Մատչելիության հղումներ

Արցախն արագորեն գլորվում է անվտանգային ու հումանիտար աղետի անդունդը. Արտակ Բեգլարյան


6-րդ օրն է ո'չ ռուս խաղաղապահները, ո'չ էլ Կարմիր խաչը հնարավորություն չունեն դեղորայք, սնունդ հասցնել Ստեփանակերտ, ծանր վիճակում գտնվող հիվանդներին Երևան չեն կարողանում տեղափոխել։

Միջազգային հանրությունը, ըստ Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանի, պետք է հրատապ քայլեր ձեռնարկի, կանխի վերահաս վտանգը, ոչ թե մեկը մյուսի վրա գցի պատասխանատվությունը. - «Հույս կա, որ առաջիկայում որոշակի նոր դատական ակտեր կլինեն, որը լրացուցիչ չափով միջազգային ճնշումը կմեծացնի Ադրբեջանի հանդեպ»։

6-րդ օրն է ո'չ ռուս խաղաղապահները, ո'չ էլ Կարմիր խաչը հնարավորություն չունեն դեղորայք, սնունդ հասցնել Ստեփանակերտ, ծանր վիճակում գտնվող հիվանդներին Երևան չեն կարողանում տեղափոխել։ Հակարիի անցակետը ադրբեջանական կողմը փակ է պահում մարդասիրական բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների համար։ Այն օրից, երբ ձախողվեց իրենց դրոշը կամրջից դեպի Կոռնիձոր տանող հատվածում տեղադրելու փորձը, Արցախում ապրողները ամբողջական մեկուսացման մեջ են։

«Ոչ մի դրական բան ոչ լսում եմ, ոչ էլ տեսնում եմ։ Ուղղակի էն որ ասում ա՝ հույսը վերջում ա մեռնում, մենք մեզ հույս տալով ապրում ենք՝ հույս ունենալով, որ գոնե մի դրական բան դեպի մեր կողմը կլինի», - ասում է Ստեփանակերտի բնակիչ Վիկտորյա Պետրոսյանը։

Վիկտորյան երեք երեխաների մայրիկ է, փոքրը՝ Աստղիկը գրեթե Արցախի բլոկադայի տարիքին է, շուտով 7 ամսական կլինի։ Վիկտորյայի խոսքով, անցակետի փակումը արդեն դատարկում է խանութները. - «Հացի խնդիրը..; օրվա առաջին կեսին կարողանում ենք հաց առնել։ Պետք է այնպես անենք, որ երեկոյան հացի խնդիր չունենանք։ Երևի թե ուղղակի խնայողաբար են օգտագործում ալյուրը, որպեսզի ավելի երկար ձգենք»։

Միրգ, բանջարեղեն, ձեթ և շաքարավազ Ստեփանակերտում արդեն չի ճարվում. - «Եթե մինչև հիմա մենք տարվա այս եղանակին համարյա ամեն մի մրգից մուրաբա, այլ պահածոներ էին պատրաստում, այսօր մենք չենք էլ մտածում նույնիսկ այդպիսի բանի մասին։ Որովհետև նույնիսկ նախաճաշի թեյի համար շաքարավազը քչություն է անում»։

Բենզին, դիզվառելիք չկա։ Օրեր առաջ պետնախարարը պաշտոնյաներին կոչ արեց ծառայողական մեքենաները չօգտագործել, եթե շատ պետք չէ, ասում է Վիկտորիան. - «Սեփական ավտոյով ինչ-որ տեղ գնալը բացառված է։ Մեջի եղած մեկ-երկու լիտր բենզինը պահում ենք ամենից դժվար պահերի համար»։

Մինչև հունիսի 15-ը, երբ Ադրբեջանը փակեց անցակետը, ռուս խաղաղապահների բեռնատարները որոշակի քանակով մթերք էին հասցնում Ստեփանակերտ։ Ինչո՞ւ իշխանությունը պետական պահուստ չի ձևավորել, որ մի քանի օր անց արդեն որոշ մթերքների սուր դեֆիցիտ է։ Այս օրերին Արցախի կառավարությանն այսպիսի մեղադրանքներ են ուղղում։

«Դատախազությունը պետք ա քրեական գործ հարուցի, որ անմիջապես ձերբակալվեն էդ մարդիկ, որովհետև էդ մարդիկ զբաղվել են մաշեննիկություններով։ Եթե չեք արել... եթե 120 հազար մարդ սոված, ասում եք՝ 3 օրվա ալյուր ա մնացել, ուզում եմ տեսնեմ ո՞վ ա դրա պատասխանատուն», - վրդովվում է «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը։

Նրա կուսակիցներից պատգամավոր Սեյրան Հայրապետյանը, ինչպես և Բաբայանը, պետնախարարին է մեղադրում. - «Պետնախարարը, փոխանակ բացատրություն տալու ժողովրդին, թե իր պաշտոնավարման ընթացքում ինչ է արել, որպեսզի ժողովուրդը սովի չմատնվի, հացի խնդիր չառաջանա, պահանջներ է առաջադրում միջազգային դերակատարներին, մարդու իրավունքներից է խոսում, աշխարհաքաղաքական «ռևերանսներ» է անում»։

Պատգամավորի այս գրառմանն արձագանքել են պետնախարարի աշխատակազմից՝ շեշտելով, թե պարենային անվտանգության հարցերը հանրայնացնել չեն կարող, նաև ակնարկելեն, թե ավելի շատ մթերք կկուտակեին, եթե մեղադրողների շրջապատը չփորձեր, օրինակ, գարեջուր բերել Արցախ. - «Իհարկե, մենք անհամեմատ ավելի լավ արդյունք կունենայինք, եթե պետական նախարարի աշխատանքը վերջին երեք ամսում ծանրաբեռնված չլիներ նաև պարոն Հայրապետյանին հավանաբար քաջածանոթ մի շարք անձանց կողմից Արցախ մսամթերք, հյութեր կամ գարեջուր ներկրելու ցանկությունները բավարարելու դեմ պայքարելու գործով»:

Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը քննադատությունը տեղին չի համարում. - «Ե'վ պետական պահուստներ ձևավորելու տեսանկյունից, և' գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպման տեսանկյունից բավականին աշխատանք տարվել է, թեև իհարկե, ավելի շատի կարիքը կա»։

Արտակ Բեգլարյանը հասկանալի պատճառով թվեր չի նշում, շեշտում է՝ այնպես չէ, որ հնարավոր էր մեծ ծավալի ապրանք ներկրել։ Ամեն դեպքում փորձել են առաջին անհրաժեշտության որոշ տեսականի կուտակել։ Այսօր արդեն դեֆիցիտ ձեթ ու շաքարավազ էլ կա. - «Խնդիր ունենք պահուստները պահել շատ ծայրահեղ վիճակներում օգտագործելու համար։ Քանի որ մեզ համար կանխատեսելի չէ ինչքան ժամանակ ինչ իրավիճակ կլինի, դրա համար եթե մի քանի օր է, որ որևէ ապրանքատեսակ խանութներում չկա, դա դեռ չի նշանակում, որ միանգամից պետական պահուստները պետք է սպառել»։

Վիկտորիան թեյի շաքարավազ դեռ ունի, հույս ունի, որ անորոշության զգացումը հուսահատություն չի դառնա. - «Ավելի շատ էդ անորոշ ու սպասողական վիճակն ա։ Հուսահատվելը ես երբեք իմ մեջ չեմ ընդունում, այդ զգացումը երբեք չկա։ Նաև դրա համար հույս ունեմ, որ չի էլ լինելու, այ էդ աստիճանի հույս ունեմ»։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG