ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներն այսօր այցելել են Կոռնիձոր, որտեղ արդեն արդեն ինը օր է՝ անշարժ կանգնած է Հայաստանի կառավարության Արցախ ուղարկելիք մարդասիրական բեռներով շարասյունը։
Ի՞նչ քայլեր է ձեռնարկում ՄԱԿ-ը, որ բեռը տեղ հասնի. հենց բեռնատարների մոտ կայացած ճեպազրույցում Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) փոխտնօրեն Նաննա Սկաուն ուղիղ պատասխան չտվեց, միայն հույս հայտնեց, թե ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հայտարարությունը դրական արդյունք կտա։
«Ցավոք սրտի, այս պահի դրությամբ չեմ կարող ավելին ասել, քան այն հայտարարությունը, որ երեկ երեկոյան է թողարկվել և այսօր առավոտյան արդեն ժամը 5-ին հրապարակվել։ Ակնկալում ենք, որ այն հայտարարարությունը, որ հրապարակվել է, դրական արդյունքների կհանգեցնի», - նշեց նա։
Ավելի վաղ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն իր մտահոգությունն էր հայտնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի հետ կապված շարունակական մարտահրավերների մասին հաղորդումներով։ Ըստ Գուտերեշի խոսնակի՝ գլխավոր քարտուղարը վերահաստատել է իր հայտարարությունները Արդարադատության միջազգային դատարանի որոշումները կատարելու՝ Լաչինի միջանցքով անարգել տեղաշարժն ապահովելու անհրաժեշտության մասին։
«Մենք մեծ ակնկալիքներ ունենք, որ միջազգային հանրության ճնշումը Ադրբեջանի վրա հնարավորություն կտա վերաբացելու միջանցքը՝ թույլ տալու ձեր ետևում գտնվող հումանիտար բեռների մուտքը Լեռնային Ղարաբաղ, որին, իհարկե, կհետևեն այլ բեռներ», - հավելեց Արտգործնախարարության ներկայացուցիչ Դավիթ Կնյազյանը։
Անցած շաբաթ Հայաստանի կառավարությունը հայտարարեց, թե ըստ նախնական պայմանավորվածության՝ ավելի քան 400 տոննա բեռը պետք է ռուսական խաղաղապահ ուժերի միջոցով ուղարկվեր մոտ 8 ամիս շրջափակված Արցախ։ Պաշտոնյաները ավելի քան մեկ շաբաթ է՝ նույն բանն են ասում՝ հայկական կողմը ռուսական խաղաղապահ զորակազմից պատասխան չի ստացել։
Այդ դեպքում ի՞նչ է պատրաստվում անել Հայաստանի կառավարությունը, եթե Ադրբեջանը շարունակի արգելել հումանիտար օգնության տեղափոխումը Արցախ. Դավիթ Կնյազյանը, որ ուղեկցում էր ՄԱԿի ներկայացուցիչներին, պատասխանեց, որ օգտագործում են ամբողջ գործիքակազմը միջազգային կառույցներին խնդրի կարգավորմանը ներգրավելու համար. - «Ամբողջ գործիքակազմը, որը մեր տրամադրության տակ է՝ որպես ինքնիշխան պետության, մենք օգտագործելու ենք՝ ապահովելու համար Լաչինի միջանցքի վերաբացումը։ Նման գործիքները շատ են, մենք հետևողական կերպով դրանք օգտագործում ենք, գործի ենք դնում ըստ անհրաժեշտության։ Նպատակն է ուժեղացնելու, ահագնացնելու միջազգային ճնշումը Ադրբեջանի վրա»։
Արդեն Գորիսում ՄԱԿ-ի ներկայացուցիչները հանդիպեցին Լաչինի միջանցքի փակման պատճառով Հայաստանում մնացած արցախցիների հետ։ Վերջիններս հույս հայտնեցին, որ միջազգային կառույցները կանեն հնարավորը Լաչինի միջանցքի վերաբացման հարցով։
Արցախցի 17-ամյա Գարի Հաշումյանը Ռուսաստանից վերադառնալուց հետո մնացել է Գորիսում։ Ավելի քան 2 ամիս է՝ Գորիսի հյուրանոցներից մեկում սպասում է միջանցքի բացմանը։ Ծնողներն Արցախից ամեն օր զանգում են. զրույցները հիմնականում առանց այն էլ սպառվող սննդի, հատկապես հացի հերթերի մասին են, - «Հացի խնդիրը շատ դժվար ա, հացն էլ ա ուժե շատ դժվար։ Հացին շատ են սպասում, 7 ժամ սպասում են, որ հաց տան, հերթ ա լինում։ Տենց շատ խնդիրներ կան»։
Արցախում մնացած փոքր եղբայրն էլ իրենից քաղցրավենիք է խնդրում. - «Ուզում ենք, որ ճանապարհը բացվի, էրթանք մեր տները։ Խաղաղություն լինի», - ասաց երիտասարդ արցախցին։