Այսօր Կոռնիձոր էր այցելել ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի աշխատակազմի ներկայացուցիչներ Սառա Արքինի և Դեմիան Մերֆիի ղեկավարած պատվիրակությունը։ Կոռնիձորում արդեն երկրորդ շաբաթն է անշարժ կանգնած է Հայաստանից Արցախ հումանիտար բեռ տեղափոխող շարասյունը։
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը նրանց տեղում ծանոթացրեց իրավիճակին։ Ամերիկյան պատվիրակության անդամները լրագրողների հետ զրուցել չցանկացան։
Ըստ Սյունիքի մարզպետարանի՝ ԱՄՆ-ի Սենատի ներկայացուցիչները Հայաստան են եկել հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսի հանձնարարությամբ։
Հայաստանի կառավարության որոշմամբ, հուլիսի 26-ի առավոտյան մոտ 400 տոննա մարդասիրական բեռներով 19 բեռնատար Երևանից շարժվել է դեպի Արցախ, հասել Սյունիքի Կոռնիձոր, որտեղից, ըստ պայմանավորվածության, պետք է ռուսական կողմի միջոցով տեղափոխվեր Արցախ։ Սակայն հայկական կողմը պնդում է, որ մինչև այսօր ռուսական խաղաղապահ ուժերից պատասխան չի ստացել։
Դեռևս հայտնի չէ, թե որքան ժամանակ այս ավտոշարասյունը կանգնած կմնա Կոռնիձորում։
Ավելի վաղ պաշտոնական Բաքուն Հայաստանի կառավարության կողմից առանց իրենց համաձայնության ավտոշարասյուներ Լեռնային Ղարաբաղ ուղարկելը «սադրանք» և «ոտնձգություն» էր որակել իր տարածքային ամբողջականության նկատմամբ։
Հուլիսի 27-ից մինչև այսօր Կոռնիձոր՝ հայկական անցակետի մոտ տեղակայված մարդասիրական բեռների մոտ են եկել դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցիչները, ինչպես նաև միջազգային ՀԿ-ների ներկայացուցիչներ։
Այսօր նաև ՄԱԿ-ի փորձագետներն են հանդես եկել հայտարարությամբ, որով կոչ են արել Ադրբեջանին վերացնել Լաչինի միջանցքի շրջափակումը և դադարեցնել ճգնաժամը Լեռնային Ղարաբաղում։
«Մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը պահպանել իր միջազգային պարտավորությունները՝ հարգելու և պաշտպանելու մարդու իրավունքները, ներառյալ՝ սննդի, առողջության, կրթության և կյանքի իրավունքը: Մենք նաև ընդգծում ենք համագործակցության և երկխոսության կարևորությունը բոլոր ներգրավված կողմերի միջև՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը խաղաղ և կայուն լուծում գտնելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ։
ՄԱԿ-ի փորձագետների հայտարարությանը հաջորդել է Ադրբեջանի արտգործնախարարության հայտարարությանը․ Բաքուն նախ այն «կողմնակալ» է համարել, ապա պնդել, թե նրանք «ենթարկվում են Հայաստանի մանիպուլյացիաներին»։
«Մտահոգիչ է, որ 30 տարի Ադրբեջանի տարածքների գրավման, մեկ միլիոն փախստականների և հարկադիր տեղահանվածների մարդու իրավունքների ոտնահարման վրա աչք փակած ՄԱԿ-ի հատուկ զեկուցողներն ու փորձագետները, խաբվելով ու ենթարկվելով Հայաստանի մանիպուլյացիաներին՝ հանդես են գալիս կողմնակալ հայտարարություններով»,- նշված է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրությունում։