - էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը թերի տեղեկատվություն է հրապարակում՝ ֆինանսական գլխավոր հարցերից մեկի՝ պարտքի վերաբերյալ իր կարճ տեսանյութում կիսատ տվյալներ ներկայացնելով:

«Հայաստանի Հանրապետության արտաքին պարտքը 12 միլիարդ դոլար չէ, Հայաստանի Հանրապետության արտաքին պարտքը 5 միլիարդ 962 միլիոն դոլար է, կրկնում եմ՝ 5 միլարդ 962 միլիոն դոլար», - հայտարարում է Պապոյանը:

51 վայրկյան տևողությամբ հոլովակում նախարարը ոչ մի անգամ չի հիշատակում պաշտոնական վերջին տվյալներով մոտ 6.4 միլիարդ դոլար կազմող ներքին պարտքը: Պետական պարտքը ներքինի ու արտաքինի հանրագումարն է. դիտավորյա՞լ է նախարարը միայն մի մասը հրապարակում, փորձում է մանիպուլացնե՞լ, թե՞ գուցե այլ պատճառ կա: Թերի տեղեկատվության վերաբերյալ տնտեսագետների ու լրագրողների բարձրացրած աղմուկից հետո Գևորգ Պապոյանը որևէ պարզաբանում չի ներկայացրել:

Օգտատերերը հենց իր հրապարակման մեկնաբանություններում են տարակասուսանք հայտնում: Դրանցից մեկին նախարարը որոշել է այսպես պատասխանել. - «Ներքին պարտքն այն է, որ պետությունը պարտք է իր քաղաքացիներին։ Ոնց որ դուք պարտք լինեք ձեր ընտանիքի անդամին։ Նույն բանն է, որ մի գրպանից հանես, մյուս գրպանը դնես»:

Էկոնոմիկայի նախարարն անտեսո՞ւմ, ստորադասո՞ւմ է, թե՞ պակաս կարևոր է համարում մոտ 6.4 միլիարդ դոլար կազմող ներքին պետական պարտքը: Ինչպես արտաքին աղբյուրներից միջոցներ ներգրավելիս, այնպես էլ ներսում պարտք վերցնելիս պետությունը հստակ պարտավորություններ է ստանձնում՝ ժամանակին մարումներ, տոկոսագումարների վճարներ... Ընդ որում, ներքինի դեպքում պայմանները շատ ավելի ծանր են: Ներքին պարտքի զգալի մասը ռեզիդենտների ձեռք բերած պետական գանձապետական պարտատոմսերն են, որոնց միջին տոկոսադրույքը դրսից վարկերի կամ փոխառությունների տոկոսից շատ ավելի բարձր է:

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ 2024-ի դեկտեմբերին դրսից վարկերի ու փոխառությունների միջին տոկոսը 3.5 է կազմել, պետական գանձապետական պարտատոմսեր ձեռք բերողներին, մինչդեռ, պետությունը շատ ավելին է վճարում՝ 10.6 տոկոս: Կարճ ասած՝ ներքին պարտքը, որի մասին նախարարը ոչ մի բառ չի ասում ու «մի գրպանից հանել, մյուսը դնել» է համարում, պետության վրա շատ ավելի թանկ է նստում:

Պաշտոնական վիճակագրությունը Ֆինանսների նախարարությունն է վարում, ամսական տվյալներից ամենաթարմը 2024-ի դեկտեմբերի տեղեկագիրն է: Դեկտեմբերի 31-ին պետական պարտքը 12 միլիարդ 842 միլիոն դոլար է կազմել: Ներքին պարտքը 6 միլիարդ 388 միլիոն դոլար է, արտաքինը՝ 6 միլիարդ 454 միլիոն:

Էկոնոմիկայի նախարարն իր հոլավակում արտաքին պարտքի ամբողջ ծավալն էլ չի ներկայացնում, ոչ էլ տեղեկացնում է, թե որ ամսվա թվերն են ու ինչ աղբյուրից: Հնարավոր է, որ Գևորգ Պապոյանն ընդհանուր թվից հանել է Կենտրոնական բանկի՝ վերջին տվյալներով 504 միլիոն դոլար կազմող արտաքին պարտքը: Գլխավոր դրամանատան պարտքը, մինչդեռ, նույնպես պետական պարտքի մաս է կազմում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG