Վատացել է 5-րդ օրը ի պաշտպանություն Ռուբեն Վարդանյանի ու Բաքվում պահվող մյուս հայ գերիների հացադուլ հայտարարած «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի ինքնազգացողությունը, «Ազատության»-ը տեղեկացրեց կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը:
Նրա խոսքով՝ շտապօգնության մեքենայով Թանդիլյանը հիվանդանոց է տեղափոխվել, այժմ նա հետազոտություններ է անցնում:
Մանե Թանդիլյանն Ազատության հրապարակում է մարտի 1-ից։ Երկու օր առաջ նրա ինքնազգացողությունը կրկին վատացել էր, շտապօգնություն էր եկել: Բժիշկները ճնշման տատանում էին արձանագրել, դեղ տվել, հորդորել դադարեցնել հացադուլը: Արդեն օրվա երկրորդ կեսին Թանդիլյանի վիճակը կայունացել էր:
«Հորդորելն ինձ իմաստ չունի, ես գիտեմ՝ ինչի համար է և ինչ կարևոր բանի համար է, որովհետև պետք է հասկանալ, թե ինչ մարդ ենք կորցնում Բաքվի բանտում ամեն օր: Նրա [Ռուբեն Վարդանյանի] հացադուլն արդեն այն փուլում է, որ իր կյանքի վրա անդառնալի հետք է թողնում», - «Ազատության» հետ զրույցում ասել էր Թանդիլյանը, ով հացադուլ սկսեց՝ որպես խնդրանք Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին՝ «դադարեցնելու իր կյանքի համար անդառնալի սպառնալիք հանդիսացող հացադուլը»։
Իր նկատմամբ ապօրինությունների դեմ բողոքող Վարդանյանը փետրվարի 18-ին Բաքվի բանտում հացադուլ հայտարարեց: Նրա ամերիկացի փաստաբանը հայտարարում է, որ «քաղբանտարկյալ Ռուբեն Վարդանյանի առողջությունը վտանգված է Ադրբեջանում»:
Ադրբեջանական բանտերում ընդհանուր 23 հայ է պահվում, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից Արցախի վրա 2023-ին սեպտեմբերի 19-ի ռազմական հարձակման հետևանքով գերեվարված 16 անձինք։ Գերեվարվածների շարքում են արցախցի ութ նախկին պաշտոնյաները: Բաքուն Արցախի նախկին պաշտոնյաներին ծանր մեղադրանքներ է առաջադրել: