Մատչելիության հղումներ

Ադրբեջանն ապացուցում է, որ կեղտոտ խաղ էր խաղում և ստում էր այս բոլոր ամիսներին. Ալեն Սիմոնյան


Ադրբեջանն ապացուցում է, որ կեղտոտ խաղ էր խաղում և ստում էր այս բոլոր ամիսներին, հայտարարել է Հայաստանի խորհրդարանի նախագահը։

«Ամիսներ շարունակ Ադրբեջանը խաբում էր միջազգային հանրությանը՝ հավատացնելով, թե բաց է Լաչինի միջանցքը՝ դեպի շրջափակված Լեռնային Ղարաբաղ ու Լեռնային Ղարաբաղից մարդկանց և ապրանքների մարդասիրական տեղաշարժի համար», - գրել է նա Թվիթերում։

Ադրբեջանը Լաչինի միջանցքը փակեց պատճառաբանությամբ, թե իբր Հայաստանը այն օգտագործում է «ռազմական նպատակներով»։ 400 տոննա մարդասիրական օգնությունը երեկ առավոտյան 19 բեռնատարով Երևանից շարժվեց դեպի Արցախ, հասավ Սյունիքի Կոռնիձոր գյուղ, որտեղ նախատեսված է բեռը ռուս խաղաղապահների միջոցով տեղափոխել գրեթե 230 օր շրջափակման մեջ գտնվող արցախցիներին։ Սակայն, այն դեռևս միայն հայկական անցակետն է անցել ու կանգնել։ Չնայած դեսպանների ներկայությամբ դրա պարունակությունն ստուգվել է, պաշտոնական Բաքուն հայկական կողմին մեղադրել է առանց իրենց հետ համաձայնության ավտոշարասյուններ Լեռնային Ղարաբաղ ուղարկելու մեջ՝ նշելով, որ դա արվում է «մարդասիրական բեռի» անվան տակ։

«Միջանցքի մուտքի մոտ մարդասիրական բեռնատարների շարասյունը կանգնեցնելով ու արհամարհական հայտարարություն անելով այն մասին, թե «խաղն ավարտված է», Ադրբեջանն ապացուցում է, որ կեղտոտ խաղ էր խաղում և ստում էր այս բոլոր ամիսներին», - հավելել է Ալեն Սիմոնյանն իր գրառման մեջ։

Ադրբեջանի նախագահի օգնական Հաջիևն էր հայտարարել, թե «միջազգային հանրությունը պետք է հստակ ուղերձ հղի Աղդամ-Խանքենդի (Ստեփանակերտ-խմբ.) ճանապարհի օգտագործման և Ղարաբաղի հայ բնակչության՝ Ադրբեջանին վերաինտեգրվելու կապակցությամբ»։

«Այլ ճանապարհ չկա, խաղն ավարտված է»,- նշել էր նա։

Բաքվին Հայաստանի վարչապետն է նաև արձագանքել, ասելով, որ Լեռնային Ղարաբաղ ուղարկված 360 տոննա կենսական նշանակություն ունեցող սննդամթերքը բացառապես մարդասիրական նպատակներով է։

XS
SM
MD
LG