Իսրայելը մի քանի ժամ ուշացումով երեկ ազատ է արձակել պաղեստինցի 110 բանտարկյալի: Պարզաբանելով ուշացումը՝ Թել Ավիվն ասել է, որ ցանկացել են խուսափել քաոսային իրավիճակից, որ ստեղծվել էր երեկ ավելի վաղ իսրայելցի երեք պատանդի ազատ արձակման ժամանակ:
Փոխանակումը տեղի է ունեցել Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Համաս» խմբավորման և Իսրայելի միջև հունվարի 15-ին ձեռք բերված հրադադարի համաձայնագրի շրջանակում:
Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունը, որի միջոցով է կատարվում պատանդների և բանտարկյալների փոխանակումը, կոչ է արել բարելավել անվտանգությունը, որպեսզի զերծ մնան քաոսային իրավիճակներից: Կազմակերպության նախագահ Միրյանա Շպոլյարիչը, մասնավորապես ասել է. «Մենք ուրախ ենք, որ ավելի շատ մարդ է ապահով տուն վերադարձվել: Սակայն այսօրվա պայմաններն ընդգծում են, թե որքան կարևոր է, որ բոլոր կողմերը պահեն պայմանավորվածությունները և ապահովեն գործողությունների անվտանգ ու արժանապատիվ ընթացքը։ Այս գործողությունների անվտանգությունը պետք է երաշխավորվի, և մենք կոչ ենք անում ապագայում բարելավումներ կատարել»:
Ազատ արձակված պաղեստինցի բանտարկյալներն ասել են, թե ցանկանում են, որ ազգը միասնական լինի, և վերջ դրվի արյունահեղությանը:
«Մենք մասն ենք կազմում այս մարդկանց, որոնք աշխարհին ասում են, որ մեր բանտարկյալներին բանտում չենք թողնում: Մեր ուղերձը ազգային միասնությունն է, այս ժողովուրդն արժանի է ազգային միասնության», - ասել է նրանցից մեկը:
Հրադադարի համաձայնագրի առաջին փուլում իսրայելցի 33 պատանդ պետք է ազատ արձակվի, որոնց «Համաս»-ը գերեվարել է 2023-ի հոկտեմբերի 7-ի հարձակման ժամանակ: Իսրայելն իր հերթին պետք է ազատ արձակի մոտ 2000 պաղեստինցի բանտարկյալի։ Առ այսօր ազատ է արձակվել իսրայելցի 15 պատանդ և պաղեստինցի 400 բանտարկյալ:
Չնայած Գազայում հրադադարին՝ իրավիճակը դեռ լարված է մնում Արևմտյան ափում, որտեղ Իսրայելը հունվարի 21-ից լայնամասշտաբ գործողություն է սկսել: Թամուն քաղաքում իսրայելական անօդաչուի հարվածից 10 մարդ է սպանվել, նրանցից մեկը՝ երեխա:
Իսրայելցի գերիների ընտանիքները հայտարարել են, որ վարչապետ Բենիամին Նեթանյահուն չպետք է սաբոտաժի ենթարկի ներկայիս հրադադարը: Իսրայելի կառավարության մոլի քննադատ Յեհուդա Քոհենը, ում որդին զինվոր է և գերի է վերցվել հոկտեմբերի 7-ին, ասել է, թե Իսրայելը պատերազմական հանցագործություններ է կատարում Գազայում ոչ միայն պաղեստինցիների, այլև «հանցագործություններ է գործում Իսրայելի զինվորներ դեմ»։
«Նեղ իմաստով ես ցանկանում եմ, որ բոլոր պատանդները վերադառնան: Բայց եթե ավելի լայն տեսանկյունից նայելու լինենք, ապա խոսքը պատերազմի ավարտի մասին է: Իսկ ամենալայն իմաստով խոսքը պաղեստինցիների հետ ավելի կայուն և հարատև կարգավորման հասնելու մասին է: Մենք պետք է հաշվի առնենք նաև նրանց տեսակետը: Չի կարող այնպես լինել, որ մի կողմը բարգավաճում է, իսկ մյուսը տուժում է», - ասել է նա:
Իսրայելական բանակը նաև Լիբանանի արևելյան Բեքաա հովտում գիշերը ռմբակոծել է Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Հեզբոլլա» կազմակերպության մի քանի թիրախներ: