Հայաստանի կառավարությունը շարունակում է Բաքվում հայազգի ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց նկատմամբ արգելված միջոցների կիրառման մասին տեղեկություններ ստանալ, այսօր հայտարարել է Հայաստանի արտգործնախարարությունը՝ հիշեցնելով Բաքվին՝ հայազգի ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց կալանավորումն ու հետապնդումը հանդիսանում է միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու հիմնարար իրավունքների կոպիտ խախտում։
Ադրբեջանական բանտերում 23 հայ է պահվում, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից Արցախի վրա 2023-ին սեպտեմբերի 19-ի ռազմական հարձակման հետևանքով գերեվարված 16 անձինք։ Գերեվարվածների շարքում են արցախցի ութ նախկին պաշտոնյաները՝ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը: Բաքուն Արցախի նախկին պաշտոնյաներին ծանր մեղադրանքներ է առաջադրել՝ ահաբեկչությունից մինչև ապօրինի զինված խմբավորումների կազմավորում։
Երևանն այսօր հայտարարել է, որ խորը մտահոգություն են առաջացնում 23 անձանց նկատմամբ «դատավարություններից» տեսաձայնագրություններ և լուսանկարներ ներառող հրապարակումները, նշյալ անձանց՝ ներառյալ հացադուլի մեջ գտնվող Ռուբեն Վարդանյանի փաստաբանների կողմից հրապարակայնացվող տեղեկությունները՝ կալանավորված անձանց նկատմամբ ներգործության, խոշտանգումների և նրանց առողջական վիճակի ակնհայտ վատթարացման մասին:
Նախօրեին ամերիկացի փաստաբան Ջարեդ Գենսերը հայտարարեց, որ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կյանքը վտանգված է։ Իր նկատմամբ ապօրինությունների դեմ բողոքող Վարդանյանը փետրվարի 18-ին հացադուլ է հայտարարել, 25-ին արդեն նա ակնհայտ հյուծված էր, դեմքին՝ վերքեր կային։
Հունվարի վերջին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ «հետախուզական տեղեկություններ ունենք, որ այդ մարդկանց նկատմամբ հոգեներգործուն արգելված միջոցներ են կիրառում, որպեսզի տարածաշրջանային էսկալացիաները հրահրելուն ուղղված խոսույթներ, ցուցմունքներ կորզվեն նրանցից։ Մենք շատ մտահոգված ենք այդ գործընթացով»։
Դատական պրոցեսները համարելով բեմականացում, Երևանն այսօր կրկին պնդում է՝ Ադրբեջանի իշխանություններն այս դատական բեմականացումն օգտագործում են որպես Հայաստանի Հանրապետության վրա քաղաքական ճնշումների և հասարակության շրջանում մանիպուլյացիայի գործիք՝ հաշվի առնելով խնդրի զգայունությունը յուրաքանչյուր ընտանիքի անդամի և ողջ հասարակության համար։
Արտաքին քաղաքական գերատեսչությունն ընդգծում է, որ այդ գործընթացներն ընթանում են ադրբեջանական լրատվամիջոցներում հայերի դեմ էթնիկ ատելության շարունակական քարոզչության պայմաններում:
«Ամենից զատ և առաջին հերթին՝ ցանկացած հակամարտության ամբողջական կարգավորում ներառում է ժողովուրդների պատրաստումը խաղաղության, իսկ չլուծված մարդասիրական խնդիրների հավելյալ ու արհեստական ձգձգումն առնվազն չի ծառայում այդ նպատակին և միայն նվազեցնում է դրա հավանականությունը: Այս գիտակցումը բազմիցս է ընդգծվել Ադրբեջանի հետ քննարկումների ընթացքում, ինչպես նաև տարբեր միջազգային հարթակներում, գործընկերների ու կառույցների կողմից: Ակնկալում ենք, որ Ադրբեջանի իշխանությունների ընկալումներում ևս այն կգերակայի թշնամանքի շարունակական սնուցման ու կարճաժամկետ հաշվարկների նկատմամբ», - հայտարարել է Հայաստանի արտգործնախարարությունը՝ շեշտելով՝ հարցի վերջնական հասցեագրման մերժման պայմաններում Հայաստանը չի կարող անմասն և անտարբեր մնալ, ուստի շարունակելու է այն բարձրացնել տարբեր հարթաներում և ձևաչափերով՝ ակնկալելով լուծումներ և դրական առաջընթաց: