Ստեփանակերտի հարակից տարածքներից ադրբեջանական զինուժը, խախտելով հրադադարի մասին պայմանավորվածությունը, կրակում է հրաձգային տարբեր զինատեսակներից, հաղորդում է Արցախի ոստիկանությունը:
Ըստ Ստեփանակերտի՝ կրակոցները լսելի են նաև մայրաքաղաքի կենտրոնում։
Անվտանգության նկատառումներից ելնելով ոստիկանությունը հորդորում է մնալ ապաստարաններում, իսկ իրավիճակի մասին հավելյալ կտեղեկացնի։
Ոստիկանությունը նաև նշում է, որ միջադեպի մասին տեղեկացրել է ռուս խաղաղապահների հրամանատարությանը՝ անհապաղ միջոցներ ձեռնարկելու պահանջով։
Արցախի տեղեկատվական շտաբն էլ հայտնում է, որ շահագրգիռ կողմերի ներգրավմամբ կոնկրետ քայլեր են ձեռնարկվում՝ իրավիճակը հանգուցալուծելու նպատակով:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերքում է Ստեփանակերտի ուղղությամբ գրոհ ձեռնարկելու մասին տեղեկությունները։
Կրակոցների մասին «Ազատությանը» փոխանցել է նաև Արցախի բնակիչներից մեկը։