Մատչելիության հղումներ

«Բաքվում պահվող գերիները օր առաջ պետք է ազատ արձակվեն»․ ցույց ԱԳՆ-ի և կառավարության շենքերի դիմաց


Քաղաքացիները բողոքի ակցիա են իրականացնում Հայաստանի արտգործնախարարության և կառավարության շենքերի դիմաց՝ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի լուսանկարներով, որոնք վերջին դատական նիստից են։

«Հայաստանի արտաքին քաղաքականության հստակ օրակարգ պետք է լինի՝ մեր արտաքին քաղաքականության օրակարգում պետք է լինի Բաքվում գտնվող գերիների վերադարձը, որը չի իրականացվում», - հայտարարեց Վարդանյանի համախոհներից «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։

Վերջին դատական նիստում Վարդանյանը հյուծված տեսք ուներ, դեմքին նաև կապտուկներ կային։

Ընդգծելով՝ թեև արդեն 10 օր է Վարդանյանը հացադուլ է հայտարարել, սակայն պարտադրված մասնակցել է դատական նիստին, ինչպես նաև նաև դեմքին առկա էին խոշտանգման հետքեր, ինքնազգացողությունն էլ նիստի ընթացքում վատացել է՝ Առաքելյանը հայտարարեց՝ այս ամենը խոսում են Ադրբեջանի վայրագությունների մասին։

«Միջազգային բոլոր նորմերով հացադուլ հայտարարած քաղաքացիներն ազատվում են այդ պահին դատական նիստերին մասնակցելուց, սակայն նա այդ դատական նիստին պարտադրված մասնակցել է», - ասաց Վարդանյանը՝ շարունակելով․ - «Հայաստանը պետք է հանդիսանա միջազգային ատյաններում այս հարցը բարձրացնողը։ Մենք առաջարկում ենք, որ Հայաստանում հավատարմագրված դիվանագետներին հրավիրեն ԱԳՆ՝ հստակ պահանջ ներկայացվի, որ Բաքվի բանտերում գտնվող մեր հայրենակիցները, ովքեր բացառապես գերի են, օր առաջ պետք է ազատ արձակվեն, միջազգային հանրության առաջ պետք է հստակ պահանջ դրվի», - ասաց Առաքելյանը։

Ցույցից առաջ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը հայտարարություն տարածեց՝ նշելով, Երևանը շարունակում է Բաքվում պահվող հայերի նկատմամբ արգելված միջոցների կիրառման տեղեկություններ ստանալ։

Ադրբեջանական բանտերում 23 հայ է պահվում, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից Արցախի վրա 2023-ին սեպտեմբերի 19-ի ռազմական հարձակման հետևանքով գերեվարված 16 անձինք։ Գերեվարվածների շարքում են արցախցի ութ նախկին պաշտոնյաները՝ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը: Բաքուն Արցախի նախկին պաշտոնյաներին ծանր մեղադրանքներ է առաջադրել՝ ահաբեկչությունից մինչև ապօրինի զինված խմբավորումների կազմավորում։

Արտգործնախարարությունը նաև հայտարարեց, որ խորը մտահոգություն են առաջացնում 23 անձանց նկատմամբ «դատավարություններից» տեսաձայնագրություններ և լուսանկարներ ներառող հրապարակումները, նշյալ անձանց՝ ներառյալ հացադուլի մեջ գտնվող Ռուբեն Վարդանյանի փաստաբանների կողմից հրապարակայնացվող տեղեկությունները՝ կալանավորված անձանց նկատմամբ ներգործության, խոշտանգումների և նրանց առողջական վիճակի ակնհայտ վատթարացման մասին:

Առաքելյանն այսօր հակադարձեց՝ ԱԳՆ-ն ոչ թե պետք է մտահոգություն հայտնի, այլ հստակ քայլեր ձեռնարկի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG