Մատչելիության հղումներ

Իրավապաշտպան. Բաքուն ՀՀ նախկին ռազմաքաղաքական ղեկավարներին փորձում է ներքաշել դատավարության մեջ


Բաքուն Հայաստանի իշխանություններին համագործակցության կոչ է անում, պնդելով, թե Ադրբեջանի հետ հարաբերություններում նոր սկիզբը կարող է ցուցադրվել նաև ռազմական հանցագործությունների համար մեղադրվողներին Բաքվին հանձնելով։ Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևն այսօր տարածած հայտարարությամբ շեշտել է՝ «հատկապես նրանց, ովքեր ներկայումս թաքնվում են Հայաստանի տարածքում»։ Անցած տարեվերջին էլ Ադրբեջանի գլխավոր դատախազությունն էր նման կոչով դիմել Հայաստանի դատախազությանը։

«Դատավարության դեմ անհարկի քարոզչություն իրականացնելու փոխարեն Հայաստանի կառավարությունը պետք է համագործակցի՝ նպաստելու անցումային արդարադատության վերականգնմանը և տարածաշրջանում տևական խաղաղության հաստատմանը: Խաղաղության և Ադրբեջանի հետ հարաբերությունների նոր սկզբի անկեղծ ձգտումը, ի թիվս այլ բաների, ցույց կտար Հայաստանի պատրաստակամությունը՝ ընդունելու իր պատասխանատվությունը և հանձնելու նրանց, ովքեր մեղադրվում են ռազմական հանցագործությունների համար»,- այսօր X-ում գրել է Հաջիևը։

Ադրբեջանցի պաշտոնյան, սակայն, անուններ չի տվել իր տեքստում:

Հաջիևի մեղադրանքներին Երևանից դեռ չեն արձագանքել։ «Ազատություն»-ն այսօր դիմել է Արտգործնախարարություն՝ մեկնաբանության խնդրանքով, պատասխան դեռ չունենք:

Բաքվի ռազմական դատարանում Արցախի նախկին ղեկավարների ու մյուս 7 հայ գերիների մեղադրանքի հատորներում պարբերաբար հիշատակվում են նաև Հայաստանի նախկին նախագահներն ու մյուս ռազմաքաղաքական ղեկավարները: Նրանք ներկայացվում են իբրև «Ադրբեջանի դեմ ռազմական ագրեսիայի հետևում կանգնած անձինք»։ Արդյոք Ադրբեջանը Երևանին դիմո՞ւմ է հենց նրանց Բաքվին հանձնելու համար՝ Հաջիևի հայտարարությունից պարզ չի դառնում։

Գերիների հարցերով զբաղվող միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանի կարծիքով՝ Բաքուն Հայաստանի նախկին ռազմաքաղաքական ղեկավարներին է փորձում ներքաշել Ադրբեջանում տեղի ունեցող դատավարությանը՝ նրանց մեղադրելով ամենատարբեր հանցագործությունների համար: Սահակյանն ասում է՝ Ադրբեջանը ոչ իրավական, ոչ էլ բարոյական իրավունք չունի համագործակցության նման կոչով դիմելու Երևանին։

«Նման պահանջը լեգիտիմ կլիներ մի քանի նախապայմանների առկայության դեպքում, որ նախ ունակ լիներ Ադրբեջանը կազմակերպել արդար դատաքննություն նաև էթնիկ հայերի համար և ստեղծել արդյունավետ պաշտպանության միջոցներ, մինչդեռ նման նախադրյալը բացակայում է: Ընդ որում, մենք այստեղ ունենք արձանագրում ՄԻԵԴ-ի կողմից, նաև հայ գերիների, քաղբանտարկյալների դատավարություններն էլ ցուցադրեցին, որ Ադրբեջանն անունակ է գոնե մեկ դատավարական երաշխիք», - ասաց նա:

Միջազգային իրավունքի մասնագետը շեշտում է՝ Բաքուն ինքը չի ցուցադրել, որ պատրաստ է համագործակցել ու հետաքննել հայերի դեմ հանցագործություններն ու պատասխանատվության ենթարկել մեղավորներին. «Մենք ունենք արդեն իսկ միջազգային դատարաններում դեպքեր, որոնք հետաքննվել են անկախ մեխանիզմների կողմից, արձանագրվել են հայ տուժողների իրավունքների խախտումներ, և Եվրոպական դատարանն, օրինակ, պարտավորեցրել է Ադրբեջանին հետաքննություն իրականացնել, բացահայտել հայերին խոշտանգած, սպառնած, առևանգած, գլխատած սեփական հանցագործներին և նրանց կանգնեցնել արդարադատության առջև: Ադրբեջանն անգամ ձևական քննություն չի իրականացնում»:

Հայաստանի իշխանությունը Բաքվում ընթացող դատավարությունները որակում է թատերականացված: Պաշտոնական Երևանը պնդում է՝ դրանք դատավարական կոպտագույն խախտումներով և խոշտանգման աղաղակող նշաններով են ընթանում։

Վարչապետն էլ ասել էր, թե հայերի նկատմամբ արգելված միջոցներ են կիրառվում, որպեսզի ցուցմունքներ կորզեն՝ հետագայում Հայաստանի դեմ օգտագործելու համար: Նա Բաքվի դատավարությանն անդրադարձել է նաև անցած հինգշաբթի՝ վերահաստատելով նախկինում ասածը։

Պաշտոնական Բաքուն անհեթեթ է որակում Երևանից հնչող պնդումները։

Երեկ երեկոյան, ի դեպ, վարչապետը խորհրդարանում իշխող կուսակցության վարչության անդամների, իշխող խմբակցության ու կառավարության անդամների հետ Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացն էր քննարկել: Հաղորդագրությունից պարզ չէր՝ կոնկրետ ինչ են քննարկել՝ խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված հոդվածները, թե նաև հայ ռազմագերիների հարցը: Իշխանականներից պարզաբանում ստանալ չհաջողվեց:

Բաքվի դատարանում Արցախի մյուս ղեկավարներից առանձին ընթանում է նաև նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դատավարությունը։ Այդ պաշտոնը ընդամենը երեք ամիս զբաղեցրած Վարդանյանին 1987-ից սկսած իրադարձությունների մեղադրանքներ են վերագրվում:

56-ամյա Վարդանյանն արդեն գրեթե 20 օր է՝ հացադուլ է անում: Երեկ հրապարակվեց Բաքվի բանտից նրա աուդիոուղերձը, որում նա բացատրել է ադրբեջանական բանտարկության մեջ արդեն երկրորդ անգամ հացադուլ անելու շարժառիթը, ընդգծել՝ բողոքի այդ ծայրահեղ քայլին գնում է ոչ թե մեկուսարանի պայմանների կամ իր վիճակի պատճառով, այլ բողոքում է դատական պրոցեսի դեմ: Դատաքննության մեկնարկից ի վեր Վարդանյանը հրաժարվում է ցուցմունք տալուց, բարձրաձայնում է իր նկատմամբ ապօրինությունների, ճնշումների մասին։


Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG