Մատչելիության հղումներ

Վարդանյանի կյանքը վտանգված է, խոշտանգումների է ենթարկվում. պնդում են իրավապաշտպանները, պատգամավորները


Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը Բաքվի դատարանում, արխիվ
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը Բաքվի դատարանում, արխիվ

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կյանքը վտանգված է, նա Բաքվում խոշտանգումների ու դաժան վերաբերմունքի է ենթարկվում, վերջին դատական նիստի կադրերում դեմքին նաև վնասվածքներ կան, իրավապաշտպանները, պատգամավորները, սոցցանցերի օգտատերերն այս եզրահանգմանն են եկել՝ համեմատելով ընդամենը մեկ շաբաթվա տարբերությամբ տեղի ունեցած դատական երկու նիստերի լուսանկարները: Իր նկատմամբ ապօրինությունների դեմ բողոքող Վարդանյանը փետրվարի 18-ին հացադուլ հայտարարեց, 25-ին արդեն նա ակնհայտ հյուծված էր, դեմքին՝ վերքեր։

«Քաղբանտարկյալ Ռուբեն Վարդանյանի առողջությունը վտանգված է Ադրբեջանում», - ամերիկացի փաստաբան Ջարեդ Գենսերն է X-ի իր էջում մանրամասներ փոխանցել, հավելելով՝ Վարդանյանի առողջությունը վատթարացել է, նա մի քանի անգամ ուշագնացության եզրին է եղել, չնայած այս ամենին՝ դատավարությունը հետաձգելու 5 միջնորդությունները չեն բավարարվել, փետրվարի 25-ին դատը շարունակվել է։

Այսօր Վարդանյանի հացադուլի 10-րդ օրն է, 7 օրում, ըստ փաստաբան Գենսերի, Վարդանյանը 6 կգ նիհարել է։ Նա կոչ է արել աշխարհի առաջնորդներին, նաև Հայաստանի վարչապետին՝ դատապարտել Բաքվի ցուցադրական դատավարությունը, այն որակել որպես քաղաքական և ապօրինի, Ադրբեջանի բանտեր հասանելիություն ունեցող միջազգային կազմակերպություններին այցելել Վարդանյանին, թույլ տալ, որ նրան տեսակցի միջազգային թիմի բժիշկը, իսկ դատավարությունը հետաձգել, քանի դեռ նա հացադուլի մեջ է:

«Պարտադրել Ռուբենին մասնակցել այս դատավարությանը, երբ նրա առողջությանը և անվտանգությանը լրջագույն վտանգ է սպառնում, նվազագույնը դաժան, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք է կամ պատիժ», - գրել է նա:

Ռուբեն Վարդանյանի որդին կոչով է դիմել

Ռուբեն Վարդանյանի որդին՝ Դավիթը տարաձայնությունները մի կողմ դնելու կոչով դիմել է աշխարհի հայերին, հայտարարել՝ քանի դեռ իր հայրն ու Բաքվում պահվող մյուս գերիները բանտերում են, ոչ մի հայ անվտանգ չէ. «Հորս ցմահ ազատազրկում է սպառնում մի երկրում, որտեղ սեփական քաղաքացիների իրավունքներն են խախտվում, մի երկրում, որ 40 տարի մեկ ընտանիք է ղեկավարում: Բոլորս գիտենք, որ Ադրբեջանում անկախ դատական համակարգ չկա, և այս դատավարությունները քաղաքական են»։

Ռուբեն Վարդանյանն արդեն մոտ 500 օր է` Բաքվի բանտում է, բողոքի ծայրահեղ քայլի՝ հացադուլի երկրորդ անգամ է դիմում՝ ընտանիքի միջոցով բարձրաձայնելով նաև իր նկատմամբ անօրինականությունների, նվաստացումների ու խոշտանգումների մասին:

56-ամյա Վարդանյանին ընդհուպ ցմահ ազատազրկում է սպառնում. Արցախում երբևէ որևէ զինվորական պաշտոն չզբաղեցրած նախկին պետնախարարին 40-ից ավելի մեղադրանքների շարքում նաև պատերազմական հանցագործություններ են վերագրվում։

Հայաստանը գերիների խնդիրը պետք է դարձնի արտաքին քաղաքականության գերակայություն. Թաթոյան

«Բացահայտ անօրինական դատավարություններով, որոնք Ադրբեջանն անում է մտադրված հրապարակային, ցույց է տալիս հայ ժողովրդին առհասարակ, որ եթե դուք որևէ մեկ անգամ փորձ անեք նման պահվածք դրսևորել, այսինքն՝ պայքարը նկատի ունենալով, դուք բոլորդ հայտնվելու եք այս վիճակի մեջ: Սա արդեն ֆաշիստական քաղաքականության էլեմենտներից է», - «Ազատությանն» ասաց նախկին ՄԻՊ, այժմ իրավապաշտպանական գործունեություն ծավալող Արման Թաթոյանը:

Նա կարծում է՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների դատավճիռներով Ադրբեջանը պատրասվում է Հայաստանին մտացածին մեղադրանքներ ներկայացնել, ըստ այդմ, նոր ագրեսիայի հիմքեր ստեղծել: Արման Թաթոյանի կարծիքով՝ Հայաստանը գերիների խնդիրը պետք է դարձնի արտաքին քաղաքականության գերակայություն, ոչ թե դիտարկի որպես անհատների ազատ արձակման հարց։ Հենց դա, ըստ նրա, կարող է դառնալ Հայաստանի նկատմամբ ագրեսիան կանխելու եղանակներից մեկը:

«Չէ՞ որ Ադրբեջանի թշնամանքի, ագրեսիայի քաղաքականության պայմաններում չես կարող բացառել, որ օրինակ՝ վաղը նորից նույն գործողություններն անեն», - նկատեց նա:

ՄԻ պաշտպան Անահիտ Մանասյանի արձագանքը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր կոչ արեց իրեն տարանջատել պետությունից. «ՀՀ անունից ես չեմ կարող պատասխանել, որովհետև ես ոչ կառավարությունն եմ ներկայացնում, ոչ էլ օրենսդիր իշխանությունը: Ես կարող եմ ՄԻՊ անունից այդ ամենը ներկայացնել»:

Անահիտ Մանասյանը վստահեցրեց՝ իր գրասենյակը մշադիտարկում է իրականացնում, դիմում միջազգային դերակատարներին, բայց կոնկրետ ո՞ւմ, ի՞նչ պահանջներով, չհրապարակայնացրեց: Ինչո՞ւ չի դիմում ադրբեջանցի պաշտոնակցին՝ Ռուբեն Վարդանյանին անձամբ տեսակցելու հարցով, Պաշտպանն ասաց. «Ադրբեջանցի պաշտոնակցին ես դիմել եմ իմ պաշտոնավարումն սկսելու առաջին իսկ պահից: Մենք, բնականաբար, արձագանք չունենք»:

Վարչապետ Փաշինյանն Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների դեմ դատավարություններն օրերս թատերականացված էր որակել, արտգործնախարարը՝ կեղծ՝ այդ դատավարությունների մեկնարկից մեկ ամիս անց միայն միջազգային ատյանում՝ ՄԱԿ-ի ամբիոնից խոսելով դրանց մասին։

ԱԳՆ առանձին դատապարտող հայտարարություն, միջազգային գործընկերներին ուղղված որևէ կոչ դատավարության մեկնարկից ի վեր չի եղել։ Չնայած հորդորներին՝ Վարդանյանի հացադուլի 10-րդ օրը կառավարությունից առանձին արձագանք ևս չկա, համենայնդեպս՝ հրապարակային։

Պետք է չգերեվարվեին. Անդրանիկ Քոչարյան

Իշխանական շրջանակներից տեսակետներ են հնչում, թե ձերբակալման պահին ռուսական անձնագրից հրաժարված ու ՀՀ քաղաքացի Ռուբեն Վարդանյանի հարցով նաև Պուտինը պետք է զբաղվի։

«Նույն այսօրվա նախագահը Ռուբեն Վարդանյանին ոչ միայն լավ գիտի, այլ նաև Ռուբեն Վարդանյանի հետ Դավոսում բաներ էին կարդում տնտեսական հարցերի շուրջ», - ասաց ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Նա գերիներին վերադարձնելու հարցում կողմ է բոլոր հնարավորություններն օգտագործելուն՝ միջազգային գործընկերներից մինչև Հայաստանի ԱԱԾ: Իշխանությանն ուղղված մեղադրանքներին ի պատասխան՝ ի՞նչ են անում, ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահն արձագանքեց՝ պետք է չգերեվարվեին. «Ռուբեն Վարդանյանը ժամանակին այնքան բաներ է ասել, որ այսօր նրա դեմ է օգտագործվում: Չգիտե՞ք, ամերիկյան ֆիլմեր եք նայում, մի ասա այն, ինչը որ կօգտագործվի ինչ-որ պահի քո դեմ»:

Դիտարկմանը, որ «դատն իրականում ՀՀ-ի դեմ է», Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Անպայման, բա ի՞նչ էիք կարծում, բա պիտի հակառակ կողմն այս դատավարությունն օգտագործի Հայաստանի Հանրապետության դեմ: Պետք է չգերեվարվեր: Երբ հարցեր են դնում, դուք իրավունք չունեիք գերեվարվելու: Մեզ մեղադրում են՝ բա դուք ի՞նչ արիք: Պետք է չգերեվարվեին, անվտանգության աշխատակիցներ կային, պետք է մտածեին, նման մակարդակի պաշտոնյաների գերեվարումը սպառնալիք է երկրի համար»:

Ռուբեն Վարդանյանի դեմ դատական հաջորդ նիստը նշանակված է մարտի 4-ին:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG