Հայաստանից մարդասիրական բեռով շարասյունը դեռ սպասում է Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղ մուտք գործելուն, Թվիթերում գրել է ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։
Նա նշել է, որ Ադրբեջանն այդպիսով անտեսում է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի՝ ԼՂ անարգել մուտքն ապահովելու իրավաբանորեն պարտավորեցնող հրամանը։
«Բացի այդ, Բաքվից անմարդկային ու ցինիկ հայտարարություններ են հնչում, թե խաղն ավարտված է», - գրել է Կոստանյանը։
400 տոննա մարդասիրական օգնությունը երեկ առավոտյան 19 բեռնատարով Երևանից շարժվեց դեպի Արցախ, հասավ Սյունիքի Կոռնիձոր գյուղ, որտեղ նախատեսված է բեռը ռուս խաղաղապահների միջոցով տեղափոխել 227 օր շրջափակման մեջ գտնվող արցախցիներին։
Դեռևս հայտնի չէ՝ ինչ ճակատագրի կարժանանա հումանիտար օգնությունը։ Բեռնատարներն արդեն անցել են հայկական անցակետը, սակայն դեռևս այնտեղից չեն շարժվում:
Պաշտոնական Բաքուն հայկական կողմին մեղադրել է առանց իրենց հետ համաձայնության ավտոշարասյուններ Լեռնային Ղարաբաղ ուղարկելու մեջ՝ նշելով, որ դա արվում է «մարդասիրական բեռի» անվան տակ։ Ադրբեջանի արտգործնախարարությունը սա «ոտնձգություն» ու «սադրանք» է անվանել «իր տարածքային ամբողջականության» հանդեպ։
Բաքվին Հայաստանի վարչապետն է արձագանքել՝ «Լեռնային Ղարաբաղ ուղարկված 360 տոննա կենսական նշանակություն ունեցող սննդամթերքը բացառապես մարդասիրական նպատակներով է»։