Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ավարտվեց Լեռնային Ղարաբաղի հարցի քննարկումը


ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը, Նյու Յորք:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը, Նյու Յորք:

Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի հարցով քննարկումը:

Ելույթներով հանդես եկան Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Չինաստանի, Բրազիլիայի, Էկվադորի, Ալբանիայի, Ռուսաստանի, Թուրքիայի և մի շարք այլ երկրների ներկայացուցիչներն, ինչպես նաև Եվրամիության բարձր ներկայացուցիչը:

Գրեթե բոլոր բանախոսները դատապարտեցին Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի վերջին հարձակումը և կոչ արեցին բացել Լաչինի միջանցքը:

Նրանք ի գիտություն ընդունեցին հրադադարի մասին հաղորդագրությունը և ընդհանուր առմամբ ողջունեցին Եվլախում Ադրբեջանի պաշտոնյաների և Լեռնային Ղարաբաղի հայության ներկայացուցիչների առաջին հանդիպման փաստը:

Բոլոր բանախոսներն ընդգծեցին Ադրբեջանի և Հայաստանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու և Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքները՝ ներառյալ իրենց հայրենիքում ապրելու իրավունքը պաշտպանելու անհրաժեշտությունը:

Ռուսաստանի ներկայացուցիչ, ՄԱԿ-ում փոխդեսպան Դմիտրի Պոլյանսկին պատմեց ռուս խաղաղապահների ծառայության մասին, նշելով, որ նրանց շարքերում կան զոհեր, իսկ խոսելով հարցի քաղաքական կողմի մասին, հիշեցրեց, որ Հայաստանը ճանաչել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում:

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն իր ուղերձում նշեց, որ Ադրբեջանի նպատակը Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտում իրականացնելն է: Նա ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի բնակիչների՝ կանանց և տղամարդկանց, տարեցների, կանանց և երեխաների ծանրագույն կացությունը:

Նրա փոխանցմամբ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը և միջազգային համայնքը ժամանակին միջոցներ չեն ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի հայությանը սպառնացող ողբերգությունը կանխելու համար, թեպետ Հայաստանը բազմիցս ահազանգել է այդ մասին: Միրզոյանն ընդգծեց, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղում ստորաբաժանումներ չի ունեցել:

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հերքեց հայ պաշտոնակցի և մյուս բանախոսների կողմից Ադրբեջանի հասցեին հնչեցված մեղադրանքները և պնդեց, թե Հայաստանն է խոչընդոտում խաղաղության գործընթացը:

Նա նաև հիշեցրեց, որ ռուսական կողմի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի մասին հայտարարությունում նշվում է «Ադրբեջանից հայկական ստորաբաժանումները դուրս բերելու» դրույթը, ինչը և, ըստ Բայրամովի, ապացուցում է, որ «Ադրբեջանի Ղարաբաղի շրջանում 44-օրյա պատերազմից հետո մնացել են հայ զինծառայողներ»:

Թուրքիայի փոխարտգործնախարար Բուրաք Աքչափարն անվերապահորեն սատարեց Բայրամովին, խոսեց «Զանգեզուրի միջանցքը» բացելու անհրաժեշտության մասին, ասաց, թե Ադրբեջանը պարտադրված էր «հակահաբեկչական օպերացիա» անցկացնել, և ավելացրեց, թե հիմա վերստին ստեղծվել է խաղաղություն հաստատելու հնարավորություն, որը Հայաստանը չպետք է բաց թողնի:

ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն իր համերաշխությունը հայտնեց արցախահայերին, կոչ արեց Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը, հարգել արցախահայության իրավունքները: Նա ասաց, որ անհրաժեշտ է վերականգնել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացը:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ավարտին որևէ հայտարարություն կամ բանաձև չընդունվեց:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG