Մատչելիության հղումներ

Միրզոյանը՝ ՄԱԿ ԱԽ-ում. «Ադրբեջանը ցանկանում է Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտում իրականացնել»


Ժոզեպ Բորելը, Աննալենա Բերբոքը և Արարատ Միրզոյանը ՄԱԿ-ի ԱԽ նիստում, Նյու Յորք, 21 սեպտեմբերի, 2023թ.
Ժոզեպ Բորելը, Աննալենա Բերբոքը և Արարատ Միրզոյանը ՄԱԿ-ի ԱԽ նիստում, Նյու Յորք, 21 սեպտեմբերի, 2023թ.

Ղարաբաղի հարցով ՄԱԿ-ի ԱԽ նիստը որևէ փաստաթուղթ չի ընդունել:

Պահպանել 2020-ի նոյեմբերի 9-ին ձեռք բերված հրադադարը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 9420 նիստի օրակարգում Լեռնային Ղարաբաղի խնդիրն էր: Առաջին բանախոսը՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Ամերիկայի հարցերով տեղակալ Միրոսլավ Յենչան նախ ներկայացրեց դեպքերի զարգացման ընթացքը՝ մեջբերելով պաշտոնական Բաքվի և ռուս խաղապահների հայտնած տեղեկությունները, և հավելեց, որ ՄԱԿ-ն այդ տարածքում ներկայացված չէ, ուստի չի կարող հաստատել այդ տվյալների արժանահավատությունը:

«Թույլ տվեք հայտնել, որ գլխավոր քարտուղարին չափազանց մտահոգել են հաղորդագրությունները բախումների վերսկսման մասին, դրանք հանգեցրել են քաղաքացիական անձանց, այդ թվում՝ երեխաների ողբերգական մահվան», - ասաց սլովակ դիվանագետը:

Նրա խոսքով, ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Ֆոլկեր Տուրկը նույնպես խորը մտահոգություն է հայտնել այդ բախումների կապակցությմբ:

Յենչան նշեց, որ ռուս խաղաղապահներն էլ են կորուստներ կրել, և ցավակցություն հայտնեց:

Ըստ նրա, գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը բոլոր կողմերին կոչ է անում հարգել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ձեռք բերված հրադադարը և ստանձնած պարտավորությունները, որոնք հիմնված են միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների ճանաչման վրա:

Առանցքային էր ՄԱԿ-ի ԱԽ այս նիստը գումարելու հայտ ներկայացրած Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնայի ելույթը: Նա ասաց, որ տևական ժամանակ զորք ու սպառազեն կուտակելուց հետո Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին նախաձեռնել է այդ օպերացիան, և ոչ ոք չի հավատա, որ այն նախապես ծրագրված չէր:

Հարձակումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ միջոցներ են ձեռնարկվել բանակցությունները շարունակելու համար և առաջին անգամ մարդասիրական օգնություն է հասել Լեռնային Ղարաբաղ:

«Ոչ ոք կասկածի տակ չի առնում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, խոսքը Ղարաբաղի հայերի իրավունքների մասին է»

Ըստ նախարարի, Ֆրանսիան խստորեն դատապարտում է այդ անընդունելի հարձակումը: Նա ասաց, թե ոչ ոք կասկածի տակ չի առնում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, սակայն այստեղ հարցը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ իր հողում ապահով ապրելու իրավունքի մասին է:

«Այսօր Ադրբեջանը պատասխանատվություն է ստանձնում այդ բնակիչների անվտանգության համար: Ադրբեջանը պարտավոր է երաշխավորել Ղարաբաղի հայերի իրավունքները և ներգրավվել նրանց հետ երկխոսության մեջ՝ միջազգային համայնքի աջակցությամբ: Ադրբեջանը նաև պարտավոր է ամնիստիա տրամադրել հրադադարն ընդունած ուժերի համար և առանց ձգձգելու վերականգնել երթևեկությունը Լաչինի ճանապարհով, ինչպես պահանջել է Արդարադատության միջազգային դատարանը, և ընդունել միջազգային մարդասիրական ներկայությունը Լեռնային Ղարաբաղում, ինչը կարևոր է, քանի որ մոտենում է ձմռան շրջանը: Առանց այդ երաշխիքների լուծում չի լինի», - ասաց Կոլոնան:

Բանախոսները ցավակցություն հայտնեցին խաղաղ բնակիչների, զինծառայողների և խաղաղապահների շրջանում կորուստների համար, կոչ արեցին անհապաղ դադարեցնել ռազմական օպերացիան, պաշտպանել Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքները և անվտանգությունը, երկխոսություն հաստատել, բացել Լաչինի միջանցքը և շարունակել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացը: Դիվանագետներն իրենց ելույթներում դրական գնահատեցին Եվլախում կողմերի առաջին հանդիպման հանգամանքը:

Կարգավորման միակ ուղին բռնության դադարեցումն է և խաղաղության հաստատումը

ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Լինդա Թոմաս Գրինֆիլդը նույնպես հիասթափություն հայտնեց այն կապակցությամբ, որ ռազմական հարձակումը սկսվել է Ղարաբաղ մարդասիրական օգնության փոխադրումից մեկ օր անց:

«Միացյալ Նահանգները կողմերին հորդորում է ապահովել, որ մարդասիրական կազմակերպությունները ստանան պարեն, դեղորայք և անհրաժեշտ այլ պարագաներ առանց խոչընդոտների Լեռնային Ղարաբաղ հասցնելու իրավունք և երաշխավորեն մարդասիրական կառույցների աշխատակիցների անվտանգությունը», - ասաց ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչը:

Նրա խոսքով, խնդրի կարգավորման միակ ուղին բռնության դադարեցումն է և խաղաղության հաստատումը:

Ըստ ռուսաստանցի դիվանագետի, առանցքայինը Ղարաբաղի հայերի անվտանգությունն է

Ռուսաստանի ներկայացուցիչ Դմիտրի Պոլյանսկին ասաց, որ այս ընթացքում նաև ռուս խաղաղապահներն են տուժել, բայց նրանք շարունակում են ծառայությունը, օգնում են բնակիչներին, այդ թվում՝ երեխաներին: Նրա խոսքով՝ նախագահ Վլադիմիր Պուտինը քննարկումներ է անցկացրել Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հետ:

«Ենթադրում ենք, որ Բաքվի և Ստեփանակերտի ներկայացուցիչների հանդիպումն արդյունավետ կլինի և թույլ կտա անհապաղ միջոցներ ձեռնարկել տարածաշրջանում հումանիտար ճգնաժամը շտկելու և Ղարաբաղի բնակիչներին կայուն կենսապայմաններով ապահովելու համար: Մենք ամեն բան կանենք դրա համար: Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության հարցն առանցքային է», - ասաց նա:

Պոլյանսկին իր խոսքում նաև նկատել տվեց, որ Ղարաբաղի խնդրի կարգավորման ներկայիս չափորոշիչները ձևավորվել են Հայաստանի իշխանության կողմից 2022-ի հոկտեմբերին և 2023-ի մայիսին Եվրամիության հովանու ներքո ակցկացված հանդիպումների ընթացքում: Պոլյանսկու այդ ակնարկը վերաբերում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու հայկական կողմի հայտարարություններին:

«Լեռնային Ղարաբաղից ստացված պատկերները հիրավի ցնցող են»

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ասաց, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի մասնակիցները որոնում են աշխարհում խաղաղությունը պահպանելու ուղիներ, մինչդեռ, տարածաշրջանում սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հերթական լայնածավալ հարձակումն է կատարել Լեռնային Ղարաբաղի բնակիչների վրա և դրանով կոպտորեն խախտել է թե՛ 2020-ի եռակողմ հայտարարության և թե՛ միջազգային իրավունքի նորմերը:

Նախարարի խոսքով, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պարտավոր է գործել, քանի որ Ադրբեջանը Ղարաբաղի դեմ ուժ է կիրառում, կան զանգվածային ոճրագործությունների մասին վկայող փաստեր: Ադրբեջանը ցանկանում է էթնիկ զտում իրականացնել:

«Լեռնային Ղարաբաղից ստացված պատկերները հիրավի ցնցող են. անօթևան կանայք, երեխաներ, սնունդ չունեցող տարեցներ, երեխաներին հուսահատ որոնող մայրեր, նրանք լաց են լինում վախից, մտածելով, որ ադրբեջանցիները կարող են կալանավորել ամուսիններին: Դժվար է հավատալ, որ այս ամենը տեղի է ունենում 21-րդ դարում», - ասաց Միրզոյանը:

Հայաստանի առաջարկը՝ ՄԱԿ-ի հովանու ներքո տեղակայել խաղաղապահներ

Հայաստանի արտգործնախարարի պնդմամբ, անհրաժեշտ է Ղարաբաղում ՄԱԿ-ի մանդատով տեղակայել խաղաղապահ ուժեր:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պարտավոր է դատապարտել Ադրբեջանին, ապահովել օգնության տրամադրումը, տեղահանվածների վերադարձը, պարտադրել Բաքվին հեռացնել զինծառայողներին հայկական խաղաղ բնակավայրերից, ապահովել տեղաշարժի ազատությունը, վերականգնել գազի և հոսանքի մատակարարումը:

Նախարարի խոսքով՝ «հակամարտության կողմեր էլ չկան, կան ոճրագործներ և զոհեր»: Միրզոյանը միաժամանակ հավաստիացրեց, որ Հայաստանը ցանկանում է Ադրբեջանի հետ հասնել խաղաղության:

Հիշեցնելով, որ սեպտեմբերի 21-ը Հայաստանի Անկախության օրն է, Արարատ Միրզոյանն ուղերձի ավարտին ասաց. - «Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»:

Բայրամովը չի ընդունում իր երկրին հասցեագրված քննադատությունը

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հերքեց բոլոր մեղադրանքները և պնդեց, թե Ադրբեջանը «հակաահաբեկչական գործողությունն» իրականացնելիս իբր պահպանել է միջազգային օրենքները, գերճշգրիտ զենք է կիրառել, որ չվտանգի խաղաղ բնակիչների կյանքը:

«Այն, ինչ Հայաստանը փորձում է ներկայացնել իբրև հարձակում խաղաղ բնակիչների վրա, իրականում տեղական հակաահաբեկչական գործողություն է», - ասաց Բայրամովը:

Նրա պնդմամբ՝ օպերացիայի ընթացքում ադրբեջանական բանակը գրավել է 90 հենակետ, ոչնչացրել է 20 մարտական մեքենա, հրետանու 40 միավոր, 30 ականանետ, 6 էլեկտրամագնիսական մարտական համակարգ և երկու ՀՕՊ համակարգ:

«Ոչ մի ինքնիշխան պետություն չէր հանդուրժի իր տարածքում այսօրինակ ապօրինի ռազմական ներկայություն», - ասաց Բայրամովը:

Նրա խոսքով՝ ռուսական կողմի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի մասին հայտարարությունում կա «Ադրբեջանից հայկական ստորաբաժանումները դուրս բերելու» դրույթը, և այն ապացուցում է, որ «Ադրբեջանի Ղարաբաղի շրջանում հայ զինծառայողներ են եղել»:

Ադրբեջանի արտգործնախարարը նաև ասել է, թե Եվլախում արդեն տեղի է ունեցել Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի հայերի անդրանիկ հանդիպումը և հավաստիացրել է, թե հայության բոլոր իրավունքները կերաշխավորվեն:

«Կոչ ենք անում Հայաստանին չկրկնել նախկին սխալները»

Ելույթ ունեցավ նաև Թուրքիայի փոխարտգործնախարար Բուրաք Աքչափարը, ով անվերապահորեն սատարեց Բայրամովին:

Նա խոսեց այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին, ասաց, թե հայկական կողմն է Ադրբեջանին պարտադրել անցկացնել այդ օպերացիան:

Նրա խոսքով՝ տարածաշրջանում նորից ի հայտ է եկել խաղաղություն հաստատելու հնարավորություն, որը Հայաստանը չպետք է բաց թողնի:

«Կոչ ենք անում Հայաստանին և շահագրգիռ մնացած կողմերին օգտվել այս հնարավորությունից և չկրկնել անցյալում որ վերջերս կատարած սխալները և գործել հանուն Հարավային Կովկասում խաղաղության ու բարգավաճման», - հայտարարեց Աքչափարը:

Ոչ մի երկիր չպետք է փորձի այս խնդրի միջոցով ապակայունացնել Հայաստանի ժողովրդավարությունը

Ելույթ ունեցավ նաև Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոքը: Նա ասաց, որ Գերմանիան վճռականորեն դատապարտում է Բաքվի ռազմական գրոհը, և կոչ արեց այն մշտապես ու ամբողջապես դադարեցնել:

Նա ասաց, որ ի գիտություն է ընդունում հրադադարի մասին տեղեկատվությունը, այնուամենայնիվ ընդգծում է, որ պետք է բռնության ամբողջական ավարտ: Նրա խոսքով՝ Ադրբեջանը պատասխանատվություն է կրում Ղարաբաղի հայության, հատկապես երեխաների համար: «Ղարաբաղից ուժային մեթոդով հայերի տեղահանումն ու արտաքսումն անընդունելի են», - ասաց Բերբոքը:

Կոնկրետ անուններ չտալով, Գերմանիայի արտաքին գերատեսչության ղեկավարն ասաց, թե «ոչ մի երկիր չպետք է փորձի օգտագործել այս իրավիճակը և ապակայունացնել Հայաստանի ժողովրդավարությունը»։

Եվրամիությունը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում վերսկսել բանակցությունները

Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով պատասխանատու Ժոզեպ Բորելը նախ համերաշխություն հայտնեց արցախահայերին, կոչ արեց Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը, հարգել արցախահայության իրավունքները: Նրա խոսքով՝ անհրաժեշտ է վերսկսել հայ - ադրբեջանական բանակցությունները:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ավարտին որևէ հայտարարություն կամ բանաձև չի ընդունվել:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG