Մատչելիության հղումներ

ԵՄ-ն վերահաստատում է աջակցությունը Լաչինի միջանցքի վերաբացմանը․ Բորել


Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը երեկ հեռախոսով քննարկել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ահագնացող հումանիտար ճգնաժամը:

Միրզոյանը շեշտել է Լաչինի միջանցքի արգելափակման անհապաղ վերացման հրամայականը՝ համաձայն Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի որոշումների, և ԼՂ սննդի, դեղորայքի և առաջնային անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարման հրատապությունը:

Ըստ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության՝ ընդգծվել է ԼՂ մուտք ունեցող միակ միջազգային հումանիտար կազմակերպության՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի լիարժեք և անխափան գործունեության ապահովման անհրաժեշտությունը։

Միրզոյանը միջազգային հումանիտար իրավունքի կոպտագույն խախտում է որակել Լեռնային Ղարաբաղից բժշկական նպատակով Հայաստան տեղափոխվող Վագիֆ Խաչատրյանի՝ Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների կողմից առևանգման դեպքը:

Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը վերահաստատել է ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի՝ միջազգային մեխանիզմի ներքո հասցեագրման կարևորության հարցում հայկական կողմի դիրքորոշումը: Ընդգծվել է միջազգային գործընկերների կողմից հստակ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը՝ կանխելու Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտմանն ուղղված գործողությունները։

Բորելն էլ հեռախոսազրույցի մասին Թվիթերում է գրառում կատարել՝ շեշտելով՝ Եվրամիությունը վերահաստատում է իր աջակցությունը Լաչինի միջանցքի շտապ վերաբացմանը՝ Լեռնային Ղարաբաղ հումանիտար օգնության փոխադրումը հնարավոր դարձնելու համար։

«Կարևոր է վերադառնալ անկեղծ երկխոսության՝ ներառյալ Բաքվի և Ղարաբաղի հայերի միջև»,- գրել է ԵՄ բարձր ներկայացուցիչը։

Ավելի վաղ Բորելը հայտարարել էր, որ «Եվրամիությունը խորապես մտահոգված է նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում բնակչության վրա ազդող լուրջ հումանիտար իրավիճակով»:

«Մենք ի գիտություն ենք ընդունել Ադրբեջանի իշխանությունների հայտնած պատրաստակամությունը՝ ապրանքներ մատակարարել նաև Աղդամ քաղաքով։ Սա չպետք է դիտարկվի որպես Լաչինի միջանցքի վերաբացման այլընտրանք», - ասել էր Եվրամիության բարձր ներկայացուցիչը։

Հայաստանը 19 բեռնատարներով մոտ 400 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել արդեն յոթ ամսից ավելի շրջափակման մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղ: Բեռնատարները Սյունիքի մարզի Կոռնիձոր գյուղի հատվածում հատել են հայկական անցակետը, սակայն դեռևս այնտեղից չեն շարժվում: Պաշտոնական Բաքուն Երևանի այս քայլը «սադրանք» է որակել և պնդել, թե «բրյուսելյան պայմանավորվածության համաձայն՝ Աղդամ-Խանքենդի (Ստեփանակերտ-խմբ.) ճանապարհը լիովին պատրաստ է բոլոր տեսակի ապրանքների առաքման համար»։ Հայաստանը հերքել է պնդումները, թե Բրյուսելում Հայաստանն ու Ադրբեջանը Աղդամի ճանապարհով մատակարարումներ իրականացնելու շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG