Ադրբեջանական «Ազերթաջ» պետական լրատվական գործակալությունն ուշ երեկոյան հաղորդեց, որ այսօր շարունակվել է Ռուբեն Վարդանյանի գործով դատավարությունը՝ հրապարակելով լուսանկարներ, որոնցում 15-րդ օրը հացադուլ անող Վարդանյանը հյուծված տեսք ունի: Հայտնի չէ, երբ են արվել լուսանկարները:
Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարարը, ըստ Բաքվի, այսօր ևս հրաժարվել է ցուցմունք տալ, ինչպես նաև չի պատասխանել մեղադրողների որևէ հարցի:
Ադրբեջանի պետական լրատվամիջոցը որևէ տեղեկություն չի հաղորդել Վարդանյանի հացադուլի, ինքնազգացողության մասին: Նախորդ նիստին, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, Ռուբեն Վարդանյանի համար բժիշկ էր հրավիրվել:
Դատական հաջորդ նիստը նշանակվել է մարտի 11-ին:
Բաքվում իր նկատմամբ անօրինությունների դեմ բողոքող Արցախի նախկին պետնախարարի դեմքին նախորդ նիստին առերևույթ կապտուկներ ու վերք կար: Նրա ամերիկացի փաստաբանը տեղեկացրեց, որ «Ադրբեջանում Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում»:
Ըտ Ջարեդ Գենսերի՝ անցած դատավարության ժամանակ ադրբեջանցիներն անտեսել են, որ Վարդանյանը մի քանի անգամ ուշագնացության եզրին է եղել, դատը շարունակել են:
Այս ահազանգերի ֆոնին Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն այսօր տեղեկացրեց, թե կալանավայրերում պահվող հայերը Սաբինա Ալիևայի այցի ընթացքում «գոհ են եղել թե՛ պահման պայմաններից, թե՛ բժշկական ծառայություններից, թե՛ ադրբեջանցիների վերաբերմունքից»: Ընդ որում՝ օմբուդսմենի գրասենյակը չի հստակեցրել՝ երբ է տեղի ունեցել հայերի հետ հանդիպումը: Անկախ աղբյուրներից Ադրբեջանի օմբուդսմենի հայտարարությունները ճշտել հնարավոր չէ։
Բաքվում շարունակվել է մյուս հայերի դատավարությունը
Ազատ լրատվամիջոցների, անկախ իրավապաշտպանների բացակայության պայմաններում երեկ Բաքվում շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների ու մյուս 7 հայ գերիների նկատմամբ դատավարությունը: Բաքուն Արցախի նախկին պաշտոնյաներին ծանր մեղադրանքներ է առաջադրել՝ ցեղասպանությունից մինչև պատերազմի ծրագրում ու իրականացում։
Ադրբեջանական պետական «Ազերթաջ»-ը միայն ուշ երեկոյան հաղորդեց, որ ցուցմունքներ են տվել նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Լյովա Մնացականյանը, Էրիկ Ղազարյանն ու Վասիլի Բեգլարյանը:
Ըստ «Ազերթաջ»-ի՝ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանն իբր հայտարարել է, թե «Ադրբեջանի խորք հարվածներ հասցնելու որոշումը կայացվում էր Հայաստանում»: Հարությունյանը իբր նաև պնդել է, թե «բանակին առնչվող որևէ լիազորություն չի ունեցել, Ղարաբաղի ՊԲ-ի հրամանատարը ենթարկվել է Հայաստանի ԳՇ-ի պետին, Ղարաբաղի հայերի անվտանգության պատասխանատուն էլ Հայաստանն է եղել»: Նույն՝ պետության կողմից վերահսկվող լրատամիջոցի փոխանցմամբ՝ Արայիկ Հարությունյանը նշել է, թե «44-օրյայի ընթացքում պատերազմը դադարեցնելու համար իբր «ցանկացել է նամակ ուղարկել» Ադրբեջանի նախագահին, սակայն «Հայաստանի վարչապետը թույլ չի տվել»:
Լյովա Մնացականյանը իբր հայտարարել է՝ «մինչև 2020-ի քառօրյա պատերազմի մեկնարկը՝ սեպտեմբերի 20-ին, գաղտնի որոշում է ընդունվել, որից անտեղյակ է եղել, ինքը Հայաստանի կանոնավոր բանակի կազմում մասնակցել է Ադրբեջանի դեմ պատերազմին»:
Հետո հայտարարել է, «թե հրամանի բովանդակության մասին չի ուզում խոսել, քանի որ բոլորին այն հայտնի է»:
«Եթե տեսանելի քայլեր անենք, գերիները կարող է երբևիցե չվերադառնան»
Հայաստանի իշխանությունների վարչապետի մակարդակով հայտարարել են, որ հայ ռազմագերիների նկատմամբ Բաքվում արգելված միջոցներ են կիրառվում՝ նրանցից Հայաստանի դեմ ցուցմունքներ կորզելու համար:
Մինչ ադրբեջանական ԶԼՄ-ներն ավելի ու ավելի հաճախ են պնդում, թե այս դատավարությունների ընթացքում հնչում են Հայաստանի ղեկավարների անունները, խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանն ասում է՝ այս փուլում դժվար է լինելու շուտափույթ լուծումներ գտնելը, բայց Երևանի ջանքերը, վստահեցնում է, շարունակվում են։
«Ինչ-որ տեքստեր են տարածվում, այդ ցուցմունքները, այդ ճնշման պարագայում, թե որքանով կարելի է դա միջազգային իրավունքից ելնելով հավատալ, որ դրանք ընդհանրապես տեղի են ունենում․․․ ո՞նց եք պատկերացնում՝ հիմա մենք բանակցություն վարենք, ասենք՝ «դատարանի նիստերի դահլիճից իրենց բաց թողեք»։ Այո՛, անում ենք դա, բայց ես չեմ հավատում, որ իրենք այդ ամեն ինչը կազմակերպել են, որ տենց կիսատ բան անեն», - ասաց Սիմոնյանը։
Մինչդեռ ընդդիմության ու գերիների աջակիցներին Հայաստանի իշխանությունների քայլերը բավարար չեն թվում, ջանքերն էլ՝ տեսանելի:
«Եթե տեսանելի քայլեր անենք, գերիները կարող է երբևիցե չվերադառնան: Բա որ մեղադրում են, բա այդ 152 հոգուց ո՞նց դարձավ 23, բա սա ինչի՞ հրապարակային մեր ընդդիմախոսները որպես դրական բան չեն ասում», - արձագանքեց Սիմոնյանը:
Այսօր Ռուբեն Վարդանյանի ամերիկացի փաստաբանն X-ի իր էջում մի շարք առաջարկներ է արել՝ վարչապետը բանագնաց ուղարկի Բաքու՝ բանակցելու գերիների ազատ արձակման համար, խնդրի Կարմիր խաչին ու ԵԱՀԿ-ին, ինչպես նաև դաշնակից երկրներին՝ դիտորդներ ուղարկել գերիների դատավարություններին:
Արդեն 4-րդ օրն է Ռուբեն Վարդանյանի համախոհները Ազատության հրապարակում հացադուլ են անում՝ ի աջակցություն հայ ռազմագերիների ու խնդրանքով Ռուբեն Վարդանյանին, որ դադարեցնի հացադուլը:
Արտավազդ Ալավերդյանն էլ է գիշերում Օպերայի մոտ. «Ունենք տվյալներ, որ նրա առողջական վիճակը շատ ծանր է, կյանքին վտանգ է սպառնում: Փորձում ենք մեր ձայնը բարձրացնել, ուշադրություն գրավել թե՛ մեր ժողովրդի, թե՛ միջազգային հանրության՝ այս անմարդկային իրավիճակին, ինչ է կատարվում Բանքի բանտերում, ու խնդրել Ռուբեն Վարդանյանին, որ դադարեցնի հացադուլը»: