Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանում կրկին հայտարարեց՝ տեղեկություններ ունեն, որ Բաքվում պահվող հայ գերիներին խոշտանգում են, օգտագործում արգելված միջոցներ:
«Մեր գնահատականը հստակ է, որ արգելված միջոցներով, այդ թվում՝ ֆիզիկական, հոգեբանական, ճնշման գործիքներով, մեր ունեցած որոշ տեղեկություններով՝ այլ արգելված միջոցներով տեղի է ունենում արգելված ներգործություն: Դա բնականաբար, անընդունելի է մեզ համար», - ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց նա:
Չնայած պատգամավորների հարցերին Փաշինյանն այսօր այդպես էլ չհստակեցրեց՝ ինչ է անում կառավարությունը Բաքվում պահվող հայ գերիներին հայրենիք վերադարձնելու համար: Հարցը կառավարության ղեկավարին ուղղեցին ընդդիմադիր պատգամավորները: Նիկոլ Փաշինյանը միայն պնդեց՝ անում են՝ ինչ հնարավոր է, և առաջնորդվում են չվնասելու սկզբունքով:
Հայ գերիների թեման շարունակեց ընդդիմադիր պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ առավել հստակեցնելով հարցը, թե բացի հայտարարությունները ի՞նչ է անում Հայաստանի կառավարությունը նրանց վերադարձնելու համար. «Ի՞նչ եք անում ՀՀ քաղաքացիներին, ովքեր խոշտանգվում են այն երկրի բանտում, որի հետ դուք պատրաստվում եք խաղաղության պայմանագիր ստորագրել, հաստատել հարաբերություններ, հայրենիք վերադարձնելու ուղղությամբ»:
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե խաղաղության պայմանագրի ուղղությամբ գործադրվող ջանքերը մեկն են այն գործողություններից, որ կնպաստեն խնդրի լուծմանը: Խամոյանը փորձեց պարզել, թե մինչ այժմ Նիկոլ Փաշինյանն ինչ միջազգային կառույցի կամ գործընկերոջ է դիմել այդ հարցով, և հաջողվել է արդյոք որևէ միջազգային կառույցի ներկայացուցչի ուղարկել Բաքվի բանտ, այն էլ հիմա, երբ այդ երկրում փակվում է գերիների վերաբերյալ տեղեկություններ ստանալու միակ օղակը՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն: Ընդդիմադիր պատգամավորը վեր պարզեց գերիների նկարները, ապա նշեց՝ 15-րդ օրն է Ռուբեն Վարդանյանը հացադուլի մեջ է:
«Հայաստանի հանրապետության վարչապետի աշխատանքային պարտականությունն է կենտրոնանալ ոչ միայն մեկ անձի հետաքրքրությունների, ոչ միայն մեկ անձի... այլև Հայաստանի Հանրապետության պետական շահերի և ՀՀ քաղաքացիների շահերի վրա, այո, այդ թվում՝ համաչափորեն, խելամիտ ձևով կենտրոնանալ այդ թվում՝ մեկ անձերի խնդիրների լուծման վրա: Եթե կա նպատակ այս տրամաբանությունը շրջել, դա անիրագործելի նպատակ է», - հայտարարեց վարչապետ Փաշինյանը:
Բաքվի բանտերում, պաշտոնական տվյալներով, 23 հայ է պահվում, այժմ ընթանում է նրանցից 16-ի, այդ թվում՝ Արցախի նախկին ղեկավարների դատավարությունը:
Զավեշտալի է. Միրզոյանի մեկնաբանությունը
Իշխանական պատգամավոր Տաթևիկ Գասպարյանն էլ արտգործնախարար Արարատ Միրզոյանին խնդրեց անդրադառնալ անցած շաբաթ ԱԳՆ-ի դիմաց իրականացված բողոքի ակցիային:
«Զավեշտալի է, բողոքի ակցիա, որով պահանջում էին ԱԳՆ-ն հայտարարություն անի, տեղի ունեցավ այն պահին, երբ հայտարարությունն արդեն արել էր»,- նշեց Միրզոյանը:
Բողոքի ակցիայի մասին հայտարարվել էր Արտգործնախարարության հայտարարությունից մի օր առաջ, իսկ գերատեսչության հայտարարությունը հրապարակվեց ակցիայից կես ժամ առաջ: Արտգործնախարար Միրզոյանն այսօր ամեն դեպքում որոշեց նաև խոսել, թե կոնկրետ ինչ քայլեր են իրականացրել գերիների վերադարձի հարցով:
«Բազմիցս ասել ենք միայն ամպագոռգոռ հայտարարություններով չէ, և միայն երևացող գործունեությամբ չէ, որ հետամուտ ենք լինում ռազմագերինների ազատ արձակմանը, մենք գործադրում ենք բոլոր ջանքերը: Վերջին տասն օրը, օրինակ, ԱԳՆ-ն հայտարարություն արել է, Ժնևում մարդու իրավունքների խորհրդում ես ունեցել եմ ելույթ, որի զգալի մասը նվիրել եմ գերիների թեմային, շինծու դատավարություններին և նրանց ոտնահարվող իրավունքներին, հանդիպել եմ Կարմիր խաչի միջազգային կազմակերպության ղեկավարի, ՄԱԿ մարդու իրավունքների բարձր հանձնակատարի հետ: Դրանից օրեր անց հանձնակատարը կոչ արեց ազատ արձակել պահվող անձանց»,- հայտարարեց Միրզոյանը: