Մատչելիության հղումներ

Բաքուն Երևանի՝ Արցախին հումանիտար օգնություն ուղարկելու քայլը կրկին «սադրանք» է որակում


Պաշտոնական Բաքուն հայկական կողմին մեղադրում է առանց իրենց հետ համաձայնության ավտոշարասյուններ Լեռնային Ղարաբաղ ուղարկելու մեջ, նշում, որ դա արվում է «մարդասիրական բեռի» անվան տակ։ Ադրբեջանական ԱԳՆ-ն սա «ոտնձգություն» ու «սադրանք» է անվանել «իր տարածքային ամբողջականության» հանդեպ։

«Այս սադրանքը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Հայաստանի հայտարարությունները «տարածաշրջանում հումանիտար լարված իրավիճակի» մասին ոչ այլ ինչ են, քան մանիպուլյացիաներն ու անօրինական գործողությունները շարունակելու այս երկրի մտադրությունը», - ասված է ադրբեջանական կողմի հայտարարության մեջ։

«Սնունդ կյանքի համար» 400 տոննա մարդասիրական օգնությունը, որն այսօր առավոտյան 19 բեռնատարով Երևանից շարժվել է դեպի Արցախ, հասել է Սյունիքի Կոռնիձոր գյուղ, որտեղ նախատեսված է բեռը ռուս խաղաղապահների միջոցով տեղափոխել 227 օր շրջափակման մեջ գտնվող արցախցիներին։

Դեռևս հայտնի չէ՝ ինչ ճակատագրի կարժանանա հումանիտար օգնությունը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ բեռնատարներն արդեն անցել են հայկական անցակետը, սակայն դեռևս այնտեղից չեն շարժվում:

Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը ևս Սյունիքում է՝ Լաչինի միջանցք տանող ճանապարհին։ Լրագրողների հետ զրույցում նա ասել է, որ հետևում է զարգացումներին՝ առանց իմանալու, թե ինչ է կատարվում։

Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարության մեջ նշել է, որ այս ամենին մասնակցել են նաև Հայաստանում Եվրամիության առաքելությունը և դիվանագիտական կորպուսը՝ «ցույց տալով, որ դա նախապես ծրագրված քայլ է»։

Հակարիի կամրջի վրա ադրբեջանական դրոշի տեղադրման միջադեպից հոտ՝ հունիսի 15-ից Արցախ ընդհանրապես որևէ բեռ չի մտել: Երեկ նաև ԿԽՄԿ-ն ահազանգեց՝ ոչ մի ճանապարհով ի վիճակի չէ օգնություն հասցնել տեղացիներին։ Այսօր արդեն հեղինակավոր Freedom House-ը կոչով դիմեց Ադրբեջանին՝ թույլ տալ Կարմիր խաչին անհրաժեշտ մարդասիրական օգնությունը փոխադրել։

Լաչինի միջանցքը դեկտեմբերից փակած Բաքուն առաջարկում է Աղդամով հումանիտար օգնություն տրամադրել արցախցիներին՝ միաժամանակ հայտարարելով, որ «հայկական կողմը կտրականապես մերժում է այս առաջարկը»։

Արցախ ուղարկվող բեռնատարներն այսօր բացվել են Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետների ներկայությամբ, դեսպանները ծանոթացել են ապրանքատեսակներին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG