«Քարնեգի» հիմնադրամի առաջատար վերլուծաբան, Ղարաբաղյան հակամարտության գիտակ Թոմաս դը Վաալն ընդգծում է՝ Միացյալ Նահանգները դրական դեր է խաղում Հայաստանի դեմ Ադրբեջանի նոր հարձակումները զսպելու գործում:
«Դրական է, որ մենք տեսել ենք Վաշինգտոնի, կարելի է ասել, արտաքին քաղաքականության ոլորտի երկու բարձրաստիճան պաշտոնյաների՝ Էնթոնի Բլինքենի և Ջեյք Սալիվանի անձնական ներգրավվածությունը: Մի քանի ամիս առաջ տեսանք նաև Ուիլյամ Բըրնսի բավականին խորհրդավոր այցելությունը. գուցե դա ուղղակի կապված չէր հակամարտության հետ, բայց նա անշուշտ մեկն է, որ բավականին լավ է հասկանում այդ հարցը: Նշեմ նաև, որ նա իմ նախկին ղեկավարն է, «Քարնեգի» հիմնադրամի նախկին նախագահն է», - ասաց դը Վաալը «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման եթերում:
«Այնպես որ, ամերիկացիները գիտեն այս հարցը, կենտրոնացած են դրա վրա», - նշեց վերլուծաբանը՝ շարունակելով. - «Նրանց լծակներն այնքան էլ հզոր չեն, բայց կարծում եմ, անշուշտ, ամերիկացիները հասկացնում են, որ իրենց մեծապես կզայրացնի, եթե Ադրբեջանի կողմից ռազմական գործողություն լինի»:
Դը Վաալը վստահ չէ, թե դա լուրջ ռազմական գործողություն կլինի՝ «Ալիևն իր ռազմական գործողությունները սահմանափակեց փոքր ծավալով». - «Մենք դա տեսանք գարնանը՝ Ղարաբաղում, տեսանք օգոստոսին՝ Լաչինի շրջանում, և տեսանք 2020 թվականից հետո ամենալուրջ այս մարտական գործողությունները սեպտեմբերին: Այսպիսով՝ մարտական գործողությունները միշտ տևել են երկու-երեք օր, իսկ հետո՝ դադար: Կարծում եմ՝ դա ինքնին վատ է, քանի որ թուլացնում է խաղաղ գործընթացը, խաթարում կարգավորման հնարավորությունները, և իհարկե՝ հիմնականում այն պատճառով, որ մարդիկ են զոհվում: Բայց ես չեմ կարծում, որ մենք նոր լայնածավալ պատերազմի շեմին ենք, և այստեղ, կարծում եմ, միջազգային հակազդեցությունը ուժեղ կլիներ»:
Նա ընդգծեց, որ «նաև ռուսները կան գետնի վրա՝ նրանք և՛ Հայաստանում են, և՛ Ղարաբաղում». - «Այնպես որ, եթե իրավիճակը ավելի լրջանա, ապա Ռուսաստանը դժկամությամբ, բայց կներքաշվի հակամարտության մեջ որպես Հայաստանի ռազմական դաշնակից»:
«Խոսքը ավելի շատ Ադրբեջանի կողմից ուժի ու դիվանագիտության այս համադրության մասին է, որ նա օգտագործում է, որպեսզի փորձի հասնել նախագահ Ալիևի պատկերացրած արդյունքներին», - ասաց դը Վաալը:
«Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդաշարի հոկտեմբերի 9-ի թողարկումը կարող եք դիտել այստեղ.