Արցախի իշխանությունները համաձայնել են լուծարել բանակը և քննարկել Ադրբեջանի հետ ինտեգրացիայի հարցը։
Այս որոշումը կայացնելուց առաջ Արցախի նախագահը Անվտանագության խորհրդի նիստ էր հրավիրել, որին մասնակցել են քաղաքական բոլոր ուժերն ու նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը և Արայիկ Հարությունյանը։
Նախագահ Սամվել Շահրամանյանը որոշումը հրապարակելուց առաջ ասել էր, թե Արցախը հարկադրված կլինի դիմել համապատասխան քայլերի՝ գերնպատակ ունենալով առաջնահերթորեն ապահովել բնակչության ֆիզիկական անվտանգությունը: Ընդունելով կրակի դադարեցման վերաբերյալ ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկությունը՝ Արցախի իշխանությունը հայտարարեց, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ առաջինը՝ այսօր ժամը 1-ին ամբողջությամբ դադարեցնել ռազմական գործողությունները, երկրորդ՝ ռուսական զորակազմի տեղակայման վայրից հանել, ինչպես ձևակերպել են, «Հայաստանի զինված ուժերի մնացյալ ստորաբաժանումները», լուծարել և ամբողջությամբ զինաթափել Արցախի պաշտպանության բանակը, ինչպես նաև դուրս բերել ծանր զինտեխնիկան Լեռնային Ղարաբաղից՝ այն արագորեն ոչնչացնելու նպատակով։ Եվ երրորդ՝ համաձայն ձեռք բերված պայմանավորվածության՝ Ադրբեջանի կողմից բարձրացված ինտեգրացիայի, Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության ապահովման, ինչպես նաև Ադրբեջանի սահմանադրության շրջանակներում Ղարաբաղի ժողովրդի կենսագործունեության ապահովման հարցերը Ադրբեջանի իշխանությունների և տեղի հայ բնակչության ներկայացուցիչների միջև կքննարկվեն վաղը՝ ադրբեջանական Եվլախում։
Արցախի իշխանությունները իրենց այս որոշումը բացատրել են ստեղծված ծանր իրավիճակով՝ ընդգծելով, որ Ադրբեջանը, անցնելով լայնածավալ հարձակման, նպատակ է դրել մասնատել Արցախը և անդառնալիորեն վնասել նրա կենսունակությունը։
«Երկու օր տևած համառ մարտերի ընթացքում Արցախի ԶՈւ ստորաբաժանումները հերոսաբար պաշտպանվում են կենդանի ուժով և զինտեխնիկայով մի քանի անգամ գերազանցող թշնամուց՝ պատճառելով նրան մեծագույն կորուստներ: Դժբախտաբար, կորուստներ և վիրավորներ ունի նաև արցախյան կողմը, իսկ որոշ հատվածներում թշնամուն հաջողվել է մխրճվել ՊԲ մարտական դիրքեր, տիրանալ մի շարք բարձունքների և ռազմավարական ճանապարհային հանգույցների: Ստեղծված իրադրությունում անբավարար են միջազգային հանրության գործողությունները՝ պատերազմի դադարեցման և իրավիճակի հանգուցալուծման ուղղությամբ: Հաշվի առնելով այս ամենը՝ Արցախի Հանրապետության իշխանություններն ընդունում են ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը կրակի դադարեցման վերաբերյալ», - ասված է հայտարարության մեջ:
Կրակը դադարել է
Չնայած հրադադարի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությանը, ժամը 1-ից հետո էլ ադրբեջանական կրակոցները շարունակվել են։ Անկախ լրագրող Մարութ Վանյանը «Ազատությանը» փոխանցեց, որ ռմբակոծությունները դադարել են միայն ժամը 3-ի սահմաններում. - «Ստեփանակերտում եմ հենց հիմա՝ քաղաքի կենտրոնում՝ եղբորս տանը։ Պադվալներից երեխեքը դուրս են եկել, մի քիչ վերջապես շնչում են։ Հլը որ փորձում ենք արկերի ձայներից ուշքի գանք։ Ականջերից մեջ մինչև հիմա պայթյուններն արձագանքում են»։
Հոսանք Ստեփանակերտում չկա։ Կապի խնդիր կա։ Քաղաքում այժմ անորոշություն է, փոխանցեց արցախցի լրագրողը, հավելելով, որ շատերը դեռ չեն էլ հասցրել ծանոթանալ ու ընկալել իշխանության այսօրվա որոշումը, առայժմ մարդիկ պայուսակները կապած փողոցով այսուայնկողմ են գնում։ Չգիտեն՝ ուր գնալ, մի մասը ուղևորվում է դեպի օդանավակայան։ Վանյանը, սակայն, չի պատկերացնում՝ այդքան մեծ թվով մարդկանց ռուս խաղաղապահները ինչպես են ընդունելու օդանակայանում. - «Ռուսներն ի՞նչ պիտի անեն, այդքան մարդը ի վերջո պիտի ուտի, երեխաներ են։ Անորոշ, ռուսները ոչ կարան էտքանի համար հոգ տանեն, ոչ էլ։ Պարզ է, որ ասելու են՝ եկել եք, ի՞նչ անեք։
Հոսանք չկա, ոչ մի բան չկա։ Ես այսօր հինգ բաժակ կոֆե խմել եմ, Կարմիր խաչի մի ընկեր է դա էլ նվիրել, բնականաբար ոչ մի խանութ չկա, ում տանը ինչ մնացել է, փորձում է չուշաթափվի էլի»։
Չնայած Արցախի տեղեկատվական շտաբն այսօր արդեն 2 անգամ արցախցիներին կոչ արեց չտրվել խուճապի և տարհանվելու նպատակով սեփական նախաձեռնությամբ չճանապարհվել դեպի օդանավակայան, մարդիկ շարունակում են ինքնուրույն ուղևորվել դեպի ռուսական խաղաղապահ զորակացմի տեղակայման վայր։ Համացանցում տարածված լուսանկարներից պարզ է դառնում, որ օդակայանում մարդկանց մեծ կուտակում կա։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն այսօր տեղեկացրել է, որ վերջին 24 ժամերին ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղի առավել վտանգավոր շրջաններից շուրջ 2 հազար խաղաղ բնակիչներ են տարհանել, նրանց կեսից ավելին՝ 1049-ը, երեխաներ են։ Թե ուր են տարհանվում արցախցիները, այս հաղորդագրությունը չի հստակեցնում: Այսօր տարածած կադրերում նրանց մի մասը ապաստան է գտել խաղաղապահների տեղակայման վայրում։
Նիկո՛լը թող պատրաստվի դիմավորել մեզ. արցախցի պատգամավոր
Անդրադառնալով Արցախի իշխանությունների այսօրվա որոշմանը, համաձայն որի՝ Ստեփանակերտը պատրաստ է լուծարել բանակն ու քննարկել Ադրբեջանի հետ ինտեգրացիայի հարցերը, արցախցի ընդդիմադիր պատգամավոր Մետաքսե Հակոբյանն «Ազատության» հետ զրույցում նշեց, թե չի կարծում, թե մարդիկ կհամաձայնեն մնալ ու ապրել Ադրբեջանի թելադրած պայմաններով։
«Նախ չգիտեմ, թե ինչ ձևով, ինչ պայմաններով այդ դեպքում կտեղափոխեն այստեղից ժողովրդին։ Ես նաև չեմ վստահում, որ անվնաս դա տեղի կունենա, ես առավել քան վստահ եմ, որ ադրբեջանցիները և կկոտորեն, և կգերեվարեն տարբեր պատրվակներով, ինչպես օրինակ՝ Վագիֆ Խաչատրյանին։ Թշնամին թշնամի, բայց թշնամու ամենամեծ օգնականը Նիկոլն էր։
Սա էլ լինելու էր, լինելու էր այն պահին, երբ Նիկոլը Պրահայում հայտարարեց, սա լինելու էր այն պահից, երբ Նիկոլն ասաց, որ այլևս ինքը կապ չունի Արցախի հետ, սա լինելու էր, բայց ամեն դեպքում Նիկոլ Փաշինյանն այդ պարագայում թող պատրաստվի դիմավորելու մեզ, թող ինքը ուղղակի պատրաստվի, սա ինքը չի մարսելու, սա ինքը կուլ չի տալու, սա չէր կարող իրականություն լինել», - ասաց նա։
Արցախում զոհերի թիվը հասել է 32 -ի. պաշտոնական տվյալներ
Երեկ կեսօրից մեկնարկած լայնածավալ հարձակման հետևանքով պաշտոնական տվյաներով՝ Արցախում զոհերի թիվը հասել է 32 -ի, վիրավորներինը՝ 200-ի։ Ինչպես հայտնում է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը, զոհերից 7-ը խաղաղ բնակիչներ են, նրանց թվում՝ 2 երեխա։ Վիրավոր երեխաների թիվը 13 է։ Մինչդեռ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը Reuters-ի հետ զրույցում խոսել է 100 զոհի մասին։