Մատչելիության հղումներ

«Դատավարության դեմ անհարկի քարոզչության փոխարեն Հայաստանի կառավարությունը պետք է համագործակցի». Հաջիև


Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիև, արխիվ
Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիև, արխիվ

Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը, մեկնաբանելով Բաքվում ընթացող հայ գերիների դատավարությունները, հայտարարել է, թե այս գործընթացը լուրջ անհանգստություն է առաջացրել Հայաստանի քաղաքական ղեկավարության մոտ: Ըստ Հաջիևի՝ Երևանում այդ դատավարության դեմ, որ ընթանում է անկախ իրավապաշտպանների ու ազատ լրատվամիջոցների բացակայության պայմաններում, «քարոզչական արշավ է սկսվել», ինչը նա անվանել է միջամտություն Ադրբեջանի ներքին գործերին:

Նա հույս է հայտնել, որ Հայաստանը կճանաչի իր «պատասխանատվությունն այս համատեքստում կատարված ագրեսիայի, պատերազմական հանցագործությունների և այլ ծանր հանցագործությունների համար»:

«Դատավարության դեմ անհարկի քարոզչություն իրականացնելու փոխարեն Հայաստանի կառավարությունը պետք է համագործակցի՝ նպաստելու անցումային արդարադատության վերականգնմանը և տարածաշրջանում տևական խաղաղության հաստատմանը: Խաղաղության և Ադրբեջանի հետ հարաբերությունների նոր սկզբի անկեղծ ձգտումը, ի թիվս այլ բաների, ցույց կտար Հայաստանի պատրաստակամությունը՝ ընդունելու իր պատասխանատվությունը և հանձնելու նրանց, ովքեր մեղադրվում են ռազմական հանցագործությունների մեջ», - գրել է Ալիևի խորհրդականը X-ում:

Բաքվում շարունակվում է Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարների ու մյուս 7 հայ գերիների նկատմամբ դատավարությունը: Բաքուն Արցախի նախկին պաշտոնյաներին ծանր մեղադրանքներ է առաջադրել:

Շաբաթասկզբին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների բարձր հանձնակատար Վոլկեր Տյուրկը հորդորեց Ադրբեջանում պահվող հայազգի անձանց անհապաղ ազատ արձակել: Նա շեշտել էր՝ արդար դատավարության նրանց իրավունքները պետք է ամբողջությամբ հարգվեն։

Իր նկատմամբ իրականացվող դատական ֆարսի դեմ արդեն գրեթե 20 օր հացադուլ է անում նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը: Երեկ հրապարակվեց Բաքվի բանտից նրա փոխանցած աուդիոուղերձը, որում Վարդանյանը բացատրել է ադրբեջանական բանտարկության մեջ արդեն երկրորդ անգամ հացադուլ անելու շարժառիթը, ընդգծել, որ բողոքի այդ ծայրահեղ քայլին է գնում ոչ թե մեկուսարանի պայմանների կամ իր վիճակի պատճառով, այլ բողոքում է դատական պրոցեսի դեմ: Դատաքննության մեկնարկից ի վեր Վարդանյանը հրաժարվում է ցուցմունք տալուց, բարձրաձայնում է իր նկատմամբ ապօրինությունների, կեղծված ապացույցների մասին:

Վերջին դատական նիստից տարածված լուսանկարներում նա ակնհայտ հյուծված տեսք ուներ, իսկ դրանից առաջ էլ դեմքին առևերույթ կապտուկներ ու վերք կար: Նրա ամերիկացի փաստաբանն ահազանգել էր, թե Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում:

Ադրբեջանական բանտերում, պաշտոնական տվյալներով, 23 հայ է պահվում:

XS
SM
MD
LG