Մատչելիության հղումներ

«Բեռնատարները շարունակելու են մնալ այստեղ». միջազգային կառույցների ներկայացուցիչներն այցելել են Կոռնիձոր


Երկրորդ օրն է դեպի պաշարված Արցախ հումանիտար օգնություն տեղափոխող բեռնատարներն անշարժ կանգնած են Կոռնիձորում՝ Լաչինի միջանցքի սկզբնամասում։ Հայաստանի կառավարության նախաձեռնությամբ՝ մարդասիրական բեռը պետք է տեղափոխվեր ռուսական խաղաղապահ զորակազմի միջոցով։ Ռուսական կողմից պատասխան դեռ չկա։

«Այս պահի դրությամբ դրական զարգացումներ, ցավոք սրտի, չկան», - ասաց Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը:

Կոստանյանը հենց բեռնատարների դիմաց հայտարարեց՝ մեքենաները շարունակելու են մնալ այստեղ այնքան, որքան անհրաժեշտ է՝ չհստակեցնելով, սակայն խոսքը օրերի, շաբաթների մասին է կամ գուցե քննարկվել է այլ սցենար։

«Պիտի փորձենք մեզ հասու բոլոր քաղաքական միջոցներով ապահովել Լաչինի միջանցքի բացումը: Բեռնատարները այս պահին շարունակելու են մնալ այստեղ», - ընդգծեց փոխարտգործնախարարը

Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի և միջազգային կառույցների ներկայացուցիչներն այսօր այցելել են հումանիտար շարասյան հատված։ Մինչև ճանապարհ ընկնելը բեռնատարները բացվել էին օտարերկրյա դիվանագետների ներկայությամբ, դեսպանները ծանոթացել էին ապրանքատեսակներին։

«Տասնյակ հազարավոր մարդիկ քաղցած, դեղորայքի անհրաժեշտություն ունեցող մարդիկ այն կողմում են, բեռներն այս կողմում: Կարող եք տեսնել ձեր աչքերով, թե ինչպես են իրենք եկել կամրջի վրա փակել ճանապարհը», - ասաց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը:

Սյունիքի մարզպետն է այսօր դիվանագետներին ներկայացրել իրավիճակը հենց տեղում. - «Ինչպես տեսնում եք, մեքենաներն այստեղ կանգնած են և անհնար է դառնում այս հումանիտար բեռների տեղափոխումը սահմանից այն կողմ, դեպի 120 հազար բնակիչները»:

Ադրբեջանը խոսում է ինտեգրացիայից՝ սովամահությա՞ն ճանապարհով, հարց բարձրացրեց մարզպետը։

«Ամբողջ երկայնքով՝ կարմջի մոտ տեղակայված են իրենց զորքերը: Այն մոտեցումը, որ մարդկանց ու երեխաներին սոված պահելու միջոցով ինչ-որ նպատակի են հասնում, չի կարող ընդունելի լինել ժամանակակից աշխարհում», - ընդգծեց Ղուկասյանը:

Մի շարք երկրների դեսպանատներ, այդ թվում՝ Միացյալ Նահանգներինը երեկ արդեն կոչ էին արել բոլոր պատասխանատու կողմերին ապահովել Լաչինի միջանցքի անխափան աշխատանքը՝ Արդարադատության միջազգային դատարանի որոշումներին համապատասխան։ Ճանապարհը բացելու հորդորներից բացի, արդյոք արտաքին գերատեսչությունից դեսպանների հետ քննարկվել է Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հարցը։

«Մենք բարձրաձայնում ենք Ադրբեջանի նկատմամբ քայլեր ձեռնարկելու կարևորությունը, ինչը թույլ կտա Ադրբեջանին ավելի կառուցողական դաշտ բերել ու անհրաժեշտ է, որպեսզի միասնական ճակատով միջազգային հանրությունը հանդես գա և հստակ ոչ միայն ազդակներ ուղղի Ադրբեջանի իշխանություններին, այլ նաև անհրաժեշտության պարագայում քայլեր ձեռնարկի, որոնք թույլ կտան ապահովել Լաչինի միջանցքով հումանիտար բեռի և ընդհանրապես մարդկանց բեռների ու մեքենաների անխափան անցումը», - ասաց ԱԳ փոխնախարարը:

Հարցին, թե եղե՞լ է նախաձեռնություն հայկական կողմից անձամբ դիմել Ադրբեջանին՝ այս բեռները Ստեփանակերտ հասցնելու համար, Կոստանյանը պատասխանեց, որ նախաձեռնություն չի եղել, սակայն, այս ամիսների ընթացքում՝ դեկտեմբերից, բոլոր հանդիպումների ժամանակ մշտապես հայկական կողմը բարձրացրել է Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցը։

Կառավարության երեկվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հումանիտար բեռների մուտքը թույլ չտալը Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում ցեղասպանության մտադրություն որակեց։ Չուշացավ Բաքվի արձագանքը. Արտգործնախարարությունից հայտնեցին՝ «եթե հայկական կողմն աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը ոչ միայն խոսքով, այլև գործով, ապա պետք է խուսափի սադրիչ քայլերից, աջակցի ադրբեջանական կողմի առաջարկած Աղդամ-Ստեփանակերտ և մյուս այլընտրանքային ճանապարհներին»։ Արցախը մերժում է ադրբեջանական առաջարկը։

Ի դեպ, դիվանագետներն այսօր Սյունիքում հանդիպել են նաև տեղահանված արցախցիների հետ, հանդիպումը փակ է եղել, մանրամասներ չեն հաղորդվում։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG