Իսրայելը և Գազայի հատվածում պաղեստինյան խմբավորումների ներկայացուցիչները պատրաստվում են պատանդների փոխանակման: Ակնկալվում է, որ չորս կին իսրայելցի զինծառայողներ կփոխանակվեն իսրայելական «Կտիոտ» բանտի պաղեստինցի բանտարկյալների հետ:
Սա արվում է հրադադարի համաձայնագրի շրջանակներում, որին կողմերը մեծ դժվարությամբ հասան Գազայում 15-ամսյա պատերազմից հետո:
Հաղորդվում է, որ Գազա քաղաքի կենտրոնական հրապարակ են ժամանել «Համաս»-ի և «Իսլամական ջիհադի» ներկայացուցիչները: Այս երկու խմբավորումներն էլ ահաբեկչական են ճանաչվել ԱՄՆ-ում և Եվրամիությունում։ Նախորդ փոխանակումներին «Իսլամական ջիհադը» չի մասնակցել: Ամենայն հավանականությամբ, խմբավորման ներկայացուցիչները ներկա են, քանի որ նրանց մոտ է գտնվում պատանդներից մեկը։
Կարմիր խաչի մեքենաները նույնպես իսրայելցիների փոխանցման վայր են ուղևորվում: