Մատչելիության հղումներ

Համախոհների փոխանցմամբ՝ Վարդանյանը շարունակում է հացադուլը. վատացել է Թանդիլյանի ինքնազգացողությունը


Ակցիա Երևանում ի պաշտպանություն ու աջակցություն Բաքվում պահվող հայ գերիների, լուսանկարի պաստառում Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն է , 3-ը մարտի, 2025թ.
Ակցիա Երևանում ի պաշտպանություն ու աջակցություն Բաքվում պահվող հայ գերիների, լուսանկարի պաստառում Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն է , 3-ը մարտի, 2025թ.

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, համախոհների տեղեկություններով, 16-րդ օրն է՝ շարունակում է հացադուլը Բաքվի բանտում: Ադրբեջանի իշխանությունը հայտարարում է միջազգային Կարմիր խաչի գրասենյակը փակելու մտադրության մասին: Վարդանյանի աջակիցների խոսքով՝ այս ֆոնին անարձագանք են մնում արտերկրից փաստաբան ու բժիշկ ներգրավելու իրենց կոչերը:

Փետրվարի 18-ից բողոքի ծայրահեղ միջոցի դիմած Ռուբեն Վարդանյանն իր հացադուլով աշխարհի ուշադրությունն է հրավիրում, ինչպես ընտանիքի միջոցով էր փոխանցել, իր նկատմամբ դատական ֆարսի վրա: Նրա ամերիկացի փաստաբանն ահազանգել է Ադրբեջանում Վարդանյանի կյանքին սպառնացող վտանգի մասին:

«Այս պահին որևէ նոր տեղեկություն չկա», - «Ազատությանն» ասաց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը: Վերջինս կարևորեց, որ Վարդանյանը դադարեցնի հացադուլը:

Բժիշկները Մանե Թանդիլյանին խորհուրդ են տալիս դադարեցնել հացադուլը

Այս հորդորով 5-րդ օրն է՝ Վարդանյանի աջակիցները հացադուլ են անում: Առավոտյան վատացել է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի ինքնազգացողությունը, շտապօգնության մեքենայով Թանդիլյանն Ազատության հրապարակից հիվանդանոց է տեղափոխվել, հետազոտվել, բայց ինչպես փոխանցեց Մեսրոպ Առաքելյանը, չնայած բժիշկների հորդորներին, նա հրաժարվում է դադարեցնել հացադուլը:

«Բավականին վատ է վիճակը, ու բժիշկները խորհուրդ են տալիս, քանի որ չեն կարող պարտադրել հացադուլը դադարեցնել, և այդ շրջանակներում բժշկական միջամտության անհրաժեշտություն կա, այս պահին Թանդիլյանը հրաժարվում է բժշկական միջամտությունից», - տեղեկացրեց Մեսրոպ Առաքելյանը:

Վարդանյանը հրաժարվել է ցուցմունք տալ

Ռուբեն Վարդանյանը Բաքվում շարունակված դատի ընթացքում երեկ ևս հրաժարվել է ցուցմունքներ տալ, բայց մեղադրող դատախազները, միևնույնն է, ուղղել են իրենց հարցերը: Ընդամենը երեք ամիս Արցախում պաշտոնավարած ու երբևէ զինվորական պաշտոն չզբաղեցրած Վարդանային Բաքուն նաև ահաբեկչության, պատերազմ ծրագրելու ու վարելու մեղադրանքներ է ներկայացրել:

Ադրբեջանը, ինչպես պարզ է դառնում Ադրբեջանի պետական լրատվամիջոցների հաղորդումներից, Վարդանյանի մարդասիրական նախաձեռնություններին է անդրադարձել, որոնց շղարշի տակ իբր Վարդանյանը «զենք-զինամթերք է տեղափոխել Լեռնային Ղարաբաղ»: Բացի այդ, հարցեր են ուղղել հենց Ղարաբաղում ռազմարդյունաբերության ու անօդաչուների արտադրության շուրջ Վարդանյանի բանակցությունների մասին:

Արցախի նախկին պաշտոնյայի լռության պայմաններում դատական նիստի ընթացքում որպես ապացույց ներկայացվել են Վարդանյանի՝ WhatsApp-ով, Signal-ով ու Telegram-ով ուղարկված նամակագրություն ու ձայնային հաղորդագրությունները: Ինչպես պետական «Ազերթաջ»-ն է փոխանցում, այդ տվյալները «հավաքել է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը»:

Հայ գերիներին Բաքվում խոշտանգելու մասին տեղեկությունների ֆոնին Ադրբեջանի օմբուդսմենը հայտարարեց, թե այցելել է նրանց ու «չի լսել որևէ բողոք»: Անկախ աղբյուրներից Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանի այս պնդումները ճշտել հնարավոր չէ։ Թե երբ է տեղի ունեցել այցը, ևս պարզ չէ:

Այդ լավատեսական հայտարարություններում, սակայն, որևէ խոսք չկար Վարդանյանի հայտարարած հացադուլի, ոչ էլ բողոքի այդ քայլին դիմած մարդու նկատմամբ Սաբինա Ալիևայի հատուկ ուշադրության մասին:

Բաքուն մտադիր է փակել ԿԽՄԿ ներկայացուցչությունը

Հարյուրավոր քաղբանտարկյալներ պահելու համար խիստ քննադատության ենթարկվող Ադրբեջանը մտադիր է փակել Միջազգային կարմիր խաչի ներկայացուցչությունը: Սա տեղի է ունենում հայ գերիների ազատ արձակման հարցով Բաքվի վրա ճնշումը ուժեղացնելու կոչերի ֆոնին: Կարմիր խաչի ներկայացուցիչները պարբերաբար այցելում են Բաքվի գերության մեջ հայտնված հայ ռազմագերիներին: Այն միջազգային միակ կառույցն է, որի միջոցով հայ ռազմագերիները կապ են հաստատում հարազատների հետ, ունենում ծանրոցներ ստանալու հնարավորություն:

Թե կոնկրետ երբ կփակվի Ադրբեջանում մարդասիրական հարցերով զբաղվող միջազգային կառույցը, առայժմ պարզ չէ: Նաև անհայտ է 33 տարի այդ երկրում գործող Կարմիր խաչի գրասենյակը փակելու Բաքվի շարժառիթը:

Լուրջ հարված հայ պատանդների համար

Լուրջ հարված հայ գերիների ու պատանդների համար, ասում է Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան, անհետ կորածների, գերիների հարցերով 90-ականներից զբաղվող Լարիսա Ալավերդյանը, ով կարծում է՝ Ադրբեջանն իր ձեռքերն ազատում է կապանքներից: Այս պայմաններում, նրա խոսքով, Հայաստանի կառավարությունը պետք է դիմի Բաքվին՝ հայերին այցելելու համար, եթե ոչ, շատ ազդեցիկ միջազգային կառույցները անհապաղ պետք է միջամտեն: Լարիսա Ալավերդյանը շատ դժգոհ է իշխանությունների կեցվածքից:

«Ոչինչ չասող, կմկմացվող, երկրորդ նախադասությունն այդ բաներից հետո էլի խաղաղության մասին է: Ի՞նչ եք ուզում ասել, զո՞հ եք տալիս այդ մարդկանց այդ պայմանագրի.... չի կարող այդպիսի պայմանագիր լինել, որին չեն նախորդում մարդասիրական քայլեր», - նշեց նա:

Հավատացին ռուսներին և մինչև վերջ գնացին. Սասուն Միքայելյան

Իշխանության հասցեին աճող քննադատության ֆոնին ԱԳՆ-ն օրերս հայտարարեց՝ «շարունակում են միջազգային գործընկերների ուշադրությունը հրավիրել Ադրբեջանում պահվող հայերի ազատ արձակման խնդրի, կոպտագույն խախտումներով ընթացող դատերի ու խոշտանգման աղաղակող նշաններով նրանց մի մասի նկատմամբ ընթացող բեմականացված դատավարությունների վրա»:

Երեկ ԱԺ նախագահին փոխանցեցին քննադատությունը, թե իշխանության քայլերը տեսանելի չեն, Ալեն Սիմոնյանն ասաց. «Եթե տեսանելի քայլեր անենք, գերիները կարող է երբևիցե չվերադառնան: Բա որ մեղադրում են, այդ 152 հոգուց ո՞նց դառավ 23»:

Խորհրդարանի խոսնակի թիմակիցները, մասնավորապես, ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը և ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանն էլ այսօր շեշտը դրեցին գերեվարման հանգամանքի վրա:

«Ամեն ինչ պետք է արվեր, որպեսզի Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը չգերեվարվեր: Իմ ասածն ընդամենը դա է», - նշեց Անդրանիկ Քոչարյանը:

Հարցին, թե ով պետք է աներ, պատասխանեց. «Անվտանգության աշխատակիցները, այդ թվում՝ ռուս խաղաղապահները»:

Սասուն Միքայելյանն էլ շեշտեց. «Դա մեր բոլորի պարտքն է, բոլորիս ցավն է: Էդ գերեվարվելն էլ ուրիշ ընթացք է ունեցել, հավատացին ռուսներին և մինչև վերջ գնացին»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG