Մատչելիության հղումներ

Քառակողմ հայտարարությամբ, Հայաստանն, ըստ էության, ճանաչում է Արցախն Ադրբեջանի կազմում․ Թաթուլ Հակոբյան


Քառակողմ հանդիպման արդյունքներով ստորագրված հռչակագրով Հայաստանը, ճիշտ է, չի նշում, որ Արցախը համարում է Ադրբեջանի մաս, կամ Արցախը Ադրբեջան է և վերջ, բայց ըստ էության, ճանաչում է Արցախն Ադրբեջանի կազմում, «Ազատության» հետ զրույցում ասաց լրագրող, հրապարակախոս Թաթուլ Հակոբյանը՝ շեշտելով՝ Հայաստանի իշխանություններն այսօր ինչ ձևով էլ դա փորձեն ներկայացնել հանրությանը, ինչ բառապաշար էլ օգտագործեն, իրականությունը սա է։

Այն համարելով քաղաքական հայտարարություն՝ Հակոբյանն ընդգծեց՝ փաստացի Հայաստանը ճանաչում է 86,6 հազար քառակուսի կիլոմետր տարածքով Ադրբեջանը, իսկ Ադրբեջանը ճանաչում է 29,8 քառակուսի կիլոմետր տարածքով Հայաստանը։

Լրագրողը, սակայն, լավատես չէ, թե սա վերջն է և Ադրբեջանը կճանաչի 29,8 քմ տարածքով Հայաստանը, չի պահանջի միջանցք, դուրս կգա Հայաստանի տարածքից։

«Այո՛, ճիշտ է, որ Հայաստանը ժամանակին միացել է Ալմա-Աթայի հռչակագրին, ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին և սրանով իսկ իհարկե մենք ճանաչել ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց միշտ մի կարևոր բացառություն է եղել՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը ապագա բանակցությունների առարկա է», - ասաց լրագրողը՝ շարունակելով․

Պրահայի քառակողմ հանդիպումը, 6-ը հոկտեմբերի, 2022թ.
Պրահայի քառակողմ հանդիպումը, 6-ը հոկտեմբերի, 2022թ.

- «Հիմա այս քաղաքական հայտարարությամբ, փաստացի Հայաստանը, ճիշտ է, չի նշում Արցախը համարում է Ադրբեջանի մաս, կամ Արցախը Ադրբեջան է և վերջ, այդպես չի ասում, բայց ասում է, որ մենք ճանաչում ենք, ըստ էության, Արցախն Ադրբեջանի կազմում։ Եվ այսօր Հայաստանի իշխանություններն ինչ ձևով էլ, որ դա փորձեն ներկայացնեն հանրությանը, ինչ բառապաշար էլ օգտագործեն, իրականությունը սա է։ Այլ խնդիր է՝ մենք կարո՞ղ էինք այս պայմաններում ավելին ստանալ, թե՞ չէինք կարող։ Ես կարծում եմ, որ այս պայմաններում ոչ միայն ավելին չէինք կարող ստանալ, այլ ես կարծում եմ, որ սա դեռ վերջը չէ։ Հայաստանի իշխանություններն, իմ տպավորությամբ, մտածում են, որ սրանով վերջակետ դրեցին և փաստացի սրանով Ադրբեջանը կճանաչի 29 հազար 800 քմ տարածքով Հայաստանը, չի պահանջի միջանցք, դուրս կգա Հայաստանի տարածքից, ես այդքան լավատես չեմ»։

Հինգշաբթի ուշ երեկոյան Պրահայում կայացած քառակողմ հանդիպման արդյունքում համատեղ հայտարարություն ստորագրվեց՝ երկու կարևոր արձանագրմամբ։ Նախ՝ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ հանձնառություն հայտնելով ՄԱԿ-ի կանոնադրությանն ու Խորհրդային Միության փլուզումից հետո Ալմա Աթայում 1991-ին ստորագրված հռչակագրին։ Կողմերն ընդգծում են, որ սահմանազատումը կայանալու է հենց այդ հիմքով։ Բացի այդ, Հայաստանը համաձայնել է Եվրամիության քաղաքացիական առաքելություն տեղակայել Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով, Ադրբեջանը համաձայնել է համագործակցել՝ այնքանով, որքանով որ առնչություն կունենա դրա հետ։

Թաթուլ Հակոբյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG