Իսրայելի ու «Համաս»-ի (ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական ճանաչված կազմակերպություն) միջև անցած շաբաթ ձեռք բերված հրադադարից հետո Գազայի հյուսիս վերադարձած տասնյակ հազարավոր պաղեստինցիներից ոմանք ստիպված են լքել իրենց հայրենի բնակավայրերը, քանզի այնտեղ բնակվելու համար պայմաններ չկան:
Տեղահանված Ֆահադ Աբու Ջալհումն ասում է, որ հյուսիսում պայմաններն այնքան ծանր էին, որ այլ ելք չուներ, քան վերադառնալ հարավ:
«Ես Խան Յունիսում գտնվող ալ-Մավասիից տեղահանված եմ: Երբ հայտարարեցին հրադադարի մասին, ասացին, որ տեղահանվածները կարող են վերադառնալ հյուսիս: Մենք կարոտել ենք հյուսիսը, իմ արմատները հյուսիսում են, և իմ ամբողջ կյանքն անցել է հյուսիսում Ջաբալիա ճամբարում»,- նշում է Ֆահադ Աբու Ջալհումը:
«Մենք անհամբեր սպասում էինք հյուսիս վերադառնալուն … Երեք օր առաջ շարժվեցինք դեպի հյուսիս, բայց այն ավերված է, այնտեղ կյանք չկա: Ոչինչ չկա: Շատ դժվար իրավիճակ է … Այնպես որ, վերադարձա Խան Յունիս, մինչև Աստված մեզ ազատի: Ո՞ւր գնանք։ Ո՛չ սնունդ կա, ո՛չ խմելու ջուր, ոչինչ»,- ասում է նա:
Գազայի իշխանությունները հայտնել են, որ Նեցարիմի միջանցքով ավելի քան 300 հազար մարդ կամ պատերազմի ընթացքում հյուսիսից տեղահանվածների գրեթե կեսը հարավային շրջաններից անցել է Գազա քաղաք և անկլավի հյուսիսային շրջաններ:
Ջաբալիա ճամբարից Սաբեր Դահլանն ասում է, որ ընտանիքով հարավից վերադարձել են հյուսիս՝ Խան Յունիս և որոշել էին այնտեղ վրան տեղադրել, հավաքել իրերն ու առայժմ այդպես ապրել: Սակայն հասկացել են, որ փաստացի վերադարձել են ուրվական քաղաք, որտեղ ոչինչ չկա:
«Վրանում նստել հնարավոր չէ, փլատակներն ավլել ու վրան նստել հնարավոր չէ, անհնար է։ Փողոցներ չկան։ Եթե ցանկանում եք վերադառնալ Տրանս (տարածքի անվանում է- հեղ.): Այսինքն՝ երեխաներս, տատիկս, եթե ուզենան վերադառնալ, կընկնեն փողոցում։ Փողոցներ չկան։ Եթե ջուր ուզես, ապա մեծ դժվարությամբ կգտնես»,- բացատրում է նա։
Պաղեստինցիներն իրենց բնակավայրեր վերադառնալու հնարավորություն ստացել են Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Համաս» խմբավորման և Իսրայելի միջև հունվարի 15-ին ձեռք բերված հրադադարի համաձայնագրի շնորհիվ: Դրա շրջանակում «Համաս»-ն արդեն Իսրայելին է վերադարձրել 2023-ի հարձակման ժամանակ գերեվարած պատանդներից 7-ին, իսկ Իսրայելը 290 պաղեստինցի բանտարկյալների է ազատ արձակել:
Անցած կիրակի ուժի մեջ մտած հրադադարի համաձայնագիրը բաղկացած է երեք փուլից, որոնց ընթացքում պետք է ազատ արձակվեն պատանդներն ու բանտարկյալները, պետք է վերջ դրվի պատերազմին, պետք է վերադարձվեն մահացած պատանդների դիերը, ապա սկսվի Գազայի վերականգնումը:
Ըստ ՄԱԿ-ի անցյալ տարի հրապարակված զեկույցի՝ Գազայի հատվածի վերակառուցումը կարող է տևել առնվազն մինչև 2040 թվականը, թեև դա կարող է էլ ավելի երկար տևել: Դեկտեմբերին ՄԱԿ-ի հրապարակած արբանյակային տվյալների համաձայն՝ Գազայի նախապատերազմյան կառույցների երկու երրորդը՝ ավելի քան 170 հազար շենք, վնասվել կամ հողին է հավասարվել: