Արդեն 17 օր ադրբեջանական բանտում հացադուլ անող Ռուբեն Վարդանյանի ամերիկացի փաստաբանը հայտարարում է՝ Հայաստանի վարչապետն ու իշխանությունը մի շարք տարրական քայլեր անգամ չեն ձեռնարկել Բաքվի բանտերում պահվող հայ ռազմագերիների համար: Ջարեդ Գենսերն այս մասին հայտարարեց Փաշինյանի երեկվա ելույթին ի պատասխան։
Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում ասել էր, որ ՀՀ վարչապետի աշխատանքային պարտականությունն է կենտրոնանալ ոչ միայն մեկ անձի հետաքրքրությունների, այլև ՀՀ պետական շահերի և քաղաքացիների շահերի վրա. «Այո, այդ թվում՝ համաչափորեն, խելամիտ ձևով կենտրոնանալ, այդ թվում՝ մեկ անձերի խնդիրների լուծման վրա»:
Մի շարք հեղինակավոր մրցանակների դափնեկիր Ջարեդ Գենսերը, որ պաշտպանել է տասնյակ քաղբանտարկյալների շահերը ամենաբռնապետական երկրներում, այդ թվում՝ Մյանմայում ընդդիմության առաջնորդ Դո Աուն Սան Սու Չժիին, հարավաֆրիկացի հայտնի քաղաքական ակտիվիստ և արքեպիսկոպոս Դեսմոնդ Տուտուին, նաև Չեխիայի նախկին նախագահ Վացլավ Հավելին ու Մալայզիայի վարչապետ Անվար Իբրահիմին, իր փորձը մեջբերելով X-ի էջում գրել է. «Փաշինյանը կարող է անել մի շարք քայլեր»։
«Առաջարկածս գործողությունների ցանկը բխում է այլ երկրներում պահվող պատանդների իրավունքների պաշտպանության իմ 25 տարվա աշխատանքի փորձից, երբ տեսել եմ, թե ինչ և ինչպես են այլ երկրների կառավարություններն արել իրենց պատանդներին ազատ արձակելու համար: Չէ՞ որ հայ պատանդները, անշուշտ, արժանի են գոնե նույն օգնությանը, ինչ մյուս կառավարությունների դեպքում է եղել», - նշել է նա:
Ջարեդ Գենսերն առաջարկում է՝ Հայաստանի կառավարությունը հայտարարություններով շեշտի, որ Ադրբեջանի կողմից քաղբանտարկյալների և գերիների ազատ արձակումը առաջնահերթ խնդիր է, որ նրանց կալանավորումը քաղաքական դրդապատճառներ ունի, և նրանք պետք է անհապաղ և անվերապահ ազատ արձակվեն. «Վարչապետը կարող է մամուլի ասուլիս հրավիրել՝ քննարկելու այս բոլոր հարցերը, խոշորագույն լրատվամիջոցներից մեկում հոդված հրապարակել, հանդես գալ բոլոր այն դեպքերում, երբ կարևոր զարգացումներ են լինում»:
Արցախում ընդամենը երեք ամիս պետնախարար աշխատած ու երբևէ զինվորական պաշտոն չզբաղեցրած Ռուբեն Վարդանյանին Ադրբեջանում ընդհուպ ցմահ ազատազրկում է սպառնում: Ծանր մեղադրանքներ են առաջադրվել նաև Բաքվի զինվորական դատարանի առջև կանգնած մյուս 15 հայերին:
Ռուբեն Վարդանյանը փետրվարի 18-ին ընտանիքի միջոցով փոխանցել էր, որ հացադուլով աշխարհի ուշադրությունն է հրավիրում իր նկատմամբ դատական ֆարսի վրա: Նրա փաստաբանը Հայաստանի կառավարությանն ուղղված իր նամակում մի քանի այլ առաջարկներ էլ է անում, օրինակ, որ վարչապետ Փաշինյանն օգնություն խնդրի Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի նախագահներից, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարից ու ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարից, կամ էլ գերիների ազատ արձակման համար հատուկ բանագնաց ուղարկի Ադրբեջան:
Ռուբեն Վարդանյանի ամերիկացի փաստաբանն X-ի իր գրառման մեջ նաև շեշտել էր՝ եթե ռազմագերիների հարցը ներառված չէ խաղաղության պայմանագրում, ապա վարչապետ Փաշինյանը կարող է մասնավոր կերպով հասկացնել, որ նրանց ազատ արձակումը պետք է տեղի ունենա գործարքի ավարտից առաջ կամ ավարտին զուգահեռ:
Երեկ Փաշինյանն ընդգծել էր, թե խաղաղության պայմանագրի ուղղությամբ գործադրվող ջանքերը մեկն են այն գործողություններից, որ կնպաստեն խնդրի լուծմանը:
Ադրբեջանում բանտարկված հայերի շուրջ մտահոգություններն էլ ավելի սրվեցին երեկ. միջազգային Կարմիր խաչը հաղորդեց, թե իշխանությունները պատրաստվում են փակել Ադրբեջանի գրասենյակը: Կարմիր խաչը միակ միջազգային անկախ կառույցն է, որն այցելում է հայ ռազմագերիներին:
Պետք է սանկցիաներ կիրառվեն Բաքվի նկատմամբ. Թանդիլյան
Երևանում անցած շաբաթվանից ի պաշտպանություն հայ ռազմագերիների հացադուլ հայտարարած «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանն ասում է՝ միջազգային հանրությունը ձեռքերը ծալած չպետք է նստի. «Ադրբեջանն անպատժելիության մթնոլորտում է գործում այսօր: Չեմ հասկանում, թե ինչպես կարելի է դա թույլ տալ հանդուրժել, փոխարենը պիտի սանկցիաներ կիրառվեն Ադրբեջանի նկատմամբ՝ նման վարքագիծ դրսևորելու համար»:
Ռուբեն Վարդանյանի համախոհները նրա առողջական վիճակի մասին նոր տեղեկություններ չունեն: Մինչ այդ Ազատության հրապարակում արդեն վեցերորդ գիշերը լուսացրած Մանե Թանդիլյանը Ռուբեն Վարդանյանին հեռակա խնդրում է դադարեցնել հացադուլը:
«Շատ հույս ունեմ, որ Ռուբեն Վարդանյանն ականջալուր կլինի նաև բազմաթիվ այլ մարդկանց խնդրանքներին, որով նրան խնդրում ենք դադարեցնել, որովհետև ինքը հայ ժողովրդին ողջ է պետք: Մենք սպասում ենք իրեն, և ես ուզում եմ, որ ինքն իմանա, որ սա միայն ես չէ, որ ասում եմ», - «Ազատությանն» ասաց նա:
Ադրբեջանական բանտերում, պաշտոնական տվյալներով, 23 հայ է պահվում: Այժմ ընթանում է նրանցից 16-ի դատավարությունը: