«Լյոխ լավ ա լինելու, արցախցիներ և հայեր՝ բոլորի հետ միասին, մենք ամեն ինչ հաղթահարելու ենք», -Ռուբեն Վարդանյանն է Բաքվի բանտից ընտանիքի միջոցով հայերենով ու ռուսերենով մոտ 12 րոպեանոց աուդիոուղերձ փոխանցել, հայտարարել է՝ պատրաստ է գնալ մինչև վերջ: Արցախի նախկին պետնախարարի խոսքից հասկանալի է դառնում, որ ձայնագրությունն արվել է մարտի 5-ին: Արդյոք Կարմիր խաչի այցելության ժամանակ է ընտանիքի հետ կապ հաստատվել՝ պարզ չէ, միջազգային կառույցը վերջին անգամ հայտարարել է, որ Բաքվում պահվող հայերին այցելել են փետրվարին, երբ Ռուբեն Վարդանյանն արդեն սկսել էր հացադուլը:
Ուղերձում Վարդանյանը հայտարարել է՝ իրեն 1987-ից սկսած իրադարձությունների մեղադրանքներ են վերագրվում, պատրաստ է կրել ամենածանր պատիժը, բայց պատրանք է որակել կարծիքը, որ դրանից հետո խաղաղություն է հաստատվելու:
«Դատում են ոչ թե ինձ ու մյուս 15 հոգուն, այլ բոլոր հայերին: Ու եթե դուք դա չեք հասկանում, ուրեմն դա մեծ ողբերգություն է, քանի որ սա ողջ պատմության, հակամարտության վերջը չէ, այլ ընդամենը հերթական փուլը՝ ի ափսոսանք բոլոր կողմերի», - նշել է նա:
Բաքվի բանտից Լեռնային Ղարաբաղի մասին խոսելիս Վարդանյանը բացառապես Արցախ տեղանունն է օգտագործել, անուղղակի, բայց նաև հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին անդրադարձել. «Ես լավատես եմ և հավատում եմ, որ չնայած այս ամենին, հաղթահարելու ենք բոլոր մարտահրավերներն ու դժվարությունները և նորից ապրելու ենք մեր հայրենիքում՝ հարևանների հետ խաղաղությամբ, հարգելով միմյանց: Հավատում եմ, որ կհաղթահարենք փոխադարձ թշնամանքն ու կուտակված ատելությունը, ինչպես դա ստացվել է որոշ ժողովուրդների մոտ: Բայց եթե մենք ուզում ենք դա իսկապես անել, մեզ պետք է իրական երկարաժամկետ խաղաղություն՝ ոչ թե թղթի վրա ստորագրված, այլ կյանքի կոչված: Մենք պետք է հիշենք, որ մեզ ոչ ոք ոչնչով պարտական չէ, որ միայն ուժեղ մարդկանց հետ, էլիտա, արժանապատվություն, պատիվ ունեցող երկրի հետ կարող են իրական պայմանավորվածություններ ձեռք բերվել»:
Չնայած դադարեցնելու հորդորներին, Վարդանյանը, համախոհների փոխանցմամբ, 18-րդ օրն է՝ շարունակում է հացադուլը Բաքվի բանտում. «Ես լավ վիճակում եմ, ամուր եմ, առողջությունս նորմալ է, ինքս ինձ հետ հաշտ եմ ու ոգով ուժեղ, ինչպես երբեք»:
Նա բացատրել է ադրբեջանական բանտարկության մեջ արդեն երկրորդ անգամ հացադուլ անելու շարժառիթը, ընդգծել, որ բողոքի այդ ծայրահեղ քայլին է գնում ոչ թե մեկուսարանի պայմանների կամ իր վիճակի պատճառով, այլ բողոքում է դատական պրոցեսի դեմ: Դատաքննության մեկնարկից ի վեր Վարդանյանը հրաժարվում է ցուցմունք տալուց, բարձրաձայնում է իր նկատմամբ ապօրինությունների, կեղծված ապացույցների մասին:
«Ես զոհ չեմ, ինձ պետք չէ խղճալ, քանի որ սա գիտակցված որոշում է: Եթե դատում եք, դատեք պրոֆեսիոնալ, բաց ու հրապարակային՝ Ադրբեջանի բոլոր օրենքների ու ընթացակարգերի համաձայն, մյուսների հետ միասին, միջազգային լրատվամիջոցների, դիտորդների ներկայությամբ, եթե այդքան վստահ եք ձեր արդարացիության մեջ: Իմ գործն արհեստականորեն մի՛ առանձնացրեք: Ինչո՞ւ է իմ գործն առանձնացվում, երբ իմ բոլոր մեղադրանքները կառուցված են նրա վրա, որ ինչպես դուք եք կարծում, ես կազմակերպված հանցավոր խմբի անդամ եմ, որին անդամագրվել եմ [19]87 թվականից: Մի՛ կեղծեք փաստաթղթերը, մի՛ նենգափոխեք արձանագրությունները: Չէ՞ որ դուք ամեն ինչ ունեք՝ իմ բոլոր գաջեթները, իմ բոլոր փաստաթղթերը: Դատը մի՛ դարձրեք ձևական դատավարություն, իմիտացիա, շոու», - ասել է նա:
Արցախում բացառապես քաղաքական՝ պետնախարարի պաշտոնը, այն էլ ընդամենը 3 ամիս զբաղեցրած Ռուբեն Վարդանյանին Ադրբեջանում ընդհուպ ցմահ ազատազրկում է սպառնում, բայց նա չհուսահատվելու կոչեր է անում: Ներողություն է խնդրում չարածի համար, շնորհակալություն հայտնում աջակցության, այդ թվում, ինչպես նշել է՝ մեծ թվով ադրբեջանցիներից, ում Բաքվում առնչվել է, և ովքեր չեն կորցրել իրենց մարդկային կերպարը:
«Չգիտեմ՝ ես կունենամ արդյոք հնարավորություն ձեզ հետ շփվելու», - ասել է նա ուղերձում:
Ռուբեն Վարդանյանը կարծում է՝ Արցախի ռազմաքաղաքական մյուս ղեկավարների հետ Բաքվի բանտ ընկած, ՊԲ-ի նախկին փոխհրամանատար Դավիթ Մանուկյանն իր պատճառով է այնտեղ հայտնվել, նա խնդրել է Մանուկյանի կնոջն իրեն ներել:
Ադրբեջանցիները Ռուբեն Վարդանյանին ու Դավիթ Մանուկյանին ձերբակալել էին Արցախի վրա 2023-ի ադրբեջանական հարձակումից հետո՝ սեպտեմբերի 27-ին, երբ Դավիթ Մանուկյանի մեքենայով փորձում էին հատել Հակարիի կամուրջն ու գալ Հայաստան:
«Ես մարդ եմ, որն ուզում է ապրել, սիրել և շարունակել իր գործունեությունը: Բայց ես կարծում եմ, որ այն, ինչ անում եմ, ճիշտ է, քանի որ դա միակ ճանապարհն է դուրս բերելու ձեզ այն անտարբերությունից, որում գտնվում եք», - ընդգծել է նախկին պետնախարարը:
56-ամյա Ռուբեն Վարդանյանն իր ուղերձում որևէ ակնարկ չի անում հացադուլը դադարեցնելու մասին: Վերջին դատական նիստից տարածված լուսանկարներում նա ակնհայտ հյուծված տեսք ուներ, իսկ դրանից առաջ էլ դեմքին առևերույթ կապտուկներ ու վերք կար: Նրա ամերիկացի փաստաբանն ահազանգել էր, թե Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում: Բաքվի ռազմական դատարանում Վարդանյանի գործով հաջորդ նիստը մարտի 11-ին է նշանակված: