Մատչելիության հղումներ

Արևմուտքը Բաքվից պահանջում է անհապաղ դադարեցնել հարձակումը Ղարաբաղի վրա


Ղարաբաղի բնակիչները նկուղներում:
Ղարաբաղի բնակիչները նկուղներում:

Բողոքի ակցիաներ ԱՄՆ-ում

Ամերիկայի հայաշատ վայրերում՝ Լոս Անջելեսում, Նյու Յորքում բողոքի ակցիաներ են, մարդիկ դատապարտում են երեկ Ադրբեջանի նախաձեռնած ռազմական հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա, փակում են ավտոճանապարհները, արյունագույն ներկ թափում Ադրբեջանի հյուպատոսարանի շենքի վրա:

Աշխարհի տարբեր անկյուններից՝ հեռավոր Ճապոնիայից ու Կանադայից մինչև Միացյալ Նահանգներ և Եվրոպա՝ լիդերներն Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևից պահանջում են դադարեցնել ռազմական հարձակումն արցախահայերի վրա և դատապարտում են բռնությունը:

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնան «ապօրինի», «անարդար» և «անընդունելի» է որակել Բաքվի ուժային օպերացիան և ընդգծել, որ Ադրբեջանը պատասխանատվություն է կրելու դրա համար:

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ասել է, որ «ռազմական գործողությունները փակուղի են տանում և պետք է դադարեցվեն»:

Անտոնիո Գուտերեշը մարդասիրական իրավունքի մասին է խոսում

Վաղը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է քննարկի այս իրավիճակը: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի անունից նրա խոսնակ Ստեֆան Դյուժարիկը տարածել է հայտարարություն, ըստ որի Անտոնիո Գուտերեշին խորապես մտահոգում են ռազմական ուժի կիրառումը և զոհերի, այդ թվում՝ քաղաքացիակիան բնակչության կորուստների մասին հաղորդագրությունները:

Գլխավոր քարտուղարը կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և պահպանել 2020 թվականի նոյեմբեր 9-ի եռակողմ հայտարարության և միջազգային մարդասիրական իրավունքի պահանջները, հրատապ քայլերով ապահովել հումանիտար օգնության հասանելիությունը դրա կարիքն ունեցող մարդկանց համար:

Կոնգրեսականները նախագահից գործուն քայլեր են պահանջում

Բողոքի հայտարարություններով են հանդես եկել ամերիկացի մի շարք օրենսդիրներ՝ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատից Ֆրենք Փալոնը, Դոն Բեյերը, Գրեյս Մենը և ուրիշներ:

Փալոնը նշել է, որ ամիսներ շարունակ է ահազանգել Բաքվի կողմից արցախահայությանը սպառնացող ցեղասպանության վտանգի մասին: Ըստ կոնգրեսականների, Վաշինգտոնը պարտավոր է գործուն քայլերով, այդ թվում՝ պատժամիջոցներով ապահովել Լեռնային Ղարաբաղի բնակիչների անվտանգությունը:

Կոնգրեսականները վերստին ընդգծել են, որ անթույլատրելի է Ադրբեջանին պաշտպանության բնագավառում ամերիկյան օգնության տրամադրումը:

Լեմկինի ինստիտուտն ահազանգում է ցեղասպանության մասին

Ցեղասպանության վերահաս վտանգի մասին է ահազանգում Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը:

«Լեռնային Ղարաբաղի բնակիչները ոչ միայն 9-ամսյա շրջափակման են ենթարկվել, այլև հայտնվել են օդային հարվածների, ԱԹՍ-ների գրոհների տակ, հզոր տերությունները պետք է դրա դեմն առնեն և ընդգծեն, որ հետագա ագրեսիա չեն թույլատրի և դա անեն հասանելի բոլոր գործիքներով, այլապես պատասխանատվություն են կրելու այդ ցեղասպանության համար»,- ասվում է ինստիտուտի հայտարարությունում:

Մինչդեռ, ըստ Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Օկամպոյի, այս ցեղասպանությունը հնարավոր է մեկ օրում կասեցնել, դրա համար ընդամենը բավական կլինի, որ այս հարցում համագործակցեն ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահները:

«Մեկ օրում վտանգը կկանխվի, եթե համագործակցեն ԱՄՆ և Ռուսաստանի նախագահները»

«Աշխարհի ուշադրության կենտրոնում Ուկրաինայի պատերազմն է, Ալիևն օգտվում է դրանից և ցեղասպանություն է իրականացնում: Հայերի դեմ ցեղասպանությունը չպետք է դառնա Ուկրաինայի պատերազմի անուղղակի հետևանքը»,- X-ում գրել է Օկամպոն:

Այս լարված իրավիճակին ուշադրությամբ հետևում է նաև հարևան Իրանը: Երեկ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի ընթացքում տեղի է ունեցել Հայաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի և Հոսեյն Ամիր Աբդոլահիանի հանդիպումը:

Թեհրանում կարևորում են սահմանների անխախտելիությունը

«Իրանը Ղարաբաղը ճանաչում է որպես Ադրբեջանի տարածք, սակայն կողմերի միջև տարաձայնությունները պետք է հանգուցալուծվեն երկխոսությամբ և քաղաքական ճանապարհով», - հանդիպումից հետո X-ում գրել է Աբդոլահիանը։

Թեհրանը բազմիցս է ընդգծել, որ հարևանների հետ սահմանները պետք է պահպանվեն հենց այսօրվա տեսքով, հատկապես այդ խոսույթն ակտիվացել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին Բաքվում և Անկարայում ընթացող քննարկումների և հնչող պահանջների կապակցությամբ:

Թեհրանում Իրանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարներ Մոհամադ Աշթիանիի և Սերգեյ Շոյգուի հանդիպման ընթացքում իրանական կողմը ևս մեկ անգամ ընդգծել է Հարավային Կովկասի երկրների տարածքային ամբողջականության և միջազգային սահմանների անխախտելիության պահանջը:

XS
SM
MD
LG