Պաղեստինյան «Համաս» խմբավորման և Իսրայելի միջև ձեռք բերված հրադադարի համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո Գազայից մեծ թվով տեղահանված մարդիկ շարունակում են վերադառնալ իրենց բնակավայրեր: Շատերը, սակայն, ստիպված են վրանային ճամբարներում ապաստան գտնել, քանզի նրանց տներն ավերվել են իսրայելական ավիահարվածների հետևանքով: Ոմանք էլ ստիպված են վերադառնալ իրենց կիսաավեր տներ:
Գազայի բնակիչ Վալաա ալ-Էրը չի ցանկանում բնակվել վրանում և նախընտրել է վերադառնալ իր ավերված բնակարան, փորձում է կարգի բերել այն, ինչ մնացել է:
«Տանը ոչինչ չի մնացել։ Հուսով ենք, որ ամեն ինչ կկարգավորվի, հուսով ենք, որ պատերազմն ավարտված է։ Մենք էմոցիոնալ առումով հոգնել ենք, հյուծված ենք, չենք կարող հաղթահարել այս վատ իրավիճակը, ուզում ենք ավելի լավ կյանք ունենալ, ավելի լավ ապրելու պայմաններ, և վերադառնալ պատերազմից առաջ եղած իրավիճակին», - Reuters-ին ասել է Վալաա ալ-Էրը:
Մեկ այլ բնակիչ ասել է, որ պատկերացնում էր, թե ինչ տեսք կարող է ունենալ իր տունը պատերազմից հետո, սակայն իրականում այն շատ ավելի վատ վիճակում է, քան ակնկալում էր. - «Վերադառնալուց հետո ինձ թվում է, թե այս վայրում հրաբխի ժայթքում կամ երկրաշարժ է տեղի ունեցել: Իմ տունն այլևս չկա, և մենք ոչ մի տեղ չունենք գնալու: Հիմա ստիպված եմ նստել և շունչս պահել։ Ուրիշ ի՞նչ կարող եմ անել»:
Գազայի մեկ ուրիշ բնակիչ էլ ասում է, որ ամեն ինչ շատ մռայլ է այլևս Գազայում, իրենք կորցրել են ամեն ինչ և չեն պատկերացնում, թե ինչ է սպասում իրենց. - «Մենք չգիտենք՝ ուրախանա՞նք զինադադարի համար, թե՞ տխրենք մեզ շրջապատող ավերածությունների համար: Մեր զգացմունքներն այնքան բարդ են, որ դժվար է դրանք արտահայտել»:
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնն ստանձնելուց հետո անդրադառնալով իսրայելա-պաղեստինյան հակամարտությանը, ասել է, թե «վստահ չէ», որ հրադադարը երկար կպահպանվի, չնայած հարգում է Իսրայելի և Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված խմբավորման միջև ձեռք բերված համաձայնագիրը, որի շրջանակում «Համաս»-ն արդեն արձակել է իսրայելցի երեք պատանդի, իսկ Իսրայելը՝ պաղեստինցի 90 բանտարկյալի:
«Դա մեր պատերազմը չէ, դա նրանց պատերազմն է: Գազայից մի տեսարան տեսա, Գազան նման է հսկայական ավերակի: Այն իսկապես պետք է վերակառուցվի այլ կերպ: Գիտե՞ք, Գազան հետաքրքիր է։ Դա ֆենոմենալ վայր է ծովի ափին, ունի լավագույն կլիման, ամեն ինչ լավ է: Մի քանի ֆանտաստիկ բաներ կարելի է անել Գազայում», - հայտարարել է Թրամփը:
Ըստ ՄԱԿ-ի անցյալ տարի հրապարակված զեկույցի՝ Գազայի հատվածի վերակառուցումը կարող է տևել առնվազն մինչև 2040 թվականը, բայց դա կարող է ավելի երկար տասնամյակներ տևել: Դեկտեմբերին ՄԱԿ-ի արբանյակային տվյալների համաձայն՝ Գազայի նախապատերազմյան կառույցների երկու երրորդը՝ ավելի քան 170 հազար շենք, վնասվել կամ հողին է հավասարվել:
Կիրակի օրը ուժի մեջ մտած հրադադարի համաձայնագիրը բաղկացած է երեք փուլից, որոնց ընթացքում ազատ են արձակվում պատանդներն ու բանտարկյալները, վերջ է դրվում պատերազմին, վերադարձվում են մահացած պատանդների դիերը, ապա սկսվում է Գազայի վերականգնումը: