Մատչելիության հղումներ

Գերիներին ազատ արձակելու իրական քայլեր ձեռնարկելու պահանջով ակցիա Երևանում


Հայ գերիների նկարներով, «գործի՛ր, Արտգործնախարարությո՛ւն», «ո՛չ անտարբերությանը», «ազատություն Բաքվում պահվող գերիներին» ու քաղաքական բանտարկյալներին պաստառներով բողոքի ակցիան այսօր նախ արտաքին գերատեսչության, ապա կառավարության առջև էր: Պահանջը 11-րդ օրը հացադուլը շարունակող Ռուբեն Վարդանյանի և ադրբեջանական գերության մեջ գտնվող մյուս 22 հայերին ազատ արձակելու ուղղությամբ իրական քայլեր ձեռնարկելն է:

ԱԳՆ-ն խորը մտահոգություն է հայտնում Բաքվի դատավարությունների տեսագրություններից ու լուսանկարներից

Ակցիայի շեմին ԱԳՆ-ը հայտարարություն արեց, որ խորը մտահոգված են Բաքվի դատավարություններից տարածվող տեսագրություններից ու լուսանկարներից, կալանավորված անձանց նկատմամբ ներգործության, խոշտանգումների և նրանց առողջական վիճակի ակնհայտ վատթարացման մասին հացադուլի մեջ գտնվող Ռուբեն Վարդանյանի փաստաբանների տեղեկություններից:

«Հայաստանի կառավարությունը շարունակում է ստանալ հայազգի ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց նկատմամբ արգելված միջոցների կիրառման մասին տեղեկություններ», - ասված է հայտարարության մեջ:

Ադրբեջանի իշխանություններն, ինչպես Հայաստանի ԱԳՆ-ն է ձևակերպել, այս դատական բեմականացումն օգտագործում են որպես Հայաստանի վրա քաղաքական ճնշումների և հասարակության շրջանում մանիպուլյացիայի գործիք։

Արտաքին գերատեսչությունը վստահեցրեց՝ շարունակում են միջազգային գործընկերների հետ աշխատանքը Ադրբեջանում ապօրինաբար ու միջազգային իրավունքի խախտումներով պահվող հայերի ազատ ազատ արձակման համար: Չլուծված մարդասիրական խնդիրները, պաշտոնական Երևանի գնահատմամբ, նվազեցնում են հակամարտության կարգավորման հավանականությունը:

«ՀՀ արտաքին գործերի նախարարությունը շարունակում է միջազգային հանրության, մասնավորապես տարածաշրջանում խաղաղությամբ շահագրգռված և մարդասիրական արժեքները կարևորող գործընկերների ուշադրությունը հրավիրել Ադրբեջանում պահվող հայազգի ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց ազատ արձակման խնդրի, ինչպես նաև դատավարական կոպտագույն խախտումներով և խոշտանգման աղաղակող նշաններով նրանց մի մասի նկատմամբ ընթացող բեմականացված դատավարությունների վրա», - շեշտել է գերատեսչությունը:

Ակցիայի մասնակիցները ծանոթ էին ԱԳՆ հայտարարությանը:

«Րոպեներ առաջ մեր Արտգործնախարարությունը հանդես եկավ հերթական անատամ կոչերից մեկով», - արձագանքեցին նրանք:

Հայաստանի պարտավորությունն է գերիներին վերադարձնելը. Մեսրոպ Առաքելյան

Հայաստանի պարտավորությունն է գերիներին վերադարձնելը, շեշտեց ակցիայի մասնակիցներից «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը. «Այդ հայտարարությունը վերաբերում է մտահոգությանը, մտահոգվելու իրավունք ունեն ՀՀ քաղաքացիները, սակայն Բաքվում գտնվող մեր հայրենակիցների նկատմամբ ԱԳՆ-ն պետք է ոչ թե մտահոգվի, այլ գործողություններ իրականացնի: Միևնույն ժամանակ մենք հասկանում ենք, որ Ադրբեջանի առկա վարքագիծը հնարավորություն չի տալիս միայն Հայաստանի ուժերով այս հարցը լուծել, սակայն Հայաստանը պետք է հանդիսանա այս հարցը միջազգային ատյաններում բարձրաձայնողը»:

Գերիների ազատ արձակման ուղղությամբ գործնական քայլերի կոչերը շարունակվեցին նաև կառավարության շենքի առջև:

«Այս մարդիկ հայորդի են, հայկական անձնագրերով, ուզում ենք, սիրում ենք, չենք սիրում, դրա մասին ընդհանրապես խոսք չկա: Խոսքը մեր ինքնասիրության մասին է: Ձեր լռությունը, այսօրվա իշխանությո՛ւն, ՔՊ, Նիկո՛լ Փաշինյան, որ վերնախավն եք, չգիտեմ, բայց դուք հանցակից եք ձեր լռությամբ», - հայտարարեց «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը:

Երևանի լռության պայմաններում միջազգային կառույցները ի՞նչ անեն, հարցնում էր Մանե Թանդիլյանը: «Եթե միջազգային կառույցները չգործեն հիմա, հետո ուշ կլինի» գրությամբ պաստառներ պարզվեցին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև:

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն էլ էր ակցիային մասնակցում. «ԱՄՆ-ն կամ Ռուսաստանը որևէ լծակ չունե՞ն Ադրբեջանի հետ այդ հարցը կարգավորելու, իհարկե ունեն», - ասաց նա:

Ի՞նչ պիտի անի իշխանությունը

Ի՞նչ պիտի անի իշխանությունը. օրվա ընթացքում տարբեր առաջարկներ հնչեցին: Հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարքուքյանը կարծիք հայտնեց՝ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի միջազգային քրեական դատարան հայցեր պետք է ներկայացնի ու դրանց ճնշման ներքո ռազմագերիների ազատ արձակում պահանջի. «Ինչո՞ւ ՀՀ-ն չի ներկայացնում այս գործերը միջազգային քրեական դատարան, որի մասին խոսք է տվել կառավարության նիստում, ԱԺ-ում վավերացման գործընթացի ժամանակ»:

Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը կարծում է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է հայտարարի՝ դադարեցնում է Ադրբեջանի հետ բոլոր տեսակի բանակցությունները, մինչև բոլոր հայ գերիները չվերադարձվեն:

Օսկանյանի առաջարկն էսկալացիայի համար վտանգներ չի՞ ստեղծում, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն այս ճանապարհն է առաջարկում. «Չեմ ասում, որ 100 տոկոսով պետք է իրականացնել պարոն Օսկանյանի առաջարկը հենց այդպես, բայց դա տարբերակներից մեկն է: Կարելի է բանակցային հարթակներից մեկը սառեցնել կամ որպես պայման դնեն, որ մեր հայրենակիցներին չխոշտանգեն»:

Ադրբեջանում 23 հայ գերի է պահվում, նրանցից 16-ի նկատմամբ այս պահին դատավարություններ են ընթանում՝ ծանրագույն, ընդհուպ ցմահ ազատզրկում նախատեսող մեղադրանքներով: Նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը շարունակում է հացադուլը, տեղեկացրին նրա համախոհները: Վերջին դատական նիստում Վարդանյանը հյուծված տեսք ուներ, դեմքին առերևույթ կապտուկներ ու վերք կար: Արցախի նախկին ղեկավարների դատավարությունից բացառապես պետական լրատվամիջոցների հաղորդած սուղ տեղեկությունների պայմաններում Վարդանյանի ամերիկացի փաստաբանը ահազանգեց՝ նրա կյանքը վտանգված է, խոշտանգումների է ենթարկվում:

Գերիների հարցով անհետաձգելի քայլեր ձեռնարկելու Հայաստանի ղեկավարությանը բազմաթիվ գործիչների ու կազմակերպությունների կոչերին միացել է նաև Ռուբեն Վարդանյանի հետ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հիմնադրած Նուբար Աֆեյանը: Ու մինչ այս կոչերը շարունակվում են, օրվա ընթացքում պետական երկրորդ կառույցը՝ Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակը հաղորդագրությամբ հիշեցրեց, որ Երևանը գերիների հարցով հայցեր է ներկայացրել և ՄԻԵԴ, և Արդարադատության միջազգային դատարան:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG