19։47
Արցախի տեղեկատվական շտաբը ներկայացրել է Ստեփանակերտի դիրքորոշումը հանդիպման մասին.
19։46
Եվլախում Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումն անցել է գործնական մթնոլորտում, քննարկվել են երկու կողմից էլ բարձրացված տարբեր հարցեր, «Ազատությանը» հայտնեց Արցախի նախագահի խորհրդական, նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը։
16։30
Ադրբեջանի նախագահականը հաղորդագրություն է տարածել Եվլախում կայացած Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպման վերաբերյալ։
Բաքուն հանդիպումը դրական է որակել՝ նշելով՝ այն ընթացել է կառուցողական մթնոլորտում։
«Քննարկումներ են ծավալվել ենթակառուցվածքների վերականգնման, Ղարաբաղի հայ բնակչության վերաինտեգրման և Ադրբեջանի սահմանադրության և օրենքների հիման վրա Ղարաբաղի հայ բնակչության գործունեության կազմակերպման վերաբերյալ», - ասված է հայտարարությունում։
Ըստ Բաքվի՝ բավարարվել է Ղարաբաղի հայերի խնդրանքը՝ մարդասիրական օգնություն՝ պարենային ապրանքների և վառելիքի տեսքով։
Ընդգծվել է նաև Ադրբեջանի «հակաահաբեկչական միջոցառումների» կասեցման վերաբերյալ սեպտեմբերի 20-ի հայտարարության դրույթների արագ իրականացման կարևորությունը։
Ըստ Բաքվի՝ հանդիպումները շարունակելու պայմանավորվածություն է ձեռք բերվել։
16։14
ԼՂ-ում ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչները՝ Եվլախի հանդիպմանը
16։13
Հայաստանի կառավարությունը հայտարարում է՝ Ղարաբաղի հայերի տեղահանության խնդիր չի դրել։
Կառավարությունից «Ազատությանը» փոխանցեցին՝ իրենց տներում անվտանգ և արժանապատիվ ապրելու ԼՂ հայերի իրավունքները պետք է երաշխավորվեն, բայց մյուս կողմից, եթե ԼՂ հայերի կամ նրանց մի մասի մնալն անհնար գնահատվի, կկայացնեն անհրաժեշտ որոշումներ։
Վարչապետի աշխատակազմից վստահեցնում են, թե մշտական կապի մեջ են ԼՂ գործընկերների հետ և ըստ իրադրության, կախված Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների, Ադրբեջանի, խաղաղապահների միջև ընթացող քննարկումների արդյունքներից՝ Լեռնային Ղարաբաղի հետ համատեղ կկայացվեն անհրաժեշտ որոշումներ։
15։47
Լեռնային Ղարաբաղում հայերի հետագա ճակատագիրը Ադրբեջանի ներքին խնդիրն է, այս մասին Sky News Arabia-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։
«Մենք հայկական կողմին ներկայացրել ենք խաղաղության համաձայնագրի նախագիծը և այժմ սպասում ենք նրանց արձագանքին», - հայտարարել է Ամիրբեկովը, հավելելով, որ Ղարաբաղի տարածքից հայերի դուրս գալու կետը այն սկզբունքը չէ, որի վրա հիմնված է այս համաձայնագիրը, քանի որ դա Ադրբեջանի ներքին գործն է։
14։14
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, հանդիպման ավարտից հետո Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները լքել են Եվլախը։
Ադրբեջանական լրատվամիջոցը տեսանյութ է հրապարակել․
13։36
Եվլախում ավարտվել է Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի պաշտոնյաների հանդիպումը, հայտնում են ադրբեջանական պաշտոնական աղբյուրները։
Արդյունքների մասին մանրամասներ դեռ հայտնի չեն, միայն հաղորդվում է, որ «բանակցությունների ընթացքում քննարկվել են Ղարաբաղում բնակվող հայերի վերաինտեգրման հարցերը»։
Բաքվի և Ստեփանակերտի ներկայացուցիչների միջև բանակցությունները տևել են մի քանի ժամ, դրանց միջազգային որևէ լրատվամիջոց ներկա չի եղել։
11։07
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ Եվլախում բանակցությունները վարում է պատգամավոր Ռամին Մամեդովը:
Ռամին Մամեդովը Իլհամ Ալիևի կողմից նշանակվել է այս տարվա մարտին՝ Ղարաբաղում բնակվող հայերի հետ շփումների պատասխանատու։
«Մինչ այդ նա Խոջալուում մեկ հանդիպում է անցկացրել հայ բնակիչների ներկայացուցիչների հետ», -ասված է հաղորդագրության մեջ։
Ադրբեջանական պատվիրակության կազմում են նաև Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցչի տեղակալ Բաշիր Հաջիևը և հատուկ առաքելության աշխատակից Իլկին Սուլթանովը։
Ըստ ԱՊԱ-ի՝ ղարաբաղյան կողմը ներկայացնում են Սերգեյ Մարտիրոսյանը (ռուսական խաղաղապահ զորախմբի հետ համագործակցության ապահովման կենտրոնի տնօրեն) և Դավիթ Մելքումյանը (Արցախի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ)։
10։45
Երեկ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հեռախոսազրույցի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ասել է, որ Եվլախում (սեպտեմբերի 21-ին) հանդիպմանը կքննարկվեն Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության հարցեր՝ հիմնվելով Ադրբեջանի Սահմանադրության և օրենքների վրա, ներառյալ մշակութային, քաղաքային, կրոնական և այլ օրենքներ ու իրավունքներ. «Երկրի ղեկավարն ընդգծել է, որ Ադրբեջանն այս հանդիպումն անցկացնում է իր ներքին գործերի համատեքստում»:
Միշելը կրակի դադարեցումը դրական քայլ է անվանել և հույս հայտնել, որ հրադադարը կպահպանվի։ Նա դրական է գնահատել նաև Եվլախում նախատեսված հանդիպումը։
10:26
Եվլախում մեկնարկում է Ղարաբաղի հայ բնակիչների պատվիրակության հանդիպումը Բաքվի ներկայացուցիչների հետ։
Ըստ ադրբեջանական աղբյուրների հրապարակած տեսանյութի՝ պատվիրակության կազմում է Արցախի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Դավիթ Մելքումյանը։ Արցախի պատվիրակությանն ուղեկցում է ռուսական խաղաղապահ զորախումբը։
Ստեփանակերտից պատվիրակության կազմը դեռ չի հրապարակվել։
10:15
Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների պատվիրակությունը ժամանել է Եվլախ, հաղորդում են ադրբեջանական թելեգրամյան ալիքները նաև կից տեսանյութ հրապարակում։
Պատվիրակությունը ռուսական խաղաղապահ զորախմբի ուղեկցությամբ, Եվլախում կհանդիպի ադրբեջանական կողմի հետ։
Արցախի պաշտպանության բանակը սեպտեմբերի 19-ին հաղորդեց, որ ժամը 13-ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով փորձել է առաջանալ Արցախի ՊԲ պաշտպանության խորքը։ Սկիզբ առան ինտենսիվ մարտական գործողություններ։
Ավելի վաղ էլ Բաքուն նախ Պաշտպանության բանակին մեղադրել է դիվերսիոն գործողություններ իրականացնելու համար, ապա հայտարարել Ղարաբաղում «հակաահաբեկչական գործողությունների» մեկնարկի մասին։
Արցախը հայտարարեց առնվազն 200 զոհի ու 400 վիրավորի մասին, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության շրջանում: Բաքուն զոհերի ու վիրավորների թիվ չի հրապարակել։
Ստեփանակերտը երեկ հաղորդեց, որ ընդունում է կրակի դադարեցման՝ խաղաղապահների առաջարկը, համաձայնել են լուծարել բանակը և քննարկել Ադրբեջանի հետ ինտեգրացիայի հարցը։ Կրակն Արցախում դադարեց ժամը 15։00-ի սահմաններում։
Կողմերը համատեղ փաստաթուղթ հրապարակեցին, որում նշվում էր, որ Ադրբեջանի բարձրացրած հարցերը վերաինտեգրման, Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության ապահովման, ինչպես նաև բնակչության կենսագործունեության ապահովման մասին՝ Ադրբեջանի Սահմանադրության շրջանակում, կքննարկվեն տեղի հայ բնակչության և Ադրբեջանի կենտրոնական իշխանությունների ներկայացուցիչների հանդիպմանը, որը տեղի կունենա Եվլախ քաղաքում սեպտեմբերի 21-ին։
Բաքուն նաև հայտարարեց՝ Ղարաբաղի հայերի ինտեգրման ծրագիրը պատրաստ է։