Մատչելիության հղումներ

Պակիստանցի իրավապաշտպանը մտադիր է մեկնել Բաքու՝ մասնակցելու Ռուբեն Վարդանյանի դատական լսումներին


«Ավրորա» մրցանակաբաշխության եզրափակչի մասնակից պակիստանցի իրավապաշտպան Սայեդա Ղուլամ Ֆաթիման հայտնել է, որ մտադիր է մեկնել Բաքու՝ մասնակցելու Ռուբեն Վարդանյանի դատական լսումներին։ Այս մասին Х-ի իր էջում հայտնում է Free Armenian Prisoners կազմակերպությունը։

«Հեշտ է հեռվից դատապարտել անարդարությունը, բայց իրական փոփոխությունը գործողություն է պահանջում: Այդ իսկ պատճառով ես որոշել եմ մեկնել Բաքու՝ մասնակցելու Ռուբեն Վարդանյանի դատավարությանը։ Խնդրում եմ՝ միացեք ինձ՝ ցույց տալու ձեր համերաշխությունը, ինչպես որ կարող եք»,-ասված է կազմակերպության տարածած գրառման մեջ:

Ռուբեն Վարդանյանը գերեվարվել է 2023-ի սեպտեմբերի 27-ին Լաչինի միջանցքի Հակարիի կամրջի անցակետից։ Բաքուն նրան մեղադրում է Ադրբեջանի դեմ պատերազմ ծրագրելու, նախապատրաստելու և իրագործելու, ահաբեկչության ֆինանսավորման, հանցավոր կազմակերպություն ստեղծելու, ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու, տեղափոխելու, կտտանքներ իրականացնելու, մարդկանց տեղահանելու համար, ինչպես նաև արտերկրում ադրբեջանցի դիվանագետների դեմ ահաբեկչական գործողություններ ծրագրելու, կամ ինչպես Ադրբեջանի գլխավոր դատախազությունն է ձևակերպել` «Նեմեսիս 2» կազմակերպելու համար։

Վարդանյանն արդեն 18 օր է՝ հացադուլ է անում Բաքվի բանտում՝ բողոքելով Ադրբեջանում իր դեմ «իրականացվող անօրինականություններից ու ճնշումներից»։

Ադրբեջանական բանտերում ընդհանուր 23 հայ է պահվում, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից Արցախի վրա 2023-ին սեպտեմբերի 19-ի ռազմական հարձակման հետևանքով գերեվարված16 անձինք։ Վարդանյանի հետ գերեվարվածների շարքում են նաև արցախցի յոթ նախկին պաշտոնյաները: Բաքուն նրանց ևս ծանր մեղադրանքներ է առաջադրել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG