«Ես լավատես եմ և հավատում եմ, որ չնայած այս ամենին, հաղթահարելու ենք բոլոր մարտահրավերներն ու դժվարությունները, և նորից ապրելու ենք մեր հայրենիքում՝ հարևանների հետ խաղաղությամբ, հարգելով միմյանց», - Բաքվի մեկուսարանից, ընտանիքի միջոցով փոխանցած աուդիոուղերձում, ասել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։
Նա նշել է, որ հավատում է՝ «փոխադարձ թշնամանքն ու կուտակված ատելությունը կհաղթահարվի, ինչպես դա ստացվել է որոշ ժողովուրդների մոտ»:
«Բայց եթե մենք ուզում ենք դա իսկապես անել, մեզ պետք է իրական երկարաժամկետ խաղաղություն՝ ոչ թե թղթի վրա ստորագրված»,- ասել է Ռուբեն Վարդանյանը:
Արցախի նախկին պետնախարարը շնորհակալություն է հայտնել՝ մտքերով, աղոթքներով, նամակներով իրեն աջակցելու, այնտեղ կատարվողի նկատմամբ անտարբեր չլինելու համար:
«Ես դա զգում եմ, ու դա ինձ ուժ է տալիս: Միտքը նյութական է: Ես լավ վիճակում եմ, ամուր եմ, առողջությունս նորմալ է, ինքս ինձ հետ հաշտ եմ ու ոգով ուժեղ, ինչպես երբեք», - շեշտել է Վարդանյանը։
Նա ասել է, որ հացադուլը պայմանավորված չէ իր վիճակով կամ մեկուսարանում իր պայմաններով, ինչպես անցած անգամ, երբ 20 օր շարունակ հացադուլի մեջ էր:
«Սա... բողոք է ընդդեմ գործընթացի, ընդդեմ նրա, թե ինչպես է իրականացվում այս դատական պրոցեսը: Ես գիտակցել եմ ինչի եմ գնում, պատրաստ եմ եղել և պատրաստ եմ ավելի վատ պայմանների: Ես զոհ չեմ, ինձ պետք չէ խղճալ, քանի որ սա գիտակցված որոշում է: Իմ պահանջները նույնն են: Եթե դատում եք՝ դատեք պրոֆեսիոնալ կերպով, բաց ու հրապարակային, Ադրբեջանի բոլոր օրենքների ու ընթացակարգերի համաձայն, մյուսների հետ միասին, միջազգային լրատվամիջոցների, դիտորդների ներկայությամբ, եթե այդքան վստահ եք ձեր արդարացիության մեջ: Իմ գործն արհեստականորեն մի՛ առանձնացրենք: Ինչու է իմ գործն առանձնացվում, երբ իմ բոլոր մեղադրանքները կառուցված են նրա վրա, որ ինչպես դուք եք կարծում, ես կազմակերպված հանցավոր խմբի անդամ եմ, որին անդամագրվել եմ [19]87 թվականից», - հայտարարել է Վարդանյանը՝ կոչ անելով Բաքվին՝ չխախտել սեփական օրենքներն ու ընթացակարգերը:
«Մի՛ կեղծեք փաստաթղթերը, մի՛ նենգափոխեք արձանագրությունները: Չէ որ դուք ամեն ինչ ունեք՝ իմ բոլոր գաջեթները, իմ բոլոր փաստաթղթերը: Դատը մի դարձեք ձևական դատավարություն, իմիտացիա, շոու: Եթե դատում եք՝ դատեք ճիշտ», - ասել է Արցախի նախկին պետնախարարն՝ ընդգծելով․ - «Դատում են ոչ թե ինձ ու մյուս 15 հոգուն, այլ բոլոր հայերին: Ու եթե դուք դա չեք հասկանում, ուրեմն դա մեծ ողբերգություն է, քանի որ սա ողջ պատմության, հակամարտության վերջը չէ, այլ ընդամենը հերթական փուլը՝ ի ափսոսանք բոլոր կողմերի»:
«Լյոխ լավա լինելու», - ուղերձն այսպես է եզրափակել Վարդանյանը:
Ռուբեն Վարդանյանը գերեվարվեց 2023-ի սեպտեմբերի 27-ին Լաչինի միջանցքի Հակարիի կամրջի անցակետից։ Բաքուն նրան մեղադրում է Ադրբեջանի դեմ պատերազմ ծրագրելու, նախապատրաստելու և իրագործելու, ահաբեկչության ֆինանսավորման, հանցավոր կազմակերպություն ստեղծելու, ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու, տեղափոխելու, կտտանքներ իրականացնելու, մարդկանց տեղահանելու համար, ինչպես նաև արտերկրում ադրբեջանցի դիվանագետների դեմ ահաբեկչական գործողություններ ծրագրելու, կամ ինչպես Ադրբեջանի գլխավոր դատախազությունն է ձևակերպել` «Նեմեսիս 2» կազմակերպելու համար։
Վարդանյանն արդեն 18 օր է հացադուլ է անում Բաքվի բանտում՝ բողոքելով Ադրբեջանում իր դեմ «իրականացվող անօրինականություններից ու ճնշումներից»։
Ադրբեջանական բանտերում ընդհանուր 23 հայ է պահվում, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից Արցախի վրա 2023-ին սեպտեմբերի 19-ի ռազմական հարձակման հետևանքով գերեվարված16 անձինք։ Վարդանյանի հետ գերեվարվածների շարքում են նաև արցախցի յոթ նախկին պաշտոնյաները: Բաքուն նրանց ևս ծանր մեղադրանքներ է առաջադրել: