Արցախը վայր է դնում զենքերը ծանր հուսահատության ու անորոշության մթնոլորտում:
«Մարդիկ անորոշության մեջ են, չգիտեն ինչ անեն, ուր գնան: Մարդկանց մի խումբը նախագահականի դիմաց կանգնած սպասում են ինչ-որ մի լուրի, մի մասը՝ նախարարության դիմաց կանգնած», - պատմեց Ստեփանակերտի բնակիչը:
Մինչ Եվլախում Բաքու -Ստեփանակերտ հանդիպումն էր, քաղաքի արվարձաննում ադրբեջանցիներն սկսեցին կրակել։ Մարդիկ վերադարձան նկուղներ։ Ադրբեջանական զինուժը շարժվում է դեպի Ստեփանակերտ, տեղեկացրեց Արցախի նախկին պետնախարարը:
Ըստ բնակիչների՝ կրակոցները քաղաքի «Արմենավան»՝ Կրկժան թաղամասում էին։ Ստեփանակերտի բնակիչներից մեկը կարճ ժամանակով նկուղից տուն էր բարձրացել՝ սոված թոռներին միակ ուտելիքը՝ խաղողը տանելու համար:
Նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանի գրառումից տեղեկանում ենք, որ կրակի դադարեցման պայմանավորվածությունը չի գործում նաև Արցախի մյուս բնակավայրերում. ադրբեջանցի զինվորները Հաթերք գյուղում, նախնական տվյալով, մեկ խաղաղ բնակչի են սպանել։
Պաշտոնական Բաքուն շարունակում է պնդել, թե խաղաղ բնակիչներ չեն տուժել, իրենց խոսքով, այս օպերացիայի ընթացքում:
Առնվազն 200 զոհ և 400 վիրավորի մասին է հայտարարել հայկական կողմը:
Ասկերանի Սառնաղբյուր գյուղում ադրբեջանական հրետակոծության 5 խաղաղ բնակիչ է զոհվել՝ 3-ը երեխաներ, կան փոքրիկներ, ոնց ծնողները չեն գտնում:
Սառնաղբյուրում հրետակոծության ժամանակ կորել է 8 տարեկան Նվերը, 10-ամյա եղբայրը սպանվել է, մայրը Ստեփանակերտի հիվանդանոցում է՝ վիրավորում ստացած մյուս երեխայի հետ:
Երկու օր է բազմաթիվ արցախցիներ փնտրում են իրենց հարազատներին, հիմնականում Մարտակերտի, Մարտունու շրջանի գյուղերից են, այդ շրջանների ճանապարհներն ադրբեջանցիները փակել են, հեռախոսակապի գծերը վնասված են։ Նորա Նեսիսյանի մորաքույրը ՝ 4 փոքրիկների հետ չկա:
Հակոբ Մարտիրոսյանը քրոջ ընտանիքին է փնտրում՝ երկու դպրոցահասակ աղջիկների հետ Թաղավարդում էին:
Ներքին գործերի նախարարությունում ու Արցախի օմբուդսմենի գրասենյակում այժմ հավաքագրում են անհետ կորածների տվյալները։ Երկու օր սոսկալի տեղեկություններ էին շրջանառվում Թաղավարդի վերաբերյալ՝ «Ազատության» զրուցակիցը, որ այս պահին շրջափակված Մարտունիում է, պատմեց՝ թաղավարդցի քրոջ ընտանիքին գտել է՝ գյուղը տարհանվել է մեկ այլ բնակավայր. - «Տարհանել են մարդկանց, ուղղակի ճանապարհը երկարել է, դժվարացել է»:
Մարտունեցի տղամարդը պատմեց՝ քաղաք բերող երկու ճանապարհներն էլ ադրբեջանի հսկողության տակ են, վիրավորներին, զոհերին տեղափոխել չեն կարողանում. - «Շտապօգնություն չենք կարողացել տանել, ինչքան կարողացել ենք տարել ենք, մնացածը մնացել են մեր մոտ, մահացածներին էլ չենք կարողացել տանել դիահերձարան»:
Մարտակերտի Կիչանը հարևան համայնքների հետ նույնպես տեղահանվել է, համայնքապետից տեղեկացանք՝ գյուղից զոհ կա և մեկ գերեվարված։ Տեղահանված համայնքների բնակիչների, ստեփանակերտցիների մի մասը ռուս խաղաղապահների տեղակայման վայրում՝ օդանավակայանի տարածքում։ Մարտակերտցի կինը պատմում է՝ արդեն տեղ ու դադար չկա:
Արցախի կառավարությունը այսօր հայտարարել է՝ տարհանվածների համար Ստեփանակերտում անվճար սննդի կետեր կգործեն: