«Ազատություն». - Դուք արդյո՞ք առաջընթաց կանվանեիք քառակողմ հանդիպման արդյունքներով ընդունված հայտարարությունը։
Կոնջորյան. - Հղումը Ալմա Աթային հռչակագրի վրա, որը Հայաստանի հենց միջազգայնորեն ճանաչված սահմանների մասին է, կարծում եմ, շատ կարևոր արձանագրում է։ Մանավանդ, երբ ասվում է, որ հետագա սահմանազատումը տեղի է ունենալու նաև այս հիմքի վրա, ինչը նշանակում է, որ Ադրբեջանի այն երևակայական պատմական քարտեզները, որի վրա ինքը հղում է անում, այդ նաև որոշակի տարածքային պահանջների նպատակով, ի չիք են դառնում։ Որովհետև սա փաստացի արձանագրումն է հենց այդ 29 հազար 800 քառակուսի կիլոմետր միջազգայնորեն ընդունված սահմանների։ Ավելին՝ երբ որ խոսվում է, որ նաև պիտի հայտարարության համաձայն նաև ԵՄ քաղաքացիական առաքելությունը գա Հայաստան, և պիտի գա հենց էդ սահմանների մոտ, որովհետև դրանից վերև արդեն արձանագրվել ա, թե սահմանները որ սահմաններն են։ Հետևաբար, նա պիտի գա և դիտարկի հենց էդ սահմանները, ու ես կարծում եմ, որ սա չափազանց կարևոր մեկնակետ է։ Իհարկե, մենք պիտի, բնականակաբար, սրա վրա շարունակենք աշխատել և զարգացնել։
«Ազատություն». - Բայց դուք չեք ասում, որ Ադրբեջանն ասել է՝ ԵՄ քաղաքացիական էդ դիտորդների հետ կաշխատենք այնքան, որքանով դա մեզ է վերաբերում, ինչը կարող է ենթադրել, որ հետ չեն քաշվելու և ասելու են սա մեր տարածքն է։
Կոնջորյան. - Ադրբեջանական զորքերի օր առաջ Հայաստանի սուվերեն տարածքից դուրս բերելու պահանջը միջազգային շարունակում է լինել օրակարգում, մեր առաջնային օրակարգն է, և աշխարհը, ըստ էության, էս հարցի շուրջ ունի կոնսենսուս, կարելի է ասել, և բազմաթիվ երկրներ շատ աներկբա պահանջ են դրել Ադրբեջանի առջև, որպեսզի Ադրբեջանը դուրս բերի իր զորքերը Հայաստանի ինքնիշխան տարածքից։ Օրեր առաջ նաև Միացյալ Նահանգների դեսպանը ԵԱՀԿ-ում ևս վերահաստատեց Միացյալ Նահանգների այս դիրքորոշումը։ Եվ սա շատ կարևոր է, ու մենք շարունակելու ենք էս ուղղությամբ աշխատել։ Սա բացարձակապես օրակարգից չի կարող որևէ շեղում տեղի ունենալ՝ Ադրբեջանի պիտի օր առաջ դուրս բերի իր զորքերը Հայաստանի ինքնիշխան տարածքից։ Ալմա Աթայի հռչակագրին հղում անելը և էդ հանձնառությունը ստանձնելը ինքնըստինքյան արդեն նշանակում է, որ Ադրբեջանը ինքն էլ խոստովանում է, որ ագրեսիա է իրականացրել և օկուպացրել է Հայաստանի ինքնիշխան տարածքը։
«Ազատություն». - 29 հազար 800-ի թեման ամփոփելով՝ անկլավների հարցն է՞լ է փակվում։
Կոնջորյան. - Մենք հայտարարել ենք մի քանի անգամ, որ մենք չունենք որևէ քարտեզ կամ որևէ փաստաթուղթ, որտեղ որ ընդհանրապես անկալվների վերաբերյալ իրավական հիմքեր լինեն։ Հետևաբար, էս պահին մենք չենք կարող քննարկել մի բան, ինչը չունի իրավական հիմքեր։
«Ազատություն». - Այսինքն՝ Երևանի դիրքորոշումն է թողել այնպես, ինչպես հիմա կա։
Կոնջորյան. - Երևանի դիրքորոշումն է, որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը և միջազգայնորեն ճանաչված 29 հազար 800 քառակուսի կիլոմետրը անձեռնմխելի է։
«Ազատություն». - Ո՞ւր է մնում Արցախը։ Քառակողմ հայտարարությունում չկա հիշատակում, և սա մտահոգություններ է առաջացրել։
Կոնջորյան. - Այո, քառակողմի մեջ չկար, բայց օրեր առաջ Միրզոյան - Բայրամով հանդիպումը Ժնևում տեղի ունեցավ, և էդ հանդիպման արդյունքում մեր ԱԳՆ-ն հրապարակեց հայտարարություն, որտեղ մասնավորապես նշվում է Բաքվի և Ստեփանակերտի միջև ուղիղ կապի միջազգային մեխանիզմներ ներդնելու անհրաժեշտության մասին, որ իրենք իրար հետ ուղիղ սկսեն քննարկել։ Եվ դա մեր օրակարգում է։ Այսինքն՝ եթե որևէ հայտարարությունը ինքը ամբողջությամբ չի ծածկում օրակարգի բոլոր հարցերը, դեռ չի նշանակում, որ օրակարգից էդ հարցերը դուրս են մնացել, որովհետև դրանից երկու օր առաջ կամ հինգ օր առաջ մեկ այլ բարձրաստիճան հանդիպման ժամանակ հասցեագրվել են էդ հարցերը։ Արցախի և մեր արցախցի եղբայրների ու քույրերի անվտանգության և իրավունքների հարցը երբեք չի կարող դուրս գալ մեր օրակարգից։
«Ազատություն». - Բայց դա միայն Երևանի հայտարարություններում է լինում, էդ ձևակերպումը։ Ադրբեջանը նման բան չի ասում, ավելին, ասում է՝ երրորդ որևէ մեկի հետ չեմ խոսելու Ղարաբաղի հայերի մասին, մեր քաղաքացիներն են...
Կոնջորյան. - Բանակցությունները հենց դրա մասին են, որպեսզի մենք կարողանանք մեր դիրքորոշումները նաև դարձնել ոչ միայն մեր դիրքորոշումները։
«Ազատություն». - Որքանո՞վ է դա իրատեսական։ Ես նկատի ունեմ Ստեփանակերտ - Բաքու երկխոսությունը։ Որ եթե Երևանին չի հաջողվում՝ կարգավիճակի հարց բարձրացնել, ինչպե՞ս է դա անելի Լեռնային Ղարաբաղը միայնակ։
Կոնջորյան. - Ես կարծում եմ, որ միջազգային հանրության համար շատ ընկալելի է, երբ գետնի վրա ապրող մարդիկ իրենք մասնակից լինեն իրենց իրավունքների ու անվտանգության և իրենց կյանքի ու ճակատագրի քննարկմանը։ Եվ մենք պիտի կարողանանք հենց էս տեսանկյունից աշխարհին ներկայացնել։ Մենք մշտապես, ընդ որում՝ տասնամյակներ շարունակ, ասել ենք, որ Լեռնային Ղարաբաղի հարցը տարածքայի վեճ չէ, դա մարդու իրավունքների մասին հարց է։ Հետևաբար, մենք էս համատեքստում շարունակելու ենք կարևորել իրավունքներն ու անվտանգությունը և անելու ենք ամեն բան, որպեսզի հասնենք նրան, որ նաև էդ միջազգային մեխանիզմները արդյունավետորեն ներդրվեն և աշխատեն։
«Ազատություն». - Կա՞ն միջազգային շրջանակներից առնվազն ազդակներ դրա... որ գոնե էդ միջնորդությունը կստանձնեն։
Կոնջորյան. - Ես կարծում եմ, որ դրա համար կան բավականին լավ հիմքեր, բայց ժամանակը ցույց կտա։ Բնականաբար, շատ ծանր աշխատանքն է։
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.