Երրորդ օրն է՝ շրջափակված Արցախ մարդասիրական բեռներ տեղափոխող մեքենաները կանգնած են Կոռնիձորում՝ հայկական անցակետի մոտ։
Լեռնային Ղարաբաղում ճգնաժամի կառավարման խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը լրագրողներին փոխանցեց, որ բեռների տեղափոխման գործընթացի հետ կապված նորություններ չկան։
«Ինչպես և ի սկզբանե հայտնվել էր, նախաձեռնությունը սկսվել էր՝ սահմանված կարգով այդ մասին դիմում ներկայացնելով (ռուսական կողմից- խմբ.), և այս դիմումի պատասխանի մասով այս պահին նորություն հայտնել չեմ կարող», - նշեց նա։
Վարչապետի օգնական Հակոբ Աբրահամյանի ուղեկցությամբ այսօր բեռների մոտ եկավ Շվեդիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Արին Կարապետը։ Նա լրագրողներին ասաց, որ եկել է անձամբ տեսնելու ադրբեջանական կողմից հումանիտար բեռների տեղափոխման խոչընդոտելը։
«Ինչքան որ բեռները այստեղ կանգնեն, ցույց կտա, որ Ադրբեջանը չի ուզում խաղաղություն; Իրոք ուզո՞ւմ է խաղաղություն, ուզո՞ւմ է այս հարցը լուծի, թող էս բեռները անցնեն, մարդիկ գոնե սովից չմեռնեն», - նշեց նա։
Արին Կարապետն անհամատեղելի համարեց Ադրբեջանի կողմից խաղաղության կոչերն ու 120 հազար մարդու սովի մատնելուն ուղղված քայլերը։ Պատգամավորը նշեց, որ հումանիտար բեռի Արցախ տեղափոխումը պետք է անհապաղ կատարվի, ու միջազգային կառույցներն այդ գործում պետք է արագ որոշումներ կայացնեն։
Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը երեկ բեռնատարների դիմաց հայտարարել է՝ մեքենաները շարունակելու են մնալ այստեղ այնքան, որքան անհրաժեշտ է՝ չհստակեցնելով, սակայն, արդյոք խոսքը օրերի, շաբաթների մասին է։
400 տոննա մարդասիրական օգնությունը հուլիսի 27-ի առավոտյան 19 բեռնատարով Երևանից շարժվել է դեպի Արցախ, հասել Սյունիքի Կոռնիձոր գյուղ, որտեղ նախատեսված էր բեռը ռուս խաղաղապահների միջոցով տեղափոխել 230 օր շրջափակման մեջ գտնվող արցախցիներին։ Սակայն, այն դեռևս միայն հայկական անցակետն է անցել ու կանգնել։ Չնայած դեսպանների ներկայությամբ դրա պարունակությունն ստուգվել է, միջազգային կառույցների ներկայացուցիչները նաև երեկ տեղում են եղել, պաշտոնական Բաքուն հայկական կողմին մեղադրել է առանց իրենց հետ համաձայնության ավտոշարասյուներ Լեռնային Ղարաբաղ ուղարկելու մեջ՝ նշելով, որ դա արվում է «մարդասիրական բեռի» անվան տակ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հումանիտար բեռների մուտքը թույլ չտալը Ադբրեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում ցեղասպանության մտադրություն է որակել։