Մատչելիության հղումներ

Բլինքենը Փաշինյանի ու Ալիևի հետ զրույցներում խոսել է Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների մասին


ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ: Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի հետ զրույցներում անդրադարձ է եղել հոկտեմբերի 6-ին Պրահայում Հայաստանի վարչապետի, Ֆրանսիայի նախագահի, Եվրոպայի խորհրդի նախագահի և Ադրբեջանի նախագահի քառակողմ հանդիպման արդյունքներին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Բլինքենն ընդգծել են ադրբեջանական զինված ուժերի` ՀՀ ինքնիշխան տարածքից դուրսբերման ու հրադադարի ռեժիմի պահպանման անհրաժեշտությունը, ասված է հայկական կողմի հաղորդագրության մեջ: Նաև կարևորվել է ՄԱԿ-ի կանոնադրության և 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի մշակման, սահմանազատման աշխատանքների իրականացման ու հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեության ապահովումը:

Զրույցների մասին Բլինքենը Թվիթերում գրառումներ է արել՝ նշելով, որ ողջունել է առաջընթացը երկու երկրների միջև պաշտոնական խաղաղության բանակցություններում։ Նա ևս մեկ անգամ շեշտել է, որ բանակցված համաձայնագիրը տևական խաղաղության միակ ճանապարհն է:

Բացի դա, Հայաստանի ղեկավարն ու Միացյալ Նահանգների պետքարտուղարը խոսել են Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության և իրավունքների պաշտպանությանը, Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների համար միջազգային մեխանիզմի ստեղծմանը, Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձի ապահովմանը վերաբերող հարցերից:

Ըստ Պետդեպարտամենտի հաղորդագրության՝ Ադրբեջանի նախագահի հետ զրույցում ևս Բլինքենը շեշտել է Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և երաշխիքների վերաբերյալ քննարկումների կարևորությունը:

Իլհամ Ալիևը, հիշեցնենք, հայտարարել է, որ չի պատրաստվում Արցախի հարցով քննարկում ծավալել որևէ երկրի, այդ թվում՝ Հայաստանի հետ, պնդելով, թե Արցախում ապրող «հայերը իրենց քաղաքացիներն են, և իրենք կորոշեն ինչպես խոսել նրանց հետ»: Քառակողմ հայտարարության մեջ Ղարաբաղի կամ այնտեղ ապրող հայերի մասին որևէ բառ չի ասվում։

Էնթոնի Բլինքենը հայտնել է ԱՄՆ պատրաստակամությունը՝ առաջիկայում ևս նպաստելու բանակցային գործընթացին ու Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանը:

Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան, ողջունելով հոկտեմբերի 4-ին Ադրբեջանի կողմից 17 ռազմագերիների վերադարձը Հայաստան, նախագահ Ալիևին կոչ է արել շարունակել շոշափելի քայլերը՝ աջակցելու խաղաղության գործընթացին:

Մոտ մեկ շաբաթ առաջ ամերիկյան կողմի նախաձեռնությամբ պետքարտուղարը հեռախոսազրույց էր ունեցել Հայաստանի և Ադրբեջանի իր գործընկերների հետ։ Արարատ Միրզոյանը, Էնթոնի Բլինքենն ու Ջեյհուն Բայրամովը իրենց տեսակետներն էին ներկայացրել Ժնևում կայացած Միրզոյան-Բայրամով հանդիպման վերաբերյալ:

XS
SM
MD
LG