Մատչելիության հղումներ

ԿԽՄԿ-ն փետրվարին այցելել է ադրբեջանական բանտերում պահվող հայ ռազմագերիներին


Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն այս ամիս այցելել է ադրբեջանական բանտերում պահվող հայ ռազմագերիներին:

Կոմիտեի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Ամատունին «Ազատության»-ը փոխանցեց, որ սա հերթական այցն է և այլ մանրամասներ չեն կարող հայտնել:

Ադրբեջանական բանտերում 23 հայ է պահվում, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից Արցախի վրա 2023-ին սեպտեմբերի 19-ի ռազմական հարձակման հետևանքով գերեվարված 16 անձինք։ Գերեվարվածների շարքում են արցախցի 8 պաշտոնյաները՝ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը:

Բաքուն Արցախի նախկին պաշտոնյաներին ծանր մեղադրանքներ է առաջադրել՝ ահաբեկչությունից մինչև ապօրինի զինված խմբավորումների կազմավորում։

Ռուբեն Վարդանյանը բանտում հացադուլ է հայտարարել՝ ասելով, որ այդ կերպ բողոքում է դատական ֆարսի դեմ: Նա պատմել է իր իրավունքների կոպտագույն խախտումների, հոգեբանական ճնշումների մասին, նաև, որ զրկված է պաշտպանության իրավունքից, 422 հատորանոց ու սխալներով թարգմանված գործի նյութերին ծանոթանալու բավարար ժամանակ չեն տրամադրել, իսկ իր միջազգային իրավաբանական թիմին արգելվել է շփվել կամ հանդիպել իր հետ ու ստանալ գործի նյութերը:

Ամատունին չմանրամասնեց՝ արդյո՞ք Ռուբեն Վարդանյանին այցելել են նրա՝ հացադուլ հայտարարելու օրերին։ Նա ասաց, որ նման տվյալ հրապարակելու իրավասություն չունեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG