Իսրայելի ու «Համաս»-ի պատերազմի հետևանքով տեղահանված տասնյակ հազարավոր պաղեստինցիներ այսօր վերջապես հնարավորություն են ստացել Նեցարիմի միջանցքով վերադառնալ Գազայի հյուսիսային շրջաններ: Դա հնարավոր է դարձել Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված խմբավորման և Իսրայելի միջև հունվարի 26-ին ձեռք բերված հրադադարի համաձայնագրի շնորհիվ: Միջանցքի բացվելուց հետո առաջին երկու ժամում ավելի քան 200 հազար մարդ է ուղևորվել դեպի հյուսիս:
Երեկ «Համաս»-ը իսրայելցի չորս զինվորականի է ազատ արձակել, դրա դիմաց Իսրայելն ազատ է արձակել պաղեստինցի 200 բանտարկյալի: Իսրայելը հայտարարել է, որ ըստ պայմանավորվածության՝ «Համաս»-ը պետք է ազատ արձակեր նաև մեկ քաղաքացիական անձի, ինչը չի արել, այդ պատճառով էլ փակ էր պահում Նեցարիմի միջանցքը, և այն այսօր բացել է միայն, երբ հավաստիացում է ստացել, որ այդ անձը ազատ կարձակվի առաջիկա օրերին:
2023-ին բռնկված պատերազմը բաժանել է պաղեստինցներից շատերին, որոնք տեղահանվելուց հետո հնարավորություն չեն ունեցել այցելել Գազայի հյուսիսում մնացած իրենց տներ, տեսնել այնտեղ մնացած իրենց հարազատներին:
«Ուզում եմ գնալ ու մեր ընտանիքին տեսնել, ուզում եմ գնալ և մորս ու հորս տեսնել, տասնհինգ ամիս է՝ չենք տեսել, ուզում ենք գնալ, երկար ժամանակ է, ինչ սպասում ենք, հիմա գնում ենք», - Reuters-ին ասել է տեղահանված պաղեստինցի Ահմադ Ադասը:
«Մեկուկես տարի է ընտանիքիս չեմ տեսել, ուզում եմ վերադառնալ ու տեսնել նրանց, երեք օր է սպասում եմ, որ գնամ ծնողներիս մոտ, հոգնել ենք, ուզում եմ գնալ Գազա քաղաք», - իր հերթին, ասել է Մոհամեդ Ադասը:
Պաղեստինցի մի կին ասել է՝ շատ ուրախ է, որ վերջապես կարողանում է վերադառնալ իր հայրենի հող, և շնորհակալություն է հայտնել բոլորին, ովքեր կռվել են հանուն Գազայի և աջակցել են իրենց ամենավատ պահերին. - «Մենք շատ ուրախ ենք և հաղթական։ Փա՛ռք Աստծու: Ճիշտ է, հոգնել ենք, բայց ի վերջո հաղթեցինք … Ես ասես կրկին ծնված լինեմ: Երանի կարողանանք գնալ Երուսաղեմ, Աստծո կամոք, ինչպես հիմա գնում ենք Գազա քաղաք»:
Մոհամեդ ալ-Ռիֆին ասում է, որ արդեն հոգնել են տեղահանությունից, պատերազմից, ո՛չ նորմալ քնել են այս ընթացքում, ո՛չ կարողացել հանգստանալ: Հիմա արդեն կարող են մի փոքր շունչ քաշել, թեկուզև փլատակների վրա. - «Ասես մահացած լինեի, և այժմ կվերակենդանանամ, երբ հասնեմ Գազա քաղաք։ Երդվում եմ Աստծո անունով, որ աննկարագրելի զգացում է տեսնել ընտանիքիս, ժողովրդիս, թաղամասը, որտեղ մեծացել և ապրել եմ: Ուզում ենք վերադառնալ մեր տներ ... Այնտեղ կյանք չկար, դպրոցներ չկային։ Մի ամբողջ սերունդ վերացավ, այրվեց, մահացավ, ջնջվեց»:
Կատարի և Եգիպտոսի միջնորդությամբ անցած շաբաթ ձեռք բերված համաձայնության շնորհիվ շուրջ 650 հազար պաղեստինցիներ կարող են վերադառնալ իրենց տներ, որոնց մեծ մասն ավերվել է Իսրայելի օդային և ցամաքային հարձակման հետևանքով:
2023-ին հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա «Համաս»-ի հարձակման հետևանքով սկսված պատերազմի ընթացքում 1200 իսրայելցի է սպանվել և մոտ 47 հազար պաղեստինցի, որից ավելի քան 17 հազարը՝ երեխաներ: «Համաս»-ը մոտ 250 պատանդ էր վերցրել, որոնց մի մասին արդեն ազատ է արձակել:
Արբանյակային պատկերների վերլուծությունը ցույց է տալիս, որ Գազայի հյուսիսային հատվածն ամենաշատն է վնասվել. Գազա քաղաքում վնասված կամ ավերված է շենքերի 74 տոկոսը։
Այսօր նաև հայտնի դարձավ, որ մինչև փետրվարի կեսը երկարաձգվել է Լիբանանի և Իսրայելի միջև ձեռք բերված հրադադարը, որի ժամկետը լրանում էր կիրակի: Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի միջնորդությամբ ձեռք բերված համաձայնագրով Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Հեզբոլա» կազմակերպությանը 60 օր էր տրվել՝ դադարեցնելու իր զինված ներկայությունը հարավային Լիբանանում: Նաև նույն ժամանակահատվածում պետք է դուրս բերվեին իսրայելական ուժերը: Սակայն նախնական ժամկետի լրանալուց հետո Իսրայելն իր զորքերը պահել էր՝ հայտարարելով, որ Լիբանանն ամբողջությամբ չի կատարել գործարքի իր մասը:
Կիրակի օրը Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Իսրայելի զինվորականները սպանել են 22 և վիրավորել 124 մարդու, որոնք փորձել էին վերադառնալ երկրի հարավում գտնվող իրենց տներ: