Մատչելիության հղումներ

Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը Երևանում կքննարկի Պրահայի բանակցությունների արդյունքները


Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը Երևանում կքննարկի Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակն ու Պրահայի բանակցությունների արդյունքները։ Պատվիրակության կազմում են Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը, Արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը, Աժ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը և Արայիկ Հարությունյանի խորհրդական Մասիս Մայիլյանը։

Արցախի նախագահի մամուլի խոսնակն էր երեկ «Արցախպրես»-ին ներկայացրել պատվիրակության կազմն ու ասել, որ նպատակը Պրահայի քառակողմ հայտարարության քննարկումն է։ Արտգործնախարար Դավիթ Բաբայանի փոխանցմամբ՝ սպասվող հանդիպումների մասին խոսելը դեռ վաղ է։

«Դեռևս չգիտենք, եթե լինեն հանդիպումներ, էն ժամանակ կխոսենք: Էս պահի դրությամբ վաղաժամ է ինչ-որ բան խոսել», - ասաց Բաբայանը:

Արցախյան պատվիրակության այցը նախատեսվում է Ստեփանակերտում երկու օր շարունակվող հանրահավաքների ֆոնին։ Քաղաքացիները Արայիկ Հարությունյանից պարզաբանումներ են պահանջել Արցախի ճակատագրի վերաբերյալ։ Հանրահավաքի կազմակերպիչներից Տիգրան Պետրոսյանն այսօր ֆեսյբուքյան ուղիղ եթերում հայտարարել է, որ մի խումբ արցախցիներ կշարունակեն իրենց նստացույցն այնքան ժամանակ, քանի դեռ պատվիրակությունը Երևանից պարզաբանումներ չի ներկայացրել։ Պետրոսյանի տեղեկություններով՝ արցախցի պաշտոնյաները դեռ Երևան չի էլ մեկնել:

«Առ այսօր նրանք չեն մեկնել այդ հանդիպմանը և քանի որ անելիքներ շատ կան, այսինքն՝ այդ հանդիպման պատասխաններից կախված է մեր արտաքին քաղաքականության վեկտորը, մենք որոշում ենք կայացրել շարունակել մեր նստացույցը, մինչև նրանք գնան Երևան գան, մեզ հայտնեն՝ ինչ է կատարվել Պրահայում, ինչ է կատարվել Սանկտ Պետերբուրգում, վերջնականապես հասկանանք՝ ինչ կուրս է ընտրել Հայաստանը, որպեսզի մենք իմանաք՝ որտեղ ենք շարժվում, ինչ ուղղությամբ ենք շարժվում Արցախում», - ասաց Տիգրան Պետրոսյանը:

Պետրոսյանը կոչ է անում իրենց պայքարը չքաղաքականացնել։ Պարզաբանում է՝ իրենց անհանգստացրել է այն, որ հոկտեմբերի 6-ին Պրահայում ընդունված հայտարարությամբ Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Իսկ ի՞նչ է լինելու Արցախի հետ, սա է Արցախից հնչող հիմնական հարցը, «Ազատությանը» փոխանցեց նստացույց անող Տիգրան Պետրոսյանը։

«Եթե էդ կետերի մեջ ինչ-որ ենթակետ ավելացվի, որ Արցախի հարցն այլ հարթակում պետք է քննարկվի, ապա դա այլ բան, կամ էլ պետք է ավելացվի, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը որևէ կապ չունի Արցախի կամ Լեռնային Ղարաբաղի հետ», - ընդգծեց նա:

Այս ընթացքում մեկ անգամ չէ, որ Հայաստանի իշխանությունները հայտարարել են՝ բանակցային ցանկացած հարց քննարկվում և համաձայնեցվում է Արցախի իշխանությունների հետ։ Իր վերջին ճեպազրույցում նման պնդում էր արել նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Մշտապես իրենք ամեն ինչ իմացել են, ամեն ինչ, ամեն ստորակետրը, ամեն ձևակերպումը Արցախի իշխանությունները իմացել են», - նշեց Սիմոնյանը:

«Ազատության» հարցին՝ «իմացել և համաձայնե՞լ են, որ, օրինակ՝ խոսվի միայն Հայաստանի տարածքի մասին», ԱԺ նախագահը պատասխանեց. «Այո, տեղեկացվել և համաձայնվել են, որովհետև այլ տարբերակ իրականության մեջ չկար ու չէր կարող լինել»:

Արցախի բնակչությունը, սակայն ոչնչից տեղյակ չէ, հակադարձում է Պետրոսյանը. «Արայիկ Հարությունյանը մեր պահանջներին չի արձագանքում, կոնտակտի հանրության հետ չի դուրս գալիս, դրա փոխարեն Ազգային ժողովի նախագահն է հաճախ գալիս մեզ հետ հանդիպում, և այդ հանրային ճնշման հետևանքով նա զանգեց, ասաց, որ մեկնում են Երևան բանակցելու»:

Թե՛ Երևանից, թե՛ Ստեփանակերտից հնարավոր հանդիպումների մասին մանրամասներ դեռ չեն փոխանցում։ Հայաստանի Ազգային ժողովի իշխող խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն անգամն ասում է, որ մամուլից է տեղեկացել Արցախի պատվիրակության այցի մասին։

«Ես միայն մամուլում եմ դեռևս դրա մասին կարդացել, այլ տեղեկատվության դեռ չեմ տիրապետում», - նշեց Կոնջորյանը:

Արցախյան հանրահավաքների կազմակերպիչներից Տիգրան Պետրոսյանի փոխանցմամբ՝ մինչև պատվիրակության վերադարձը հանրահավաքներ չեն անի և իրենց հետագա անելիքները կախված է Ստեփանակերտ-Երևան հանդիպման արդյունքներից։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG