Մատչելիության հղումներ

Ֆրանսիայի նախագահի խորհրդականը և ԵԱՀԿ ՄԽ համանախագահը հանդիպում են Հայաստանի ղեկավարության հետ


Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը, Ֆրանսիայի նախագահի գրասենյակի խորհրդական Իզաբել Դյումոնը ու ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոն քննարկել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցեր:

Հայաստանի ԱԳՆ-ի փոխանցմամբ, անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցերի, մտքեր են փոխանակել հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպման վերաբերյալ:

«Ընդգծվել է ադրբեջանական զինված ուժերի՝ ՀՀ ինքնիշխան տարածքից անհապաղ դուրսբերման անհրաժեշտությունը, հայ ռազմագերիների հայրենադարձման, ինչպես նաև սահմանային իրավիճակի մշտադիտարկման և վերահսկման միջազգային մեխանիզմների ներդրման կարևորությունը: Այս համատեքստում քննարկվել են ԵՄ քաղաքացիական առաքելության վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությանը և առաքելության աշխատանքներին առնչվող հարցեր», - ասված է ԱԳՆ տարածած հաղորդագրությունում:

Հայաստանի արտգործնախարարը կարևորել է ադրբեջանական վերջին ագրեսիայի վերաբերյալ ֆրանսիական կողմի սկզբունքային դիրքորոշումը և Հարավային Կովկասում կայունության ու անվտանգության հաստատման ուղղությամբ Ֆրանսիայի ներդրած ջանքերը:

Ավելի ուշ նրանց ընդունել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ըստ կառավարության՝ կարևորվել է ՄԱԿ-ի կանոնադրության և 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի մշակման, ինչպես նաև սահմանազատման աշխատանքների իրականացման ու հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեության ապահովումը:

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և Իզաբել Դյումոնի հանդիպման ժամանակ քննարկվել են պաշտպանական ոլորտում հայ - ֆրանսիական համագործակցությանը, մասնավորապես` սեպտեմբերի 27-ին ՀՀ պաշտպանության նախարարի Ֆրանսիա կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանն առնչվող հարցեր:

Դյումոնը վերահաստատել է ֆրանսիական կողմի դիրքորոշումը, ըստ որի`ադրբեջանական զինված ուժերը պետք է դուրս բերվեն Հայաստանի ինքնիշխան տարածքից, իսկ առկա խնդիրները պետք է լուծվեն բացառապես խաղաղ ճանապարհով:

XS
SM
MD
LG